Հարց քաղաքացիներից` ուսման ժամանակահատվածը համարվո՞ւմ է աշխատանքային ստաժ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Կցանկանայի իմանալ` ուսման ժամանակահատվածը համարվո՞ւմ է աշխատանքային ստաժ, թե՞ ոչ:

Ադրինե Մանուկյան (27 տարեկան, օպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 90-րդ հոդվ. 3-րդ մասի 6-րդ կետով սահմանված է, որ աշխատանքային գրքույկում լրացվում է միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա ուսման ժամանակահատվածը, որից հետեւում է, որ աշխ. ստաժ է համարվում միայն նշված ուսումնական հաստատություններում առկա, այն է՝ ցերեկայինը: Ընդ որում, ըստ ««Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված կարգի 26-րդ կետի` առկա ուսման ժամանակահատվածն աշխ. ստաժում հաշվառվում է՝ սկսած 16 տարեկանից:

Նշված կարգի 24-րդ կետը սահմանում է հետեւյալը. «Ուսումնական հաստատությունում առկա ուսման ժամանակահատվածը ստաժում հաշվառվում է այդ հաստատության տված դիպլոմով կամ վկայականով: Դրանց հետ ներկայացվում է նաեւ առկա ուսման լրիվ դասընթացն ավարտելու մասին արխիվային տվյալներ պարունակող տեղեկանք: Ուսման լրիվ դասընթացն ավարտած չլինելու դեպքում ընդունվում է դրա առանձին փուլերն ավարտելու մասին արխիվային տվյալներ պարունակող տեղեկանք»:

Այսպիսով, բացի դիպլոմից, վկայականից, անհրաժեշտ է ներկայացնել միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատության կողմից տրված՝ առկա ուսման լրիվ դասընթացն ավարտելու, իսկ դրա առանձին փուլերն ավարտելու դեպքում՝ այդ փաստը հաստատող՝ արխիվային տվյալներ պարունակող տեղեկանքը:

«Իրավունքի իրազեկում» հ/կ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, աշխատանքային ստաժը մի քանի տարով ավելացնելու համար դիմողը պետք է մի ամբողջ կենսագրական արխիվ հավաքի: Թեեւ առաջիկայում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմամբ աշխատանքային ստաժի` այդքան ցանկալի ցուցանիշները կմղվեն երկրորդ պլան:




Լրահոս