ՆԱՏՕ-ի «խորացումն» ու Ռուսաստանի պարտությունը Արևելյան Եվրոպայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 8-ին Վարշավայում կայացավ ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովը, որտեղ կայացվեց շատ կարեւոր աշխարհաքաղաքական նշանակության որոշում. Դաշինքի 4000-անոց ռազմական ստորաբաժանումը կտեղակայվի Լեհաստանում, Լատվիայում, Լիտվայում ու Էստոնիայում: Նման որոշումն ունի մի քանի ուղերձ: Անդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին.

Ուղերձ համար 1.

Լեհաստանը, որն ունի հստակ ընդգծված հակառուսական քաղաքականություն, իր ազգային կամքով, պոտենցիալով՝ տարածք, բնակչություն եւ աշխարհագրական դիրք, հանդես է գալիս իբրեւ աշխարհաքաղաքական կենտրոն: Իր այդ կարգավիճակով Լեհաստանը ռուսական ազդեցության կրճատման բնական պատնեշ է, հենց այդ երկրով է անցնում ուժերի բալանսի սահմանը, ու նրա միջոցով է Արեւմուտքը հիմնականում կարողանում բեկել այդ բալանսը:

Ուղերձ համար 2.

Որոշվել է ամրապնդել այնպիսի երկրների անվտանգությունը (Մերձբալթյան երկրներ), որոնք այսօր նույնպես ունեն հստակ ընդգծված հակառուսական դիրքորոշում եւ, որպես իրենց անվտանգության սպառնալիք, դիտարկում են Ռուսաստանին: Այս երկրների մոտ հատկապես խորացավ անվտանգության սպառնալիքի ազգային զգացողությունը, երբ Ռուսաստանն անեքսիայի ենթարկեց Ղրիմը՝ միջամտելով ուկրաինական քաղաքացիական պատերազմին: Ուկրաինան գտնվում է այդ երկրներին շատ մոտ, եւ այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները չէին կարող նրանց կողմից չգնահատվել իբրեւ սպառնալիքի ռիսկ, որն էլ պատճառ է դառնում էլ ավելի ամրապնդելու սեփական անվտանգությունը ՆԱՏՕ-ի հովանու ներքո:

Ուղերձ համար 3

Սա թերեւս ամենաստրատեգիական նշանակությամբ ուղերձն է, որը շատ կարեւոր նշանակություն ունի աշխարհաքաղաքական տեսանկյունից: Բանն այն է, որ դեռեւս 2002 թվականին Պրահայում տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի հայտնի գագաթնաժողովը, որտեղ որոշվեց կիրառել, այսպես կոչված, «անվտանգության ընդլայնման» ռազմավարությունը, որի շրջանակներում ՆԱՏՕ-ի կազմ հրավիրվեցին Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Բուլղարիան, Ռումինիան, Սլովակիան եւ Սլովենիան, որոնք երկու տարի անց դարձան Դաշինքի անդամ: «Անվտանգության ընդլայնման» հայեցակարգը, սակայն, չէր ապահովում ամուր պաշտպանական շերտ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերությունների, ուժերի բալանսի պահպանության կամ դրա փոփոխման առումներով:

Ուստի անհրաժեշտ էր, նախ, արեւելաեվրոպական երկրներին, որոնք Ռուսաստանը դիտարկում են իբրեւ սպառնալիք, ապահովել ամուր եւ հուսալի պաշտպանական մեխանիզմներով ու միջոցներով, որոնք հնարավորություն կտային նրանց ապահով զգալու, այնուհետ արդեն մշակելու Ռուսաստանի՝ զսպման եւ «քաղաքական դուրսմղման» ռազմավարություն: Ավելորդ չէ նշել, որ Ռուսաստանը ԵՄ անվտանգության եւ արտաքին քաղաքականության գլոբալ ռազմավարության մեջ պաշտոնապես համարվում է ստրատեգիական սպառնալիք: Իսկ սպառնալիքները, որպես կանոն, պետք է վերացվեն: Երկար ժամանակ Վաշինգտոնից Մոսկվային հասկացնում էին, որ ՆԱՏՕ-ն անցնելու է իր ծրագրի իրականացմանը՝ ՀՕՊ համակարգեր, ստորաբաժանումներ եւ այլն: Նույնն անում էին Լեհաստանի հետ մերձբալթյան հանրապետությունները: Եւ, ահա, հուլիսյան գագաթնաժողովով Դաշինքն «անվտանգության ընդլայնումից» անցում կատարեց «անվտանգության խորացման» ռազմավարությանը՝ ռազմական ներկայություն ապահովելով թիրախային կետերում:

Ինչպես երեւում է՝ ՆԱՏՕ-ն որոշել է Եվրոպայում ամրացնել անվտանգության ոլորտը եւ կրճատել Ռուսաստանի ազդեցության ոլորտներն այնքան, որպեսզի վերջինը չկարողանա ամբողջապես տիրել Ուկրաինային: Ուկրաինան ռուսական վերջին պատվարն է կայսրության «գահը» պահելու ազգային իղձերի ճանապարհին, դրա կորուստը կնշանակի փակել Եվրոպայում իր վերջին ու ծանր դուռը: Չնայած Վաշինգտոնն ու Բրյուսելը հավաստիացնում են, որ սա ուղղված չէ Ռուսաստանի դեմ, սակայն ակնհայտ է, որ սույնով հավատարիմ են մնում աշխարհաքաղաքագետ Մակինդերի տեսությանը, համաձայն որի՝ ով վերահսկում է Արեւելյան Եվրոպան, վերահսկում է «Հարթլենդը» (հիմնականում համընկնում է Ռուսաստանի տարածքի հետ), ով վերահսկում է «Հարթլենդը», տիրապետում է «Համաշխարհային կղզուն» (Եվրասիա, Աֆրիկա):

Ինչ մնում է ՌԴ-ին, ապա, իհարկե, սա չի կարող չանհանգստացնել նրա ղեկավարությանը, որն այս ծրագիրը դիտարկում է իբրեւ իր դեմ կատարվող քայլ: Դա բնական է, քանի որ Ռուսաստանն էլ իր «ՆԱՏՕ»-ն է ստեղծել ՀԱՊԿ տեսքով, իբրեւ հակակշիռ եւ ազդեցության ոլորտների բաժանման աշխարհաքաղաքական գործոն, ինչն էլ ենթադրում է «մարտահրավեր-պատասխան» հարաբերություն:

Արման Սահակյան




Լրահոս