Ինչպես հայտնի է՝ հուլիսի 13-ին՝ վաղ առավոտից սկսած, ողջ օրը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը ուսումնամարզական թռիչքներ է իրականացրել: «Արաբո» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Մանվել Եղիազարյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ըստ իրեն՝ արդյոք Ադրբեջանը նոր սադրանք է ծրագրում, թե ընդամենը փորձում է ուժ ցուցադրել:
«Այդ ուժի ցուցաբերումը անմիջականորեն ազդում է մեր արտաքին քաղաքականության վրա, մեր իշխանությունների վրա: Մարդիկ սկսում են վախենալ, ամեն դեպքում իրենց վստահ չեն պահում բանակցությունների ժամանակ, դրա համար Ադրբեջանը Ալիեւի գլխավորությամբ ջանք չի խնայում, որպեսզի ցույց տա, որ ինքն ինչ-որ բանի ընդունակ է: Բայց մենք չենք վախենում: Գիտեք՝ ինչն է ցավն, ավելի լավ է՝ ոչխարների առաջնորդը լինի առյուծ, քան առյուծների առաջնորդը լինի ոչխար: Շատ դժվար վիճակում ենք հայտնվել: Այս սոցիալական ծանր վիճակում մարդիկ երեխա են մեծացնում, պատրաստ են իրենց երեխաների կյանքի գնով Արցախի խնդիրը լուծել, կանգնել հայրենիքի համար, բայց դա չի կարողանում անել մեր իշխանությունը»,- ասաց Եղիազարյանը: