ՀԱՐՑ. Ես մտադիր եմ փոխել իմ սոցիալական փաթեթի հաշիվը: Խնդրում եմ ասեք՝ նման իրավունք ունեմ, թե ոչ: Եթե այո, ապա ի՞նչ պետք է անեմ:
Կարինե Մնացականյան (37 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Յուրաքանչյուր բյուջետային տարվա սոցիալական փաթեթի գումարների փոխանցման համար լրացվում է նոր դիմում: Սոցփաթեթի հաշիվը կարելի է փոխել միայն նոր բյուջետային տարում` նախքան սոցիալական փաթեթի ընթացիկ տարվա առաջին գումարի փոխանցումը: Այս դեպքում աշխատողը դիմումի հետ ներկայացնում է նոր բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանք, ինչպես նաեւ սոցփաթեթի նախկին հաշիվն սպասարկող բանկից տեղեկանք պարտավորություններ չունենալու վերաբերյալ: Սոցփաթեթի հաշիվը փոխելու դեպքում աշխատողն իր հաշվի դրամական միջոցները սոցփաթեթի հաշիվն սպասարկող նախկին բանկից սոցփաթեթի հաշիվն սպասարկող նոր բանկ փոխանցելու համար նախկին բանկ է ներկայացնում նոր բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանք: Այդ տեղեկանքի հիման վրա սոցփաթեթի հաշիվն սպասարկող նախկին բանկն աշխատողի սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցները փոխանցում է սոցփաթեթի հաշիվն սպասարկող նոր բանկի սոցփաթեթի հաշվին:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ սոցիալական փաթեթից օգտվելու համար աշխատողը բանկում բացում է սոցիալական փաթեթի հաշիվ: Սոցփաթեթի հաշիվը բացելուց հետո աշխատողը կարող է բանկից ստանալ սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանք կարգով նախատեսված դեպքերում համապատասխան հաստատություններին ներկայացնելու համար: