ՍՈՒՎԵՐԵՆՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԻ ՈՐՈՇԱԿԻ ՆՎԱԶՈ՞ՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մաքսային միության նախկին պատասխանատու քարտուղար, ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը «Առավոտ»-ի հետ զրույցում հայտարարել էր, որ «Հայաստանին Մաքսային միությանն անդամակցելու որոշումը ստիպել է կայացնել ԵՄ-ն՝ Հայաստանին սուվերենությունից զրկելու իր համառ ցանկությամբ»: Ս. Գլազեւը նշել էր, թե Հայաստանին առաջարկվում էր գործնականում դառնալ ԵՄ-ի վագոն դիսկրիմինացիոն պայմաններով. «Այսինքն՝ ոչ թե մենք ենք Հայաստանին մղել Մաքսային միությանն անդամակցելու որոշում կայացնել, այլ Եվրոպական միությունը՝ Հայաստանին իր սուվերենությունից զրկելու համառ ցանկությամբ: Որպեսզի պահպանի անկախությունը եւ ՌԴ-ի հետ բալանսավորված հարաբերությունները, Հայաստանի նախագահը ստիպված էր այդ ճնշման ներքո համապատասխան քաղաքական որոշում կայացնել»: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Ս. Գլազեւի այս տեսակետի հետ կապված մեկնաբանություն ստանալ քաղաքական ուժերի ներկայացուցիչներից:

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆ
-Պարո՛ն Թորոսյան, ըստ ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւի՝ ՀՀ-ին Մաքսային միությանն անդամակցելու որոշումը ստիպել է կայացնել ԵՄ-ն, քանի որ վերջինս նպատակ ուներ Հայաստանին զրկել իր սուվերենությունից: Համամի՞տ եք:
-Ես չեմ կիսում այդ տեսակետը, որովհետեւ Հայաստանը Մաքսային միությանը միանալու որոշումը կայացրել է՝ ելնելով իր շահերից եւ իր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից: Որեւէ կառույց չի կարող ուժով կամ ուժի սպառնալիքով ստիպել մեզ որոշումներ կայացնել: Իհրակե, իրավիճակը, միջազգային հարաբերությունների ընթացիկ իրողությունները կարող են ազդել որոշումների կայացման վրա, բայց կոնկրետ ուժի սպառնալիքի կիրառումը չի կարող: Իսկ մեր նախագահը առաջնորդվել է ՀՀ ազգային  պետական շահերով:
-Բայց Ս. Գլազեւը եւս այն կարծիքին է, որ Սերժ Սարգսյանը ՄՄ-ին անդամակցելու որոշմամբ առաջնորդվել է ՀՀ շահերով, քանի որ, հակառակ պարագայում, ըստ նրա, Հայաստանը կորցնելու էր իր ինքնիշխանությունը…
-ՀՀ-ն, որեւէ միջազգային կառույցի անդամակցելով, չի կորցնում իր անկախությունը: Եթե նույնիսկ անդամակցի ԵՄ-ին կամ ՄՄ-ին, ապա որեւէ ձեւով իր անկախությունը չի կորցնում: Իհարկե, որոշակիորեն ստանձնում ես պարտավորություններ, եւ այդ պարտավորությունները կարող են դիտվել որպես սուվերենության ծավալի որոշակի նվազում: Բայց այդ նվազումը վերաբերում է ոչ թե ՀՀ-ին, այլ տվյալ կառույցում անդամագրված բոլոր երկրներին: Եթե խոսքը ՄՄ-ի մասին է, ապա բոլորը ՄՄ-ի հավասար անդամ են լինելու՝ թե՛ Հայաստանը, թե՛ Բելառուսը, թե՛ Ռուսաստանը, թե՛ Ղազախստանը, եւ եթե կայացնում են որոշումներ՝ ՄՄ-ի ընդհանուր օրակարգի հետ կապված, ապա այդ որոշումները հավասարապես պարտադիր են լինելու ՄՄ-ի անդամ բոլոր երկրների համար: Ահա այդ դեպքում բոլոր երկրները որոշակի առումով ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքից ինչ-որ չափով զրկվում են:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ
-Տիկի՛ն Զոհրաբյան, Դուք համամի՞տ եք այն տեսակետին, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը ՀՀ-ին ստիպել է կայացնել ԵՄ-ն: Այդ կարծիքին է ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը:
-Ինձ համար հասկանալի եւ պարզ չէ, թե ինչն է հիմք տվել Վլադիմիր Պուտինի խորհրդականին նման վստահ եզրահանգում անելու: Ես չեմ կարող քննարկել նրա տեսակետն առ այն, որ Ասոցացման պայմանագրում Հայաստանի սուվերենությունը վտանգող դրույթներ կային: Այն պարզ պատճառով, որ որպես եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ՝ ինձ չի տրամադրվել Հայաստան-Եվրամիություն ասոցացման պայմանագիրը: Բայց այս աղմուկից հետո, այն, որ վերջին շրջանում համառորեն շրջանառության մեջ է դրվել, թե Ասոցացման պայմանագիրը ե՛ւ Ղարաբաղի հարցով, ե՛ւ ընդհանրապես մի քանի այլ դրույթներով շահեկան ձեւակերպումներ չէր պարունակում, ինձ բերում է տրամաբանական եզրահանգման. եթե այդպես էր, ապա 4 տարի ՀՀ իշխանություններն ամենաբարձր մակարդակով ինչո՞ւ էին բանակցում, ավելին, ավարտում բանակցությունները մի փաստաթղթի շուրջ, որի մեջ մեր ազգային անվտանգության, մեզ համար գերակա խնդիրների վերաբերյալ ոչ շահեկան դրույթներ կային: Սա այն հարցն է, որի պատասխանը պետք է տան նրանք, ովքեր 4 տարի շարունակ բանակցել են: Ես չեմ կարող ասել՝ Պուտինի խորհրդականը կամ մեկ այլ գործիչ, որոնք վերջին շրջանում նույն բանն են կրկնում, ճիշտ են ասում, թե սուտ:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ
-Պարո՛ն Սահակյան, ճի՞շտ է այն տեսակետը, որ ՄՄ-ին անդամակցելու որոշումը ՀՀ-ին ստիպել է կայացնել ԵՄ-ն:
-Մեր որոշումները կախված չեն որեւէ պետության մտածումներից:
-Բայց ըստ ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւի՝ ՀՀ նախագահը ստիպված էր ԵՄ ճնշման ներքո համապատասխան քաղաքական որոշում կայացնել:
-Ո՛չ, նման բան չէր կարող լինել ո՛չ ՌԴ-ի, ո՛չ Եվրոպայի կողմից: Դա ոչ թե Սերժ Սարգսյանի որոշումն է, այլ բավական երկար ժամանակ քննարկված, պատճառաբանված մոտեցում է, որն արտահայտել է Ս. Սարգսյանը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս