Սկզբում հավանության ենք տալիս ծրագրերին, հետո սկսում դիվանագիտություն բանեցնել. ինչ սպասել ՀՕՊ համաձայնագրից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանն օրեր առաջ ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի անդամներին եւ կառույցի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Նրանք Երեւան էին ժամանել՝ մասնակցելու ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում անցկացվելիք արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը կարեւորել է միջազգային հարթակներում ՀԱՊԿ անդամ երկրների կողմից փոխադարձ կենսական շահերի հաշվի առնելու սկզբունքային պայմանավորվածության հետեւողական իրականացումը:

Այս հանդիպումից ընդամենը օրեր առաջ էլ ՀՀ ԱԺ-ն ընդունեց «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Դրանով հիմք է դրվում հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ համակարգի ստեղծման համար Հայաստանի եւ Ռուսաստանի պետական սահմանների շրջանակում: Ակնհայտ է, որ ՀԱՊԿ ոչ բոլոր անդամներն են միասնական դիրքորոշումներ ունենուում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է անդամներից մեկի շահերին առնչվող խնդիրներին:

Այդ առումով իր ուրույն ու սեպարատ քաղաքական շահերն է առաջ մղում Ղազախստանը, Բելառուսը երբեմն անհասկանալի վարք է դրսեւորում, հաթաթա տալիս Մոսկվային, հետո ջերմ բարեկամական կոչեր անում, դե, իսկ Ռուսաստանն էլ, ժամանակը գիտի, մեկ զենք է վաճառում դաշնակցի թշնամի Ադրբեջանին, մեկ գազային պայմանագրով ճնշում նրան, մեկ էլ փորձում միասնական պաշտպանության վահանով ՆԱՏՕ-ին հակակշռել Հայաստանով: Այս ամենը, առաջին հերթին, ազդում է Հայաստանի շահերի վրա, քանի որ Հայաստանն է, որ ունի անվտանգության շատ կոնկրետ եւ վերահաս սպառնալիք, ու Դաշինքի ցանկացած անհավասարակշիռ մոտեցում մեր թշնամու մոտ առաջացնում է Հայաստանի մեկուսացման ընկալում, որն ավելի է գրգռում նրա ագրեսիվ վարքը:

Ահա, թե ինչու Սերժ Սարգսյանը բաց տեքստով նշում է, որ չպետք է միջազգային հարթակներում այնպիսի հայտարարություններ ու գործողություններ իրականացնել, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով կարող են հարվածել դաշնակցի շահերին՝ նկատի առնելով այն հանգամանքը, որ ՀԱՊԿ գրեթե բոլոր դաշնակիցները այս կամ այն չափով ու ձեւով աջակցում են Ադրբեջանին՝ սկսած զենքի վաճառքից: Երեւանը, ըստ էության, հասկացնում է, որ եթե կարեւոր է արտաքին քաղաքականության ընդհանուր համակարգումը, ինչի համար տեղի է ունենում այս հանդիպումը, ապա պետք է նաեւ դիրքորոշումները համընկնեն, այլապես եթե դիրքորոշումները շարունակեն խաչաձեւվել, ապա դա հանգեցնելու է շահերի հակադրման, որի պարագայում որեւէ դաշինք չի կարող հեռանկար ունենալ:

Իհարկե, նախագահի այս խոսքը հիմնականում ուղղված էր դեպի Մոսկվա, մանավանդ, որ ՀՕՊ համաձայնագիրը նոր է ընդունվել: Այս կերպ նա փոձում է վերջինի ուշադրությունը հրավիրել տվյալ հանգամանքի վրա, որպեսզի նա թույլ չտա մյուս դաշնակիցներին ակնհայտ հակահայկական կամ պրոադրբեջանական հայտարարություններ անել եւ գոնե ֆորմալ առումով պահել դաշնակցային պարտավորությունները: Երեւանը փորձում է հենվել հետեւյալ հաշվարկների վրա.

1. Հասկացնել Մոսկվային, որ ՀՕՊ համաձայնագիրը չի կարող արդյունավետ աշխատել, եթե Դաշինքն իրենով ինտեգրացիոն միավոր չէ, ու արտաքին քաղաքականությունը տարբերվում է ռազմական ֆորմալ համաձայնագրերից՝ այդ թվում նկատի ունենալով, որ Մոսկվան զինում է Բաքվին: Բացի այդ՝ Անկարան ներողություն խնդրեց ռուսական խոցված ինքնաթիռի համար, եւ կարող է Մոսկվայի հետ ջերմացնել հարաբերությունները, ինչն ուղղակիորեն կհարվածի միասնական ռազմական համագործակցության խորացմանը, քանի որ Թուրքիան Հայաստանի համար անվտանգության սպառնալիք է:

2. Ապահովել Դաշինքի կոնսոլիդացիայի գոնե ֆորմալիզացիա: Դա կարող է ինչ-որ չափով պրեւենտիվ նշանակություն ունենալ Բաքվի համար, որն այլեւս ռազմական գործողություններ սկսելու որոշում ընդունելուց առաջ կսկսի որոշակիորեն հաշվի առնել ՀԱՊԿ-ի գործոնը, իսկ Ռուսաստանն էլ կկարողանա փոքր-ինչ բարձրացնել սեփական քաղաքական պրոյեկտի հեղինակությունը:

3. Թուրքալեզու Ղազախստանին հասկացնել, որ ինքն ընտրել է քաղաքական, տնտեսական ու ռազմական աշխարհաքաղաքական ուղղություն, որտեղ չպետք է առաջնային համարվեն աշխարհաքաղաքական այլ վեկտորներ: Կարճ ասած՝ Սերժ Սարգսյանը զգում է ՀԱՊԿ-ի պատճառած դիվանագիտական վնասներն ու չի տեսնում դրա քաղաքական-ռազմական օգուտները եւ փորձում է ինչ-որ ազդակներ հղել Կրեմլ:

Բայց խնդիրն այն է, որ մենք սկզբում հավանության ենք տալիս ծրագրերին, հետո սկսում դիվանագիտություն բանեցնել, որն արդեն խնդիրներ է ստեղծում: Հիմա մնում է սպասել եւ տեսնել, թե ՀՕՊ համաձայնագիրն ինչպիսի քաղաքական կամ դիվանագիտական ամրագրում կստանա այս հանդիպման շրջանակներում:

Արման Սահակյան




Լրահոս