Դավիթ Լոքյանն այցելել է Արագածոտնի մարզ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր այցելել է Արագածոտնի մարզ՝ հուլիսի 10-ին տեղացած կարկտահարության պատճառած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով:
Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության լրատվական ծառայությունից։

Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի ուղեկցությամբ նախարար Դավիթ Լոքյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եղել են Կարբի, Օհանավան, Օշական, Ուշի համայնքներում, որտեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին, ցանքատարածություններին ու պտղատու այգիներին: Մեծ վնասներ են կրել Կարբիի և Օհանավանի խնձորի այգիները:
Ուժեղ քամին և կարկուտը էական վնասներ են հասցրել նաև Արագածոտն համայնքում, որտեղ ի տարբերություն մյուս համայնքների, բացի այգիներից, վնասվել են շինություններ, բնակելի տների տանիքներ և համայնքային ենթակառուցվածքներ:

Նախարար Դավիթ Լոքյանը շրջել է համայնքում, ծանոթացել բնակիչների կրած վնասներին, որից հետո այցելել է կարկտահարված խաղողի այգիներ, տեղում ծանոթացել պատճառված վնասներին: Կարկուտից տուժել են համայնքի շուրջ 190 հա խաղողի այգիները, փլուզվել են 15-20 տան տանիքներ:
«Մարզային հանձնաժողովի կողﬕց ուսուﬓասիրվում են աղետի հետևանքները, ճշգրտվում են ﬖասների չափերը: Ընդհանուր առմամբ վնասները շատ մեծ ծավալների են, պետք է վարչապետի հետ քննարկենք և ճշգրիտ լուծումներ տանք»,-ասել է նախարարը գյուղացիների հետ զրույցում:




Լրահոս