ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՄՈՍԿՎԱՅԻ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը չեղյալ է հայտարարել Վաշինգտոն իր այցը: Հիշեցնենք, որ նա հոկտեմբերի 9-13-ը ԱՄՆ-ում պետք է մասնակցեր Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան գագաթնաժողովին: ԱՄՆ մայրաքաղաք պատվիրակություն գործուղելու նպատակով նա սեպտեմբերի 23-ին նույնիսկ հատուկ որոշում էր ընդունել: Սակայն հոկտեմբերի 7-ին նա չեղյալ է համարել իր նախորդ որոշումը: Ընդ որում, Վաշինգտոն չեն մեկնելու նաեւ պատվիրակության մյուս անդամները: Թե ինչու է Տ. Սարգսյանը գնացել այդ քայլին, դժվար չէ ենթադրել. ՀՀ վարչապետը հոկտեմբերի 11-ին շտապ այցով մեկնել է Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ փոխվարչապետների հետ:

ՍԵՎ ԱՄՊԵՐ
Թեեւ այն լուրերին, որ Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը սեփական դիմումի համաձայն հրաժարական է տվել, այնուամենայնիվ, երեկ դատախազը լրատվամիջոցների հետ զրույցում այդպես էլ ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է: Ըստ ամենայնի՝ Շահբազյանի գլխին սեւ ամպեր են կուտակվել, ու դժվար թե այս անգամ նրան ներեն: Գյումրու բնակչուհի 60-ամյա Գոհար Հովհաննիսյանն էլ մի կողմից է բողոքում, թե դատախազի աշխատասենյակում իրեն ծեծի են ենթարկել: Երեկ՝ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, Գ. Հովհաննիսյանն ասաց, որ նախօրեին իրեն ոստիկանություն են հրավիրել, որտեղ ասել են, թե ցուցմո՛ւնք տուր, որ դու վկա ես, սակայն նա հրաժարվել է՝ հայտարարելով, թե տուժող է:

ԴԵՍՊԱՆԸ ՓԱԿ ՇՈՒԿԱՅՈՒՄ
News.am-ի փոխանցմամբ՝ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը հոկտեմբերի 9-ին գնումներ է կատարել նորաբաց Փակ շուկայից։ Դեսպանը դուրս է եկել շուկայից, գնումները տեղավորել մեքենայի մեջ եւ մի քանի րոպե շենքը դրսից ուսումնասիրելուց հետո հեռացել։

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրամանով Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արթուր Դավթյանը նշանակվել է Երեւան քաղաքի դատախազ՝ ազատվելով Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի պաշտոնից։ Հիշեցնենք, որ Երեւանի նախկին դատախազ Հրաչյա Բադալյանը նախօրեին նշանակվել էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: Իսկ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ է նշանակվել Գագիկ Խաչիկյանը, ով մինչ նոր նշանակումը զբաղեցնում էր մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնը: Այս պաշտոնում էլ նշանակվել է Արտակ Հարությունյանը` ազատվելով ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող եւ կիբերհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնից: Հիշեցնենք, որ Արտակ Հարությունյանը ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի որդին է եւ տակավին վերջերս էր նշանակվել վարչության պետի տեղակալ:

ՎՃԻՌԸ` ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
Քրեական վերաքննիչ դատարանում Տիգրան Առաքելյանի գործով երեկվա դատական նիստի ընթացքում ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գեւորգյանը դատարանին հարցրել է. «Բոլորն այսօր գիտեն՝ ինչ է կատարվում Հայաստանում, ինչպես են վճիռները կայացվում: Ինձ հետաքրքիր է, Դուք Ձեզ տեսնո՞ւմ եք այդ մշակույթի կրողը, թե՞ կկայացնեք արդար դատավճիռ»: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու: Այն կհրապարակվի երկուշաբթի օրը:




Լրահոս