ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 5-ից Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը սկսել էր նախապատրաստվել այսօր, ապա հոկտեմբերի 14-ին կայանալիք Եվրոպայի 2015թ. երիտասարդական առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ֆրանսիա եւ Հայաստան-Ղազախստան հանդիպումներին:
Հիշեցնենք, որ այն ենթախմբում, որտեղ ընդգրկված է մեր երկրի երիտասարդական հավաքականը, թիմերը տարբեր քանակի հանդիպումներ են անցկացրել։ Առաջատարը 12 միավորով Իսլանդիայի հավաքականն է, որը հաղթել է բոլոր 4 հանդիպումներում։ 2 հանդիպումից հետո 6 միավորով երկրորդ հորիզոնականում Ֆրանսիայի հավաքականն է, նույնքան հանդիպումից հետո մեր հավաքականը 3 միավորով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։ Ղազախստանի հավաքականը նույնպես վաստակել է 3 միավոր, սակայն անցկացրել է արդեն 4 հանդիպում, նույնքան հանդիպումից հետո առանց միավորի վերջին հորիզոնականն է զբաղեցնում Բելառուսի հավաքականը։ Նաեւ հավելենք, որ վերոնշյալ երկու հանդիպումներից հետո մեր երիտասարդական հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի ուղիղ մեկ ամիս հետո՝ հյուրընկալվելով Ֆրանսիայի հավաքականին։
Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը Լեհաստանում կմասնակցի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների 2014թ. առաջնության որակավորման փուլի խմբային մրցաշարին:
Մեր հավաքականն ընդգրկվել է 2-րդ խմբում, որտեղ մեր մրցակիցներն են Ռումինիայի, Լեհաստանի եւ Լիտվայի հավաքականները: Հայաստանի հավաքականն առաջին հանդիպումը կանցկացնի նույնպես այսօր՝ Ինովրոցլավ քաղաքում մրցելով Ռումինիայի հավաքականի հետ: Երկրորդ տուրում՝ հոկտեմբերի 12-ին, Հայաստանի հավաքականը Տուչոլա քաղաքում կխաղա տանտերերի՝ Լեհաստանի հավաքականի հետ, իսկ վերջին տուրը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին: Այդ օրը մեր պատանիները Տուչոլայում կմրցեն Լիտվայի հավաքականի հետ:
Հոկտեմբերի 10-ն իրոք ֆուտբոլային օր է Հայաստանում, քանի որ նշվելու է նաեւ «Արարատ»-ի 40-ամյա փառավոր հաղթանակի օրը։
Իսկ արդեն վաղը «Հանրապետական» մարզադաշտում մեր երկրի ազգային հավաքականը 2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում սկզբունքային հանդիպում է անցկացնելու Բուլղարիայի ընտրանու հետ։
Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին Բուլղարիայի եւ Իտալիայի հավաքականների դեմ կայանալիք հանդիպումներից առաջ «Սպորտ էքսպրեսս»-ին տված հարցազրույցում ասել է, որ իր մասնակցությունն առաջիկա խաղերին դեռ հարցականի տակ է: Այդ մասին առավել մանրամասն` «Ժողովուրդ»-ի վաղվա համարում։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս