ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԻ ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՆԱՐԵԿ ՄԱԿԱՐՅԱՆԻ ՀՈԳՈՒՑ

Երգիչ Նարեկ Մակարյանը, ով վերջերս ներկայացավ նաեւ որպես դերասան, պարզվում է՝ արդեն հասցրել է ֆիլմերում նկարահանվելու նոր առաջարկներ ստանալ: Եվ չնայած երկրպագուների անհանգստությանը՝ Նարեկը պնդում է, որ դերասանի աշխատանքը չի խոչընդոտի երգչի կարիերային: Նա իր հանդիսատեսի համար մեկ ուրիշ անակնկալ էլ ունի արդեն երգի տեսքով: «Ժողովուրդ»-ը զրուցել է Նարեկի հետ նրա ստեղծագործական եւ անձնական կյանքի մասին:

-Նարե՛կ, արդեն մեկ ամսից ավել է՝ Ձեր ուժերը փորձում եք որպես դերասան «Կյանքից առավել» հեռուստասերիալի շրջանակներում: Հետաքրքիր է, որ չնայած փորձի բացակայությանը, Ձեզ միանգամից շնորհվեց գլխավոր դերը: Ի՞նչ խոչընդոտների եք հանդիպել նկարահանումների ընթացքում:
-Այո՛, փաստորեն պրոդյուսերն ինձ վստահեց գլխավոր դերը: Մարմնավորում եմ հերոսի, ով միշտ լավատես է, օգնում է այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն, պայքարում է երջանկության համար, բայց ճակատագիրը շատ դաժան է վարվում նրա հետ: Հանդիպածս ամենամեծ դժվարություններից մեկը ծավալուն տեքստերը սովորելն էր: Նկարահանման առաջին օրը ես խառնվել էի, չէի կարողանում կենտրոնանալ, բայց հետո ինձ հավաքեցի: Սկզբնական շրջանում բավական դժվար էր նաեւ պրոֆեսիոնալ դերասանների հետ խաղալը: Բայց հիմա արդեն այդ գործընթացին լիովին հարմարվել եմ, անգամ գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ ունեմ: Մտադիր եմ թատերական ինստիտուտ ընդունվել՝ դերասանությունն ընտրելով որպես երկրորդ մասնագիտություն:
-Իսկ այդ ֆիլմերը ո՞ր շուկայի համար են նախատեսված: Հնարավո՞ր է՝ այնքան տարվեք դրանցով, որ մոռանաք երգչի կարիերայի մասին:
-Երկու ֆիլմերն էլ ռուսական շուկայի համար են, սակայն փակագծերը բացել դեռ չեմ կարող: Ուզում եմ շեշտել, որ առաջին հերթին ես երգիչ եմ, եւ ոչինչ ինձ չի ստիպի չզբաղվել իմ սիրելի գործով: Ի դեպ, շուտով հանդիսատեսին կներկայացնեմ նոր երգ, որի հեղինակը ես եմ: Դա մելոդիկ ստեղծագործություն է, որն ուղիղ կապ ունի իմ կյանքի հետ, բնութագրում է մի սիրո պատմություն, որը հենց իմ կյանքի էջերից է: Ներկայացնելու եմ մի երգ, որը, բառիս բուն իմաստով, դուրս է եկել հոգուց:
-«Իրան թող» ռեփ ստեղծագործությունն էլ նման մի նախապատմություն ուներ, կարծես, հաճախ եք սիրահարվում…
-Այդ երգը նույնպես ես եմ գրել, բայց այս մեկն ուրիշ է, քանի որ ստեղծվել է ոչ թե հարաբերությունների ավարտից հետո, այլ ընթացքում: Իսկ սիրահարվելը, ինչու ոչ, գուցե հաճախ է ստացվում, բայց, ահա, սիրելը՝ հազվադեպ:
-Ձեր երգերից մեկը հիշեցի, որը կոչվում է «Գիտեմ սիրել»…
-Այդ գործը շատ եմ սիրում: Կա՛մ մարդը ծնվում է սիրելու ունակությամբ, կա՛մ դա բացակայում է: Բայց հաճախ ստիպված ես լինում լքել սիրածդ մարդուն: Սերը կուրացնում է…
-Թերեւս ամենաանդավաճան սիրով երկրպագուներն են սիրում արտիստին: Մի ժամանակ որոշել էիք նրանց անակնկալ մատուցել, որի իրագործմանը պետք է իրենք էլ մասնակցեին, բայց դա տեղի չունեցավ, ինչո՞ւ:
-Այդ ծրագիրը դեռ կիրագործվի: Շատ պլաններ ունենք, որոնք իրականացնելու համար ժամանակ է հարկավոր… Ի դեպ, երկրպագուների մասին խոսեցինք, իսկ ես հենց նոր նրանցից մեկից ստացա հերթական նվերը՝ բարձրորակ ականջակալներ (ծիծաղում է):
-Գիտենք, որ արտասահմանցի երգչուհիներից մեկի հետ դուետ եք պատրաստում, այն ե՞րբ կհանձնվի հանդիսատեսի դատին:
-Այդ պլանները տեղափոխել ենք գարուն, քանի որ հիմա զբաղվածությունը, իրոք, շատ մեծ է: Իսկ երգչուհու անունը դեռ գաղտնի ենք պահում:
-Դուք մի շարք միջազգային մրցույթների ու երաժշտական նախագծերի եք մասնակցել, Ձեր առջեւ դրված հերթական նշաձողը ո՞րն է:
-Առ այսօր միջազգային մրցույթներին մասնակցելու հրավերներ ունեմ, սակայն ընդունելու ցանկություն չունեմ: Միայն երկու մրցույթ կա, որոնց կուզենամ մասնակցել՝ «Եվրատեսիլը» եւ «Նոր ալիքը»:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

ԼՈՒՐԵՐ

 

ՅՈԹ ՄԵՂՔԵՐԻ ԲՈՒՅՐԸ
Հոկտեմբերի 29-ին նկարիչ Արման Մանուկյանը Երեւանում ներկայացրել է իր նոր սյուրռեալիստական կտավները: News.am Style-ի փոխանցմամբ՝ ցուցահանդեսն ուղեկցվել է «Յոթ մահացու մեղքեր» թատերական ներկայացմամբ, որի բեմադրող ռեժիսորն է Գուժ Թադեւոսյանը: Ներկայացման սյուժեն բխել է կտավներում առկա գաղափարներից: Դրանք ներառել են աստվածաշնչյան թեմաներ, բեմարվեստի արտահայտչամիջոցներ եւ արտահայտել բնության արգասիքների դերակատարությունը մեր կյանքում:
Բացի այդ՝ Արման Մանուկյանը Հայաստանում առաջին անգամ ստեղծել է «Յոթ բույրեր» հայկական օծանելիքների հավաքածուն՝ «Arman Manoukian PARFUMS» անվամբ՝ որպես հիմք օգտագործելով հայկական բնաշխարհի բուսական բազմազանությունը:

 

 

ԹՈՒՅԼ ՉՏՎԵՑԻՆ ՎԱՐԵԼ
Ինչպես գիտենք՝ նախատեսված էր, որ «Հայաստանի ձայնը» երաժշտական նախագծի երրորդ եթերաշրջանի հաղորդավարը պետք է լիներ երգիչ Գրիգոր Կյոկչյանը: Նա ESem.am-ին բացատրել է, թե ինչու հիմա ինքը չի վարում նախագիծը. «Ամեն ինչ պատրաստ էր, սակայն Հոլանդիայից ասացին, որ հեռուստահաղորդավարի փորձս բավարար չէ: Քանի որ «Voice»-ը հույզեր արթնացնող նախագիծ է, հաղորդավարը պետք է նաեւ սոցիալական բովանդակության հաղորդում վարած լինի»-մեկնաբանել է նա եւ հավելել, որ մինչեւ հաջորդ եթերաշրջանը կլրացնի փորձի պակասը:
Ի դեպ, հիմա Գրիգորի մոտ աշխատանքային բուռն շրջան է, նա առաջիկայում նոր երգեր ու տեսահոլովակներ կթողարկի:

 

 

ԹԻՄԲԵՐԼԵՅՔԸ ԿՀԱՅՐԱՆԱ
Իրենց ամուսնության երկամյակը տոնած աստղային զույգեր Ջեսիկա Բիլն ու Ջասթին Թիմբերլեյքը ծնողներ են դառնալու: Նրանց երեխան լույս աշխարհ կգա 2015-ին: Փոքրիկը թե՛ Ջասթինի, թե՛ Ջեսիկայի առաջնեկն է լինելու:

 




Լրահոս