Ի՞նչ փոխհատուցում է սպասվում Շիրակի մարզի տուժված բնակիչներին. պարզաբանում է մարզպետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ Վահրամաբերդ, Մարմաշեն, Կապս համայնքների բնակիչները փակել էին համայնքներ տանող մարզային նշանակության ճանապարահատվածը` պահանջելով, որ մարզային իշխանությունների ներկայացուցիչներն այցելեն համայնքներ ու տեղում ծանոթանան կարկուտի հետևանքով կրած վնասների չափին:

Հիշեցնենք՝ բնակիչները բողոքում են, որ ամեն տարի համապատասխան մասնագետների կողմից հանձնաժողով է ձևավորվում, ուսումնասիրում են, հաշվում են համայնքաբնակների կրած վնասների չափը, սակայն ոչ մի փոխհատուցում:
Այս խնդրի շուրջ ArmLur.am-ը զրուցեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում տեղեկացրեց.«Խոսքը վերաբերվում է աջակցության, ոչ թե փոխհատուցման: Փոխհատուցում կլիներ այն դեպքում, երբ մարդիկ ապահովագրում են իրենց գույքը կամ ցանքատարածությունը: Այդ դեպքում բնական է, որ ապահովագրական ընկերությունները պետք է փոխհատուցեն»:
Մեր զրուցակիցը նշեց, որ կառավարությունը միշտ էլ իր հնարավորության սահմաններում աջակցություն ցուցաբերել է. «Կոնկրետ այս դեպքը ուսումնասիրում ենք, կտեսնենք, թե ինչ վիճակ է և ըստ դրա էլ քայլեր կձեռնարկենք:

Հովսեփ Սիմոնյանի փոխանցմամբ` անձրևի պատճառով հնարավոր չէ մտնել դաշտերը` ցանքատարածքները ստուգելու և վնասի չափն արձանագրելու համար. «Այսօր համայնքի ղեկավարների հետ խորհրդակցություն եմ անցկացրել, որտեղ որոշում է կայացվել այն մասին, որ երկու հակակարկտային կայաններ տեղադրվեն: Սկզբի համար գյուղերի բյուջեների հնարավորություններով մեկը կտեղադրենք Բյուրակն համայնքում»,-հավելեց Սիմոնյանը:

Սակայն Շիրակի մարզպետն այդպես էլ չնշեց, թե գյուղացիներին ինչ աջակցությունն է տրամադրվելու: Եվ արդյոք տրմադրվելու է, թե՞ ոչ:

Այսօր առավոտյան Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը հանդիպել է համայնքների ղեկավարների հետ: ArmLur.am-ն այս մասով զրուցեց Վահրամաբերդ համայնքի ղեկավար Աղվան Մարտիրոսյանի հետ` հասկանալու համար` ինչ հարցեր են քննարկվել հանդիպման ժամանակ: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ մարզպետարանի հանձնաժողովի հետ եկել էին նաև գյուղնախարարության վարչության պետը: Իսկ ինչ վերաբորւմ է փոխահատուցման խնդրին համայնքի ղեկավարը նշեց, որ այս պահին նման խոսակցություններ չկան:

Խոսեցինք նաև Կապս համայնքի ղեկավար Լորիկ Մկոյանի հետ, ով ասաց, որ մարզպետի հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նոր հակակարկտային կայաններ տեղադրվեն:

Լիդա Եղիազարյան




Լրահոս