Հայաստանի հոգեւոր մայրաքաղաք Էջմիածնի միակ հիվանդանոցը «բուժվելու» կարիք ունի: Այս շենքն ունի բազում կոմունալ խնդիրներ: Այն, ինչին վերջերս ականատես եղավ «Ժողովուրդ»-ի թղթակիցը, դրա վառ ապացույցն է: Մինչդեռ մայրաքաղաք Երեւանում պատկերն այլ է. գրեթե բոլոր հիվանդանոցները վերանորոգված են:
Նախ՝ շենքի միջանցքներում լուսավորությունը վատ է, ավելի ճիշտ՝ գրեթե չկա: Ավելին, շենքը զուրկ է տարրական կոմունալ-կենցաղային հարմարություններից, ձմռանը սաստիկ ցուրտ է լինում, իսկ ամռանը՝ անտանելի շոգ:
Հիվանդանոցում ջուրը հավաքում են կա՛մ լոգարանի` «վաննայի» մեջ, կա՛մ դույլերով, մեծ տարաներով: Իսկ զուգարաններից անհարմար է օգտվել, քանի որ բացակայում են հիգիենայի անհրաժեշտ պայմանները: Այսինքն՝ հիվանդը պետք է ինքը դույլով ջուրը վերցնի եւ իր հետեւից մաքրի: Դե իսկ զուգարանի թղթի գոյության մասին խոսելը պարզապես ավելորդ է: Անգամ ցավալի է պատկերացնել, թե հիվանդանոցում բուժվող հարյուրավոր միայնակ ծեր, հաշմանդամ քաղաքացիներն ինչպես կարող են օգտվել նման պայմաններից: Իսկ այն քաղաքացիները, որոնք ֆինանսական հնարավորություններ ունեն, երբեք չեն օգտվում այդպիսի հիվանդանոցից:
Սակայն հիվանդներին ավելի շատ զայրացնում է այն, որ ընդմիջման ժամերին հիվանդանոցում տարածվում են կերակուրների հոտեր: Ի դեպ, հիվանդասենյակներում դեռ պահպանվում են հին, խորհրդային տարիների երկաթյա մահճակալները, որոնք ծածկված են հնամաշ ծածկոցներով: Իսկ սպասասրահում նույնիսկ հարմար բազկաթոռ չկա, որպեսզի հիվանդները կանգնած չսպասեն:
Հիվանդանոցի անմխիթար պայմանների կապակցությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց հիվանդանոցի տնօրեն Վաչիկ Մկրտչյանի հետ, որը փոխանցեց, որ Էջմիածինը չունի 24-ժամյա ջրամատակարարում, ինչի պատճառով էլ հիվանդանոցում ջուրը հավաքվում է: «Ինչքան որ քաղաքն է ունենում, նույնքան էլ հիվանդանոցը, բայց հիվանդանոցում կան 50 տոննայանոց ջրի տարաներ, որտեղ հավաքվում է ջուրը, եւ ինչքան որ օրվա ընթացքում պետք է, օգտագործվում է»,-պարզաբանեց տնօրենը: Նրա խոսքով՝ ծրագրով նախատեսված է, որ հաջորդ տարվանից սկսվելու են հիվանդանոցի վերանորոգման աշխատանքները. «Հիմա թղթային աշխատանքներն են ընթանում՝ մարզպետարան, առողջապահության նախարարություն եւ հիվանդանոց: Հաջորդ տարի կսկսենք: Նաեւ պետք է հիվանդանոցը հիմնահատակ վերանորոգել, հետո այն վերազինել նորագույն բուժտեխնիկայով»:
Իսկ Արմավիրի փոխմարզպետ, բուժվարչության պետ Լարիսա Մուրադյանը տեղեկացրեց, որ մշակված է օպտիմալացման ծրագիր, եւ 2014-2015թթ. Համաշխարհային բանկի ծրագրի մեջ կմտցվի հիվանդանոցի վերանորոգման ծրագիրը. «Այսինքն՝ 2016թ. կավարտենք: Հիմա հիվանդանոցն իր միջոցների հաշվին նորոգման աշխատանքներ իրականացնում է: Իսկ այն, որ ջուր չկա, այդքան էլ չի համապատասխանում իրականությանը: Ջուրն այնքան կա, ինչքան Էջմիածին քաղաքում: Այդ ջուրը հավաքում են տեխնիկական նպատակների համար»:
ԷՋՄԻԱԾՆԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ԱՆՀՆԱՐ Է ԲՈՒԺՎԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ