Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Էրեբունի վարչական շրջանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի համաչափ զարգացման համատեքստում, մայրաքաղաքում իրականացվող բակերի համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում, ընթացիկ տարում լայն թափով աշխատանքներ են իրականացվում նաև Էրեբունի վարչական շրջանում: Աշխատանքային այցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է վարչական շրջանի Խաղաղ Դոնի 5 շենքի բակային տարածքի բարեկարգման աշխատանքների ընթացքին: Քաղաքապետին զեկուցվել է, որ համալիր բարեկարգման ծրագրով բակում կտեղադրվեն նստարաններ, զրուցարաններ, մանկական ժամանակակից խաղեր ու մարզական գույք: Բակային տարածքն ապահովված կլինի նաև ոռոգման և արտաքին լուսավորության նոր համակարգերով:
Իրենց գոհունակությունը հայտնելով Երևանի քաղաքապետին՝ բնակիչները ողջունել են ցուցաբերվող մոտեցումն ու հատկանշել, որ վարչական շրջաններում իրականացվող ծրագրերը մայրաքաղաքի համաչափ զարգացման ամենախոսուն ապացույցն են: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ շնորհակալություն է հայտնել բնակիչներին՝ բակերի բարեկարգման ծրագրերին ակտիվ մասնակցելու և քաղաքային իշխանության նկատմամբ ցուցաբերած վստահության համար, նաև վստահեցրել, որ նախանշված զարգացման բոլոր ծրագրերը լինելու են շարունակական:

«Մեզ համար իսկապես կարևոր է մեր բնակիչների ակտիվ մասնակցությունը քաղաքային ծրագրերին: Շինարարների և պատասխանատուների առջև հստակ խնդիր է դրված՝ աշխատանքների ընթացքում հաշվի առնել բնակիչների առաջարկներն ու դիտարկումները: Լինում են դեպքեր, երբ բակային տարածքների բարեկարգման աշխատանքների ընթացքում բնակիչների առաջարկով նախագծային փոփոխություններ են կատարվում, որպեսզի բակն առավել հարմարավետ լինի իրենց համար»,- ընդգծել է քաղաքապետը:
Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետն այցելել է նաև Էրեբունի վարչական շրջանի թիվ 69 մանկապարտեզ, որը ևս Երևանի քաղաքապետարանի այս տարվա ծրագրով հիմնանորոգվում է: Հետևելով աշխատանքների ընթացքին՝ քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է մշտական ուշադրության կենտրոնում պահել աշխատանքների որակն ու այն ավարտել սահմանված ժամկետում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս