Նախարարներն ինչ դիրքորոշում ունեն տարածքները հանձնելու հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում ակտիվացել են ԼՂՀ ազատագրված 7 շրջանների հանձնման մասին խոսակցությունները: Հատկապես Սերժ Սարգսյանի՝ «Բլումբերգին» տված հարցազրույցից հետո պարզ դարձավ, որ հայկական կողմը դեռեւս 2011թ. Կազանում պատրաստ է եղել ստորագրել կարգավորման փաստաթուղթը, որով նախ նախատեսվում է 5 շրջանների հանձնում, ապա եւս երկուսի տրամադրում ադրբեջանական կողմին: Եվ հիմա, երբ գրեթե ամենշաբաթյա ռեժիմով ընթանում են բարձրաստիճան պաշտոնյաների այցելություններ, հանդիպումներ եւ հեռախոսազրույցներ, որոնց հետ կապված ռուսական եւ ադրբեջանական մամուլում լինում են մտահոգիչ արտահոսքեր, իսկ ՌԴ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներն էլ խոսում են դրական ակնկալիքների մասին, հայ հանրության շրջանում առավել խորանում են վատ սպասումները եւ մտավախությունը՝ ժողովրդի թիկունքում հնարավոր ոչ հայանպաստ համաձայնության մասին:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ն իր նախորդ համարում, անդրադառնալով այս հարցին, նշել էր, որ վերջերս կայացած ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը եւս բացահայտել է տարածքների հանձնման պարտադրվող հեռանկարը՝ նշելով, որ այլընտրանք չկա. կա՛մ հողեր ենք հանձնում, կա՛մ պատերազմ է լինելու:

Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը երեկ փորձեց պարզել ՀՀ կառավարության անդամների դիրքորոշումը՝ մի քանի հարց ուղղելով նախարարներին:

«Գիտեք՝ դեռ գնում է բանակցային գործընթաց շատ դժվար պայմաններում: Պետք է յուրաքանչյուրը իր դիրքորոշումը հայտնի: Մեր դիրքորոշումը արտահայտված է Լեռնային Ղարաբաղի Սահմանադրության մեջ, ուրիշ խնդիր չկա: Մինչեւ լեռնային Ղարաբաղի ստատուսը չհստակեցվի, այլ խնդիր չի կարող լինել:

Ես ճիշտ չեմ համարում, որ բանակցային գործընթացի ընթացքում հասարակական նման ձեւաչափով խոսակցություններ են ընթանում, որովհետեւ կան կողմեր, եւ կողմերը ունեն հստակեցված դիրքորոշում: Պետք է թողնենք՝ մեր քաղաքական պատասխանատվություն ունեցող դիվանագետները, քաղաքական պաշտոնյաները կարողանան իրենց գործընթացը անեն, որովհետեւ խոսքը գնում է ընդհանրապես գլոբալ հայկական շահի մասին: Հայկական շահը մեկն է, պետք է կարողանանք դա պաշտպանել»,-մեր հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

Մեր այն հարցին՝ եթե իսկապես տարածքներ հանձնվեն, արդյոք նախարարը կընդվզի, Լ. Մկրտչյանը տվեց խուսափողական պատասխան՝ ասելով. «Այդ հարցերով ես եթեներով երբեք չեմ խոսում»:

«Ժողովուրդ»-ը նույն հարցը ուղղեց նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, որը, սակայն, հարցը լսելուց հետո նշեց, թե շտապում է: Մինչդեռ նկատենք, որ վերջինս կառավարության նիստից հետո բավականաչափ ուշ դուրս եկավ շենքից, այն էլ հետնամուտքով:

Իսկ, ահա, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, լսելով մեր հարցը, ձեռքերը դրեց գլխին՝ հասկացնելով, թե չի ուզում պատասխանել: Մեր հնչեցրած երկրորդ հարցին` ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ Սերժ Սարգսյանի կողմից տարածքների զիջման մասին հայտարարության շուրջ, Քոչարյանն արձագանքեց. «Ես ԳՄ նիստում չեմ եղել»:

 

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս