Բացվել է «Երևանյան էտյուդներ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով «Հայ Արտ» մշակութային կենտրոնում լուսանկարիչների միջազգային օրվա առիթով բացվել է «Երևանյան էտյուդներ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Ցուցադրությանը ներկայացվել են Երևան քաղաքի պատմության թանգարանում պահպանվող 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի, նաև խորհրդային շրջանի հայազգի անվանի լուսանկարիչների շուրջ 70 աշխատանքներ:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, Երևանի քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը:

«Երևան քաղաքապետարանն արդեն 4-րդ տարին անընդմեջ մայրաքաղաքի ամառային առօրյան փորձում է ոչ միայն հետաքրքիր ու բովանդակալից, այլև առավել մշակութային դարձնել: Ցուցադրությունում ներկայացված հին երևանյան լուսանկարներից յուրաքանչյուրը մեկ ակնթարթում հավերժացած պահի պատմություն է, որոնք, վստահ եմ, կհետաքրքրեն մեր համաքաղաքացիներին ու Երևանի հյուրերին»,-նշել է Ռուբեն Հովհաննիսյանը:
Ցուցահանդեսում տեղ են գտել հայ ժամանակակից լուսանկարչության հիմնադիրներ Հովհաննես և Գեղամ Թարիվերդյանցների, Մարտիրոս Դադյանցի, Հովհաննես Քյուրքչյանցի, ինչպես նաև Դմիտրի Երմակովի և այլոց լուսանկարները:
«Երևանյան էտյուդներ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը կգործի մինչև հուլիսի 19-ը: Մուտքն ազատ է:




Լրահոս