Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստվում է 2014 թվականի աշխարհի ընտրական փուլի վերջին երկու խաղերին. Բուլղարիայի ընտրանու դեմ՝ տանը, Իտալիայի ընտրանու դեմ՝ Նեապոլում:
Երեկ՝ բաց մարզումից հետո, հավաքականի երեք ֆուտբոլիստներ՝ Էդգար Մալաքյանը, Հենրիխ Մխիթարյանը եւ Արտակ Դաշյանը, ճեպազրույցներ ունեցան ԶԼՄ ներկայացուցիչների հետ:
Էդգար Մալաքյանը երկրպագուներին կոչ արեց վատ չտրամադրվել Բուլղարիայի հետ հանդիպմանը. «Սպասելիքները շատ դրական են, պետք է ամեն ինչ անենք, որ լրացնենք տանը հաղթանակ տոնած չլինելու բացը: Ճիշտ է, կարեւոր է, թե մյուս խաղերում ինչ արդյունքներ կգրանցվեն, բայց տեսականորեն դեռ պահպանում ենք հաջորդ փուլ դուրս գալու շանսը: Բուլղարացիների դեմ դուրս ենք գալու ֆուտբոլ խաղալու, այլ ոչ թե կռվելու կամ էմոցիաներ ցուցադրելու»:
Ֆուտբոլիստի վերջին արտահայտությունը պատահական չէր. վերջին օրերին համացանցում հայտնվել են հոկտեմբերի 11-ին կայանալիք Հայաստան-Բուլղարիա հանդիպմանը նվիրված տեսահոլովակներ, որոնք հիմնականում պատրաստել են հայ ֆուտբոլասերները: Տեսահոլովակներից մի քանիսում նշվում է, որ Հայաստանը պատրաստ է վրեժ լուծել Բուլղարիայից նախորդ տարի Սոֆիայում կայացած կեղտոտ խաղի համար: Բանն այն է, որ 2012թ. սեպտեմբերին Բուլղարիայում տեղի ունեցած մրցավեճն աչքի ընկավ դեղին ու կարմիր քարտերով: Տանտերերի կազմակերպած սադրիչ գործողությունների արդյունքում մեր հավաքականից հեռացվեց Մարկոս Պիզելին, քիչ անց էլ Գեւորգ Ղազարյանը ստացավ կարմիր քարտ, երբ չկարողացավ զսպել զայրույթը եւ գնդակով հարվածեց գնդակ մատակարարող տղաներից մեկին, որը գնդակն ուշացումով տվեց: Իրենց շատ վատ պահեցին նաեւ բուլղարացի երկրպագուները, որոնք կազմակերպված կերպով վիրավորական արտահայտություններ արեցին Հայաստանի հասցեին: Խաղից առաջ էլ նրանք հարձակվել էին Սոֆիա մեկնած հայ ֆուտբոլասերներից մեկի վրա, սակայն միջադեպն արագորեն հարթվել էր, եւ գործը չէր հասել մարմնական վնասվածքների:
Ընդ որում, բուլղարացի ֆուտբոլասերները Սոֆիայում իրենց անվայել են պահել ոչ միայն Հայաստանի, այլեւ մի շարք այլ հավաքականների հետ հանդիպումներում, ինչի արդյունքում ՈՒԵՖԱ-ն մեծ տուգանքների է ենթարկել այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիային, իսկ Բուլղարիա-Մալթա հանդիպումն էլ անցկացվել է դատարկ տրիբունաների ներքո: Ի դեպ, Բուլղարիայի ֆուտբոլի ֆեդերացիան «Հանրապետական»-ում կայանալիք խաղի տոմսերի հայտ չի ներկայացրել, քանի որ բուլղարացի շատ քիչ ֆուտբոլասերներ են Հայաստան մեկնելու ցանկություն հայտնել:
ԽԱ՞Ղ, ԹԵ՞ ԿՌԻՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռ. ԹԱԹՈՅԱՆ