Շաբրովի կոմպլիմենտը և Նարեկ Մակարյանի հաղթանակը «Морской Узел» -ում. նոր մանրամասներ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ երգիչ Նարեկ Մակարյանը դարձել է 15-րդ հոբելյանական «Морской Узел 2016» միջազգային մրցույթի հաղթող: Երիտասարդ կատարողների ամենամյա երգի մրցույթը մեկնարկել էր հուլիսի 2-ին, Ռուսաստանում` Նովոռոսիյսկ քաղաքում: Մրցութային օրերին Նարեկը ներկայացրել է երկու երգ` «Երազ իմ երկիր» եւ «Քո սիրո համար»: Իսկ գալա համերգին նա կատարել է Առնո Բաբաջանյանի «Благодарю тебяե ստղծագործությունը: Նարեկը «Ժողովուրդ»-ի հետ կիսվեց իր տպավորություններով եւ պատմեց այնտեղ անցկացրած օրերի հետաքրքիր դրվագների մասին:

13620961_1087988524615546_3116326268976353731_n

Նա ուրախությամբ նշեց, որ ժյուրիի անդամների կողմից իր մասին հետաքրքիր կարծիքներ է լսել: Օրինակ` մի շարք ռուսական հիթերի խոսքերի հեղինակ, պոետ Միխայիլ Շաբրովը (նա հատկապես հայտնի է իր գրած «Լավանդա» երգով, որը կատարել է Սոֆիա Ռոտարուն) յուրահատուկ կոմպլիմենտ է արել Նարեկին. «Նա ասաց, որ իմ մեջ տեսնում է հայկական իմաստություն. դա շատ առանձնահատուկ հնչեց իր կողմից: Բացի այդ` ժյուրին նկատում էր, որ իմ մեջ լարվածություն չկար. ես պարզապես վայելում էի այդ օրերը, ոչ թե մրցում»,-մանրամասնեց երգիչը:
Նրա խոսքով` Նովոռոսիյսկ քաղաքում, որտեղ հայերը բավական մեծ թիվ են կազմում, իրեն բավական լավ են ընդունել. «Ինձ շատ ուրախացրեց այն հանգամանքը, որ մեր հայրենակիցները հետաքրքրված են իմ երգարվեստով եւ ճանաչում են ինձ»,-ասաց նա:

13626481_1087988521282213_4077245987832151443_n

Նարեկը շեշտեց` իր համար ամենակարեւոր եւ ուրախալի փաստն այն է, որ իրեն հաջողվել է հաղթանակ բերել Հայաստանին:
Նա երկրպագուներին խոստացավ, որ այս տարի նվիրվելու է զուտ երաժշտական կարիերային. «Եթե նախորդ տարի ես ավելի շատ զբաղված էի դերասանական գործունեությամբ, ապա այս տարի այդպես չի լինի: Ես հասկացա, որ դրանք համատեղելը եւ զուգահեռաբար երկու գործունեությամբ լիարժեք զբաղվելը ֆիզիկապես անհնար է»,- մեկնաբանեց երգիչը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս