ԴԱԼԼԱՔՅԱՆԸ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԻՄՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանում շարունակում են նոր կուսակցություններ ձեւավորվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հերթական նոր կուսակցությունը պատրաստվում է հիմնել ՀՀ ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը: Վերջինս, ինչպես հայտնի է, 17 տարի շարունակ` 1995-ից 2012 թվականը, եղել է ԱԺ պատգամավոր: Դալլաքյանն այս ընթացքում մեկ անգամ է կուսակցական եղել` 1999-ի մայիսի 30-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա ընդգրկված էր Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի գլխավորած «Միասնություն» դաշինքում, եղել է ՀՀԿ անդամ: Սակայն հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից եւ «Միասնություն» դաշինքի փլուզվելուց հետո դուրս է եկել ՀՀԿ-ից եւ գործել է որպես ընդդիմադիր գործիչ: Խորհրդարանական երկու` 2003-ի եւ 2007-ի ընտրություներում նա կարողացել է որպես ընդդիմադիր թեկնածու մեծամասնական ընտրակարգով Վանաձորն ընդգրկող ընտրատարածքից ընտրվել պատգամավոր: Վիկտոր Դալլաքյանը մշտապես եղել է խորհրդարանի ամենաակտիվ եւ ամենաշատ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկող պատգամավորներից մեկը: Ինքը՝ Դալլաքյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց նոր կուսակցություն ստեղծելու մասին լուրերը: Սակայն փաստն այն է, որ ներկայումս ընթանում են ստեղծվելիք կուսակցության գրասենյակի վերանորոգման աշխատանքները, եւ աշնանն այդ մասին արդեն պաշտոնապես կհայտարարվի:

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջերս լուրջ վիճաբանություն է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի միջեւ: Դեպքը տեղի է ունեցել կառավարության անդամների կողմից ինչ-որ հարցի քննարկման ժամանակ: Այդ ընթացքում Հովիկ Աբրահամյանը էկոնոմիկայի նախարարին դիմել է «արա»-ով, ինչին վերջինս շատ կոպիտ արձագանքել է եւ ասել, որ նա իրավունք չունի նման տոնով խոսել նախարարի հետ, պետք է հարգել դիմացինին: Այսպիսով միջադեպն ավարտվել է, կողմերը համաձայնության են եկել եւ շարունակել քննարկումը: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանից պարզել, թե ի՞նչն էր նրան այդքան զայրացրել, որ վիճաբանության մեջ է մտել գործադիրի ղեկավարի հետ, ի պատասխան՝ նախարարն ասաց. «Նման բան չկա, սուտ տեղեկություններ են: Մենք վարչապետի հետ նորմալ աշխատանքային հարաբերություններ ունենք»: Ի դեպ, վեճի մասին տեղեկությունը հերքում են նաեւ կառավարությունում:

 

 

 
Առաջիկա խորհրդարանական ընտրություններում կանանց ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում կրկնակի կավելանա: Ներկայիս 13 պատգամավորների փոխարեն ապագա խորհրդարանում կլինեն առնվազն 20 կին պատգամավորներ: Սակայն մինչ այդ ամենակարեւոր հարցը՝ քաղաքական գործունեության ընթացքում գործիչներին ըստ սեռի չտարանջատելը, Հայաստանի հասարակական կյանքում այդպես էլ չի լուծվում: Կին ղեկավար ունեցող կուսակցականները եւս, երբ որեւէ մեկն իրենց առաջնորդի հետ բանավիճում է, նրան պաշտպանելու եւ հակառակորդին փնովելու համար իբրեւ փաստարկ նշում են, թե ինչպես կարելի է կնոջ հետ բանավիճել: Այս կերպ նրանք առաջին հերթին մեխանիկորեն արժեզրկում են իրենց առաջնորդի խոսքը: Այս իրավիճակում տղամարդ կուսակցականները եւս շատ վատ վիճակում են հայտնվում, քանի որ տվյալ դեպքում կինը, որի հետ վիճելն «ամոթ» է, իրենց կուսակցական ղեկավարն է, այսինքն՝ իրենց քաղաքական միավորի ամենահեղինակավոր անձը:

 

 

 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը շարունակում է թվերի ավանդական դարձած «նկարչությունը»: Այսպես՝ օրերս հրապարակված տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին հինգ ամիսների արդյունքներով Հայաստանում ձկնորսության ընդհանուր արտադրության ծավալը կազմել է 13 միլիարդ 171 միլիոն 300 հազար դրամ: Ըստ ԱՎԾ-ի՝ այդ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 3 տոկոսով: Սակայն ողջ խնդիրն այն է, որ նույն ԱՎԾ-ի՝ դեռեւս անցած տարի հունիսի 30-ին հրապարակած տվյալի համաձայն՝ 2015-ի առաջին հինգ ամիսներին Հայաստանի ձկնորսության արտադրության ընդհանուր ծավալը կազմել է 13 միլիարդ 272 միլիոն 800 հազար դրամ: Այսինքն՝ վերը բերված թվերը վկայում են այն մասին, որ այս տարվա հինգ ամիսների արդյունքներով Հայաստանում ձկնորսության արտադրության ծավալները, անցած տարվա համեմատ, նվազել են 101 միլիոն 500 հազար դրամով: Իսկ թե այս փաստն ԱՎԾ-ն ինչպես է իբրեւ աճ ներկայացրել, թերեւս միայն այդ կառույցի մասնագետներին է հայտնի:

 

 

 
ԱՐԴԱՐԱՆԱԼՈՒ ՎԱՐՊԵՏ
Ռուս-թուրքական հարաբերությունների սրընթաց բարելավման ֆոնին Հայաստանում որոշ իշխանական գործիչներ հանդես են գալիս բավականին անհեթեթ հայտարարություններով, թե միեւնույն է` ռուսներն ու թուրքերը չեն կարող երկարաժամկետ հեռանկարում բարեկամներ լինել: Նկատենք, որ նույն այդ մարդիկ անցած նոյեմբերից հետո մեծագույն հրճվանքով ամպագոռգոռ հայտարարություններ էին անում այն մասին, թե հեսա-հեսա, ուր որ է՝ Ռուսաստանը վերանայելու է անգամ Կարսի պայմանագիրն ու քրեականացնելու է Հայոց ցեղասպանության ժխտումը: Հիմա էլ, չնայած ակնհայտ իրողություններին, փաստորեն նրանք չեն ցանկանում ընդունել, որ իրենց ուտոպիստական հայտարարություններում սխալվել են:
Ընդ որում, նկատենք, որ այդ նույն իշխանական շրջանակները ոչ պակաս ոգեւորությամբ հայտարարում էին, թե ռուս-թուրքական հարաբերությունների խզումը հսկայական օգուտ է բերելու հայկական գյուղատնտեսությանը: Մինչդեռ հիմա արդարանում են, թե յոթ ամիս ժամանակը շատ քիչ է՝ որեւէ գործընթացից օգուտ քաղելու համար, եւ շատ իմաստուն դեմքով արձանագրում, որ ռուս-թուրքական հարաբերությունների ո՛չ խզումից, ո՛չ էլ վերականգնումից հայկական կողմը ոչինչ չէր էլ կարող շահել:
Իրականում սա ողբերգություն է, քանի որ մեր երկրի ապագան տնօրինում են հենց այդ մարդիկ, որոնք ամենափոքր բանից պատրաստ են չպատճառաբանված հրճվանքի մեջ ընկնելով՝ ոսկու սարեր խոստանալ ժողովրդին, ապա սեփական հաշվարկների սնանկությանը բախվելով՝ առանց դույզն-ինչ անհարմար զգալու նոր, հորինած փաստարկներով արդարանալ եւ այդպես շարունակ՝ մեր երկիրն ու բարեկեցությունը գերի դարձնելով սեփական անհեռատես ու ծանծաղամիտ գործունեությանը:
Եվ երբ հիմա հայտարարում են, թե յոթ ամիս ժամանակը շատ քիչ է՝ տնտեսական օգուտ քաղելու համար, դժվար է չհարցնել՝ իսկ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության դեպքում ինչ փաստարկ պիտի բերեն: ժամանակին ԵՏՄ-ի դեպքում էլ էին մեծ-մեծ խոսում, թե Հայաստանի առջեւ բացվում է 175 միլիոնանոց շուկան, գյուղատնտեսության նախարարը օրումեջ հարցազրույցներ էր տալիս՝ հայտարարելով, թե այդուհետ հայ գյուղացու բերքը դեռ չհասունացած արդեն վաճառված է լինելու, մինչդեռ ԵՄ-ին անդամակցելուց հետո մթերող գործարանների առաջ գոյացող անվերջանալի հերթերն ու արտերում տոննաներով չհավաքված բանջարեղենը լավագույնս ցույց են տալիս այդ հայտարարությունների արժեքը:
Եվ մի բան էլ. այդ ինչպես է պատահում, որ հայկական գյուղմթերքի արտահանման դեպքում յոթ ամիսը քիչ ժամանակահատված է, իսկ, օրինակ, իրանական գյուղմթերքի համար երկու-երեք ամիսն էլ բավական է՝ ռուսական շուկան գրավելու համար: Իրականում սա այն դեպքն է, երբ դժվար է չմեջբերել Ռոբերտ Քոչարյանի սիրած ասացվածքներից վատ պարողին խանգարող համապատասխան հանգամանքի մասին:




Լրահոս