ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ի՞նչ ժամկետում է հաշմանդամ չճանաչելու մասին որոշումը հանձնվում անձին: Եվ խնդրւմ եմ ասեք՝ ընդհանրապես ի՞նչ ժամկետով է անձին սահմանվում հաշմանդամություն:
Ալիսա Ջահուկյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Ջահուկյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ հանձնաժողովի նախագահը բժշկասոցիալական փորձաքննություն անցած անձի կամ նրա ներկայացուցչի ներկայությամբ հրապարակում է հանձնաժողովի որոշումը: Անձին հաշմանդամ չճանաչելու մասին հանձնաժողովի որոշումը եռօրյա ժամկետում հանձնվում է դիմողին կամ նրա ներկայացուցչին:
1-ին խմբի հաշմանդամներին եւ «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցողներին հաշմանդամությունը սահմանվում է երկու տարի ժամկետով:
2-րդ եւ 3-րդ խմբի հաշմանդամներին հաշմանդամությունը սահմանվում է մեկ տարի ժամկետով:
Վերոնշյալ չափանիշներով պայմանավորված՝ անձին կարող է սահմանվել անժամկետ, իսկ «հաշմանդամ երեխա» կարգավիճակը՝ մինչեւ 18 տարին լրանալը:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ հաշմանդամ են համարվում այն քաղաքացիները, որոնք մտավոր կամ ֆիզիկական անլիարժեքությամբ պայմանավորված կենսագործունեության սահմանափակումների պատճառով սոցիալական օգնության եւ պաշտպանության կարիք են զգում: Անձի կենսագործունեության սահմանափակումներ են համարվում կողմնորոշման ու տեղաշարժման, հաղորդակցման, սեփական վարքագծի վերահսկման, ինչպես նաեւ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու ունակության լրիվ կամ մասնակի կորուստը: Ի դեպ, հաշմանդամների իրավունքների, ազատությունների եւ օրինական շահերի պաշտպանությունը ապահովվում է պետության կողմից դատական կամ օրենսդրությամբ նախատեսված այլ կարգով: Հաշմանդամների իրավունքների, ազատությունների եւ օրինական շահերի ոտնահարման մեջ մեղավոր պաշտոնատար անձինք եւ քաղաքացիները ենթակա են պատասխանատվության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով: