Քաղաքական դաշտում վերջին շրջանում շարունակվում են մեկը մյուսի հետեւից կուսակցություններ հիմնադրվել: Իհարկե, դժվար չէ կռահել, որ այս հանգամանքը պայմանավորված է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու եւ իրենց տեղերը դաշտում ապահովելու համար:
Բայց նորաստեղծ կուսակցությունները ինչպիսի՞ ազդեցություն կարող են ունենալ քաղաքական դաշտի վրա. այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԻԱԿ-ի հիմնադիր քարտուղար Լեւոն Մարտիրոսյանի հետ:
-Պարո՛ն Մարտիրոսյան, քաղաքական դաշտում մեկը մյուսի հետեւից շարունակվում են կուսակցություններ ստեղծվել: Ձեր կարծիքով այս գործընթացը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ քաղաքական դաշտի վրա:
-Ես ողջունում եմ նոր կուսակցությունների ստեղծմանը, եթե այդ կուսակցություններն իսկապես քաղաքական դաշտում ասելիք եւ անելիք ունեն, եթե չունեն, ապա տարօրինակ է, թե ինչի համար են ստեղծվում: Նորաստեղծ կուսակցությունների մեջ կան քաղաքական գործիչներ, որոնց ես հարգում եմ եւ իրենց գործունեությունը բարձր եմ գնահատում: Բայց կան նաեւ ինձ համար անհասկանալի մարդիկ, գործիչներ: Ժամանակը ցույց կտա, թե իրենք ինչ անելիքներ կունենան քաղաքական դաշտում, համենայնդեպս, պարզ է, որ կուսակցություններն ստեղծվում են առաջիկա խորհրդարանական ընտրություններում ինչ-որ դերակատարում ունենալու համար: Որքանով դա իրենց մոտ կստացվի, այդ արդեն ժամանակը ցույց կտա:
-Քաղաքական ինչպիսի՞ աշուն եք կանխատեսում եւ, առհասարակ, Դուք ինչպիսի՞ գործունեություն եք պատրաստվում ծավալել աշնանը:
-Ես արտառոց քաղաքական աշուն չեմ կանխատեսում: Սովորական գործընթաց է` օրենքով սահմանված: Պարզ է, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կուսակացությունները, քաղաքական ուժերը, քաղաքական դեմքերը պետք է ավելի ակտիվանան, ինչ-որ ծրագրերով հանդես գան, ինչ-որ գործունեություն ցուցաբերեն եւ այլն: Ինքս՝ որպես Ազգային ժողովի պատգամավոր, զբաղվելու եմ նույն գործունեությամբ, ինչ-որ նախկինում, այսինքն՝ կատարելու եմ իմ պարտականությունները:
-Իսկ Ձեր քաղաքական ապագան ինչպե՞ս եք պատկերացնում: Առաջիկայում Ձեզ խորհրդարանում տեսնո՞ւմ եք եւ այս անգամ որ կուսակցության ցուցակով եք առաջադրվելու, նորից ՀՀԿ-ի՞:
-Եթե որեւէ ցուցակով մասնակցելու լինեմ, դա, բնականաբար, պետք է լինի նույն այն ցուցակը, որով մասնակցել եմ նախորդ ընտրություններին: Իսկ թե կմասնակցեմ, թե ոչ կամ ընդհանրապես ով կմասնակցի, թե չի մասնակցի, որոշումները կայացվելու են ավելի ուշ:
-Պարո՛ն Մարտիրոսյան, այժմ ՄԻԱԿ կուսակցությունն ի՞նչ գործունեություն է ծավալում:
-Մենք քաղաքական թիմի մաս ենք եւ գործունեություն ծավալում ենք այդ թիմի շրջանակներում, այդ թիմի խնդիրներն ու նպատակներն իրագործելով, նոր բան չկա եւ չի լինելու:
-Պարո՛ն Մարտիրոսյան, հանրությունը իշխանության նկատմամբ կորցրել է իր վստահությունը: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ իշխանությունը ինչպե՞ս է պատրաստվում լուծել մանդատներ ստանալու հարցը:
-Գիտեք, վիճելի հարց է, վստահություն կա, թե չկա իշխանության նկատմամբ, կամ ում նկատմամբ կա ընդհանրապես վստահություն, ում նկատմամբ չկա: Ավելի ստույգ այդ մասին կարելի է խոսել ընտրություններից հետո: Ընտրությունների արդյունքներն են, որ վկայում են վստահության կամ անվստահության մասին այս կամ այն քաղաքական ուժի նկատմամբ:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ