ՄԻ ԿՏՈՐ ՀԱՑ` ԵՐԿՆՔԻՑ ԿԱԽՎԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռներով շրջապատված Կոթի համայնքը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանից ընդամենը 2,5 կմ հեռավորության վրա: Ժամանակ առ ժամանակ սահմանի հակառակ կողմից եկող կրակոցներով, կիսաքանդ ու ռմբակոծված տներով այս գյուղում ստեղծվել է ծայրահեղ վատ իրավիճակ:
«Մեր եկամուտը էն վերեւիցն ա կախված: Գիտե՞ս, թե Սերժ Սարգսյանը մեզ մոտ երբ է գալիս, երբ ընտրություններ են լինում»,-վրդովված նկատեց գյուղի տարեցներից մեկը:
Կոթիի բնակիչ 66-ամյա Աշոտ Սեփխանյանը ստանում է 28 հազար դրամ թոշակ, սակայն այն չի բավարարում նույնիսկ կոմունալ վարձերը վճարելու համար. «Այդ գումարով նույնիսկ չեմ կարող Նոյեմբերյանի հիվանդանոցում երկու օր բուժվել: Կամ մի պարկ ալիր ես առնում, ու վերջացավ: Հիվանդ մարդ ես, էլի՛, հենա թոշակի ընկար, հիվանդացած ես: Ի՞նչ թոշակ են տալի, որ դրանով ապրիս, հա՛մ գոյությունդ պահես, հա՛մ հոսանքի, գազի փող տաս»:
Նա ունի մեկ որդի, որն արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստանի Դաշնություն` ընտանիքին թողնելով հայրենի գյուղում: «Ես ի՞նչ գիտեմ, ա՛յ ցավտ տանեմ: Փող կա՞, որ ուղարկի: Մյուս ջահելներն էլ գնացել ու հետ են եկել: Աշխատանքը կա, բայց էնտեղ էլ հետապնդում են, դակումենտ չունին՝ դուրս են անում, աշխատանքի դագավոր չունիս՝ դուրս են հանում: Էլ էն հին ժամանակը չէ, որ ասում էինք՝ դաշնակից հարեւաններ ենք, դուրս են անում հայերին: Խեղճերն էլ գիշերներն են աշխատում: Մեր հույսը նրանք են, էն էլ հետ են ղրկում: Մեր վիճակն էլ էստեղ սենց ա, ո՞նց ապրինք բա»,-մտահոգվեց տարեց կոթեցին:
Իսկ մեկ այլ գյուղացի բարձր ձայնով հայտարարեց. «Ա՛յ աղջիկ ջան, մենք գեղացի մարդիկ ենք, մեզ Մաքսային միությունը պետք չի, մի օր հենա փիփերթը, բանջարը դուրս գա, ապրինք, վերջացավ, էդ ա: Թոշակները թող բրձրացնեն: Ասում եմ, չէ՞, բա ընտրությունների վախտը գիտեն, որ ստի գեղ կա կամ էլ պատերազմի ժամանակ էին հաղորդում, որ Կոթիում այսքան մարդ զոհվեց: Մեզանից երես են թեքել, երես»:
Կոթեցի Կառլենն էլ, որը ստանում է 14 հազար դրամ թոշակ, զայրացած նկատեց, որ գյուղի բոլոր խանութներում էլ պարտք ունի. «Տանդ միջի փոքրը որ լացում ա, էլ հետո չի իմանում, որ դու նրա պահանջածը խանութից նիսյա ես բերել: Որ խանութն ուզում ես մտի՛ ու իմ անունը տո՛ւր, ամեն տեղ նիսյա ունիմ, անունս գրած է: Բայց երբ տի տամ՝ չգիտեմ: Մեզ ո՞վ տի փող տա, որ տամ: Մինչեւ 200 հազար դրամ պարտք ունիմ ամեն խանութին»:
Աշոտ Սեփխանյանն էլ զրույցի ավարտին անտարբերությամբ նետեց. «Գնաս տի գրիլ, չէ՞: Գրի՛, որ Հայաստանի ծայրամասում մի անբախտ գեղ կա, ու ոչ մեկն էլ ուշադրություն չի դարձնում, դուզն եմ ասում: Գեղըմը մի 10-12 կոմիսիոն կա, մեր ղեկավարները դրանք են, կուզենան՝ մեզ կսպանեն կամ էլ ոչ»:
Կոթեցիները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հուսահատված նշեցին նաեւ, որ հայաստանյան բանկերը հրաժարվում են իրենց 500 հազար դրամից ավել գումար տալ: Իսկ գյուղի խանութներում գնալով հաստանում են «պարտքերի տետրակները»:   
Եղիշեի խանութը 12 տարի է, ինչ գործում է: «Ժողովուրդ»-ի այցելության պահին նա լրացնում էր գյուղացիների պարտքերի 29-րդ տետրը: Կոթեցի խանութպանի  խոսքով՝ այս պահին մոտ 60-70 ընտանիք արդեն հասցրել է 4 միլիոն դրամի պարտք կուտակել: Իսկ մարդիկ գնում են միայն իրենց համար առաջին անհրաժեշտության ապրանքներ՝ հաց, մակարոն, բրինձ, ձեթ, սիգարետ: Կուտակած պարտքերն էլ վճարում են միայն թոշակից թոշակ:
«Մարդիկ 250-դրամանոց հացը գնում են հնանալուց հետո, երբ գինը դառնում է 150: Ճիշտ է, անասնապահությամբ են զբաղվում, բայց, միեւնույն է, չեն կարողանում իրենց անասունի միսը նորմալ գնով վաճառել, իսկ մսագործները գալիս են եւ 1800 դրամով միսը տանում, 2500-ով վաճառում»,-նկատեց խանութպանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս