ԵՐԲ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է ԷԹԻԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի իշխանական բուրգի «վերնահարկում» նստածները հաճախ են խոսում քաղաքակիրթ փոխհարաբերությունների անհրաժեշտության, բարոյականության, օրինականության եւ այլ կարեւորագույն արժեքների մասին, սակայն դրանք այդպես էլ մնում են օդում թողած պղպջակի նման անհետեւանք, քանի որ վերամբարձ կարծիք հայտնողներն իրականում իրենք ի վիճակի չեն այդ կենսակերպով ապրել:
Ո՞րն է նման ենթադրություն անելու առիթը. «Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբերի 3-ին հրապարակել էր մի լուր, ըստ որի` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին ինսուլին տեսակի դեղամիջոց ներկրելու համար կառավարությունից երաշխավորագիր է ստացել: Լուրի մեջ կար նաեւ հենց իր՝ Խոսրով Հարությունյանի հերքումը, որ իր որդին այդ բիզնեսով չի զբաղվում: Այսինքն՝ «Ժողովուրդ» օրաթերթն իր աշխատանքը կատարել է ամենայն բարեխղճությամբ՝ փոքրիկ լուրի մեջ ներկայացնելով երկու տեսակետ: Սակայն այս տարրական ճշմարտությունը չգիտակցելով (կամ չցանկանալով այն ընկալել)` Խոսրով Հարությունյանն էլեկտրոնային կայքերում տեղադրել է իր նամակը՝ ուղղված «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագրին՝ առանց մեզ ուղարկելու: Իսկ նախօրեին էլ «Ժողովուրդ»-ն էլեկտրոնային գրեթե նույնաբովանդակ նամակներ ստացավ՝ առանց ստորագրության, կնիքի եւ նույնիսկ պաշտոնական բլանկի:
Հայաստանում, բացի ՀՀ նախագահի պաշտոնից, գրեթե բոլոր բարձր պաշտոնները զբաղեցրած Խոսրով Հարությունյանը, այժմ էլ լինելով օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, փաստորեն մինչեւ հիմա պաշտոնական նամակագրություն կազմակերպելու ամենատարրական կանոններին չի տիրապետում: Ստիպված ենք Խոսրով Հարությունյանին հուշել, որ լրատվամիջոցից հերքում պահանջում են միայն պատշաճ գրությամբ՝ ստորագրության պարտադիր առկայությամբ:
Բայց քանի որ ՀՔԴՄ նախագահը, սերունդներ կրթող ՀՊԿԱ դասախոսը մեզ ուղարկված նամակում խնդրել է որպես քաղաքացի ընդառաջել իրեն, ուստի որպես քաղաքացի՝ «Ժողովուրդ» օրաթերթը բավարարում է նրա խնդրանքը՝ ընդունելով, որ քաղաքացի Հարությունյանը գուցե չի տիրապետում մարդկային փոխհարաբերությունների ամենատարրական նրբություններին: Եվ ահա ինչ է ուզում Հարությունյանը. «Համոզված, որ այդ ապատեղեկատվությունը այլեւս հանրության մոտ չի կարող կասկած հարուցել («դե իհարկե, ով, եթե ոչ ԱԺ պատգամավորի որդին»  հանրության շրջանում տարածված ընկալմամբ), Ձեր թերթը, ընթերցողի մոտ ինձ ցանկացած գնով վարկաբեկելու իր, ինձ համար  անբացատրելի,  ձգտումը էլ ավելի ամրապնդելու նպատակով, իրեն թույլ է տալիս, օգտագործելով նման դեպքերի համար հայտնի լրագրողական հնարքը, կատարել այդ ամենից իբր «ակնհայտ» բխող մի հետեւություն` ենթադրել,  որ  «չի բացառված այդ ինսուլինը հենց այն տեսակն  է, որից ամիսներ շարունակ դժգոհում էին հիվանդներն ու անգամ պոլիկլինիկաների բժիշկները»: Պետք չէ առանձնապես խորաթափանց լինել հասկանալու համար, որ Ձեր թերթի այդ վերջին ենթադրությունն է այս տեղեկատվության «աղը», քանի որ միայն այդ մի ֆրազով հազարավոր շաքարային դիաբետով տառապողների համար ես եւ իմ ընտանիքը դառնում ենք ոչ միայն թշնամի, այլեւ հանցագործ:
Մի կողմ թողնելով այդ ապատեղեկատվությունը տարածելու Ձեր իրական շարժառիթները, ցանկանում եմ ենթադրել, որ Ձեր թերթը միանգամայն գիտակցել է ինձ եւ իմ ընտանիքի համար այդ տեղեկատվության բացասական հետեւանքների ողջ խորությունը: Ես ստիպված եմ դարձյալ փաստել, որ իմ  որդին` Ռոբերտ Հարությունյանը, զբաղեցնում է Զարգացման Հայկական Գործակալության տնօրենի պաշտոնը եւ որեւէ կապ չունի ինսուլինի ներկրման բիզնեսի հետ: Այդ լուրը ես առաջին անգամ լսել եմ  Ձեր լրագրողից:
Ուստի, առաջնորդվելով քաղաքացիների լիարժեք եւ անաչառ տեղեկատվություն ստանալու իրավունքի օրենսդրական պահանջներով եւ ի նշան իր ընթերցողի նկատմամբ հարգանքի, Ձեր թերթը պարտավոր է հրապարակել Կառավարության այն գրավոր երաշխավորագիրը, որով, ըստ Ձեր պնդումների, իմ որդին հայտնվել է, Ձեր խոսքերով, «այդ չաղլիկ եւ ապաշնորհ բիզնեսում»: Ավելին, ես հորդորում եմ Ձեզ, օգտագործելով Ձեր լավատեղյակ աղբյուրների հնարավորությունները, հրապարակել իմ որդու հետ կապված Ձեր թերթի վերը նշված ենթադրությունը հիմնավորող  ցանկացած հավելյալ պաշտոնական եւ վավեր տեղեկատվություն:
Թույլ տվեք ենթադրել, օրաթերթի հարգարժան խմբագիր, որ դուք չեք խուսափի Հայաստանի քաղաքացուս իմ այս օրենսդրական պահանջը կատարելուց»:
Վերջում Հարությունյանին վերստին հիշեցնում ենք, որ չկա ՀՀ-ում որեւէ օրենք, որը իրավունք տա Հարությունյանին` պարտադրել օրաթերթին փաստաթուղթ հրապարակել կամ երկկողմանի տեղեկատվություն հրապարակելու համար հերքում տպագրել: Մենք լավ գիտենք մեր իրավունքների ու պարտականությունների չափաբաժինը: Իսկ լրագրողական հմտությունը ենթադրում է փաստերը հրապարակել ոչ միանգամից:

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»




Լրահոս