Թուրքիայի որոշ բնակիչներին երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունից «ժողովրդավարությունը պահպանելու» և փողոց դուրս գալու կոչերով SMS հաղորդագրություններ են եկել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ֆեյսբուք սոցցանցի օգտատերերին:
«Թուրք ազգի զավակներ: Այս շարժումը, ինչպես, օրինակ, 70-ականներին թուրք ժողովրդի դեմ ուղղված, զենքի կիրառման ճանապարհով հեղաշրջում կատարելու փորձ է: Ժողովրդավարություն և խաղաղություն պահպանեք: Ես հրավիրում եմ ձեզ փողոցներ դուրս գալ այդ մանր խմբերի դեմ, որոնք կարծում են, թե կարող են կոտրել թուրք ժողովրդին: Պահպանեք ձեր կառավարությունն ու ազգը»,-տեքստը մեջբերում է բնակիչներից մեկը:
Թուրքիայի բնակիչները հաղորդագրություններ են ստացել ոչ թե փակ համարից, այլ RTERDOGAN-ից:
Հիշեցնենք, որ երեկ գիշերը երկրի գլխավոր շտաբը հայտարարել էր իշխանության գրավման մասին: