Հարց քաղաքացիներից` կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ՝ ՀՀ տարածքից արտերկիր մրգեր ու բանջարեղեն արտահանելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ՝ ՀՀ տարածքից արտերկիր մրգեր ու բանջարեղեն արտահանելու համար:

Հովհաննես Դանիելյան (43 տարեկան, գործարար)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող առարկաների արտահանումն իրականացվում է ներկրող երկրի բուսասանիտարական պահանջներին համապատասխան եւ թույլատրվում է արտահանման բուսասանիտարական հավաստագրի առկայության դեպքում, որը տրվում է յուրաքանչյուր տեսակի բեռի համար տեսուչի կողմից:
Արտահանման բուսասանիտարական հավաստագիր ստանալու համար բեռնատերը դրա մասին հայտ է ներկայացնում տեսչություն, որը հայտը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, կատարում է բեռի ստուգում եւ տալիս արտահանման բուսասանիտարական հավաստագիր, իսկ բուսասանիտարական անձնագիր ներկայացնելու դեպքում բուսասանիտարական հավաստագիրը տրվում է անմիջապես: Բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող առարկաների արտահանման բուսասանիտարական հավաստագիրն ուժի մեջ է 14 օր՝ տրված օրվանից մինչեւ երկրի սահմաններից դուրս բերելը:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ 2015 թվականի հոկտեմբերի 7-ի դրությամբ ՀՀ-ից ընդհանուր առմամբ արտահանվել էր 60.600 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն՝ 2014 թվականի նույն ժամանակահատվածի 36.364 տոննայի դիմաց: Այս տարվա տվյալների մշակումը ընթացքի մեջ է:




Լրահոս