ԿՀԱՄԱՁԱՅՆԻ ՄԵՐԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՎԵԼ, ԵԹԵ…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երգչուհի Ջուսի հայտարարությունն այն մասին, որ կմերկանա 10.000 դոլարի դիմաց, տարատեսակ քննարկումների առիթ դարձավ: “Ժողովուրդ”-ի հետ զրույցում էքստրավագանտ Ջուսը բացատրեց, թե որ դեպքում կհամաձայնի նկարահանվել կիսամերկ եւ պատասխան տվեց բոլոր նրանց, ովքեր քննադատաբար էին մոտեցել իր հայտարարությանը:
-Բացի շոու բիզնեսից՝ երկրի սոցիալական կամ քաղաքական կյանքով հետաքրքրվո՞ւմ եք:  
-Հա՛, դե կարդում եմ մեկ-մեկ ու այն, ինչ մտածում եմ, գրում եմ “Ֆեյսբուք”-ում, բայց ակցիաներին չեմ մասնակցում: 
-Ինչո՞ւ:
-Որովհետեւ ինձ թվում է՝ դա ոչինչ չի փոխի: Ավելի լավ կլիներ միանգամից գնալ քաղաքապետարան, ոչ թե աստղերը, 150 դրամ թղթերի վրա գրած, նկարվեին: Ավելի լավ էր բոլորով հավաքվեին, մի բան անեին, ոչ թե PR-ով զբաղվեին: Հիմա չգիտեմ՝ 150 դրամ ա, թե չէ, հա՛, հիշեցի, 100 էլ մնաց:
-Փաստորեն, Դուք երթուղայինից չեք օգտվում:
-Հաստատ չէ, ինձ ճանաչում են: Տարիներ առաջ` “Երբ պարում են աստղերը” նախագծի ժամանակ էր, մի անգամ նստեցի երթուղային, չեք պատկերացնի, թե ինչ կատարվեց: Իրենց տեղից վեր էին կենում, ասում էին՝ նստե՛ք: Երթուղայինն էլ պուճուր տեղ, դու չես կարող ոչ մի կողմ փախնել, ու ամբողջ ուշադրությունը քո վրա է: Ա՛յ մենակ դրա համար չեմ նստում, ոչ այն բանի, որ պրիստիժ չի: Միայն տաքսիներից եմ օգտվում:
-Բայց Ձեր կերպարն այնպիսին է, որ, կարծես, Դուք սիրում եք ուշադրություն գրավել:
-Մեր մեդիաներն ինձնով հետաքրքրվում են, վերցնում են իմ ստատուսները, քննարկում են:
-Ձեր հայտարարությունն այն մասին, որ մերկ կնկարահանվեիք 10.000 դոլարի դիմաց, իսկապես բուռն քննարկման թեմա դարձավ:
-Մի քանի հոգի իմ կոլեգաներից քննադատել են ինձ՝ ասելով, թե ոնց կարելի է գումարի դիմաց մերկանալ, չի կարելի, խայտառակություն է եւ այլն… Բայց ես ընդամենը պատասխանել եմ հարցին, թե արդյոք կնկարվեի մերկ: Ես էլ ասել եմ՝ ես կարող եմ դա անել, բայց կիսամերկ, ու եթե այն լինի թանկ ֆոտոշարք լավ ամսագրի համար, ու եթե դրա դիմաց ինձ տան 10.000 դոլար:
Դուք նաեւ ասել եք, որ երկար ժամանակ է` սեռական հարաբերություններ չեք ունեցել: Դուք Ձեզ ազատ մարդ համարո՞ւմ եք:
-Համարում եմ, բայց էնպես չի, որ վուլգար բաներ եմ անում կամ կոմպլեքսներ չունեմ, ինչպես շատերին է թվում: Ես ընդամենը իմ կարծիքն եմ հայտնում:
-Իսկ որքանո՞վ են անկեղծ հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները, նրանք է՞լ են սիրում ազատ արտահայտվել:
-Շատերը ցույց են տալիս այն, ինչ իրենք չկան: Գուցե ուզում են լինել ավելի վառ, առանց կոմպլեքսների, դրա համար էլ քննադատում են նրանց, ովքեր հագնվում են իրենցից բաց: 
-Ձեր հագուկապն էլ չափազանց համարձակ է` կարճ տաբատներ, կորսետներ…
-Բայց միայն բեմում, իսկ առօրյայում ես այլ կերպ եմ հագնվում: Բեմի պահանջները լրիվ ուրիշ են:
-Դուք այդպես եք հագնվում, որ Ձեր մասին խոսե՞ն, ուշադրության պակա՞ս ունեք:
-Ո՛չ, իմ վրա ուշադրություն կա, ես կարող եմ դուրս գալ, փռշտալ, ու դա գրվի: Ես հատուկ ոչինչ չեմ անում, այդպես ստացվում է: Իսկ հագնվում եմ այդպես, որովհետեւ կոնկրետ երգս նման կերպար է պահանջում, ես էլ դեր եմ տանում:
-Հատուկ խորհրդատուներ ունե՞ք:
-Ինձ հետ հատուկ ոճաբաններ  են աշխատում` վարսահարդար, դիմահարդար, դիզայներներ…
-Չե՞ք նեղվում, երբ հասարակությունը Ձեր մասին չարախոսում է:
-Ես կողմ եմ, որ խոսա, որովհետեւ եթե խոսում է, ուրեմն դու հետաքրքիր ես մարդկանց: Եթե չեն խոսում, մի բան պետք է անես, որ խոսեն: Ցանկացած արտիստի մասին էլ վատը խոսում են, նույնիսկ ամենաճանաչվածի: Կան նախանձողներ, սիրող-չսիրողներ: Դա շատ նորմալ է: Ես ծանր չեմ տանում նման խոսակցությունները, բայց ինձ ջղայնացնում են իմ մասին  անարդար ասված բաները: Որ իմ մասին ասում են՝ ինքը “համաշխարհային ա”, սենց ա, նենց ա, ախր դու, որ խոսում ես, տեսե՞լ ես իմ “համաշխարհային” լինելը: Իսկ եթե չարախոսում ես, ուրեմն դու քո արշինով ես չափում ուրիշներին: Մարդիկ գիտեն` ես ով եմ, ոչ մեկին ապացուցելու բան չունեմ, բայց վատի պատասխանը միշտ տալիս եմ:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 635 համար




Լրահոս