Արայիկ Հարությունյանը ընդունել է Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 15-ին ընդունել է Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ:

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժի փոխանցմամբ՝ ողջունելով հյուրերին՝ վարչապետը կարևորել է Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների և Ստեփանակերտ քաղաքի ու ԱՀ շրջանների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը:

Ա. Հարությունյանը նշել է, որ ստեղծված կայուն համագործակցությունը զարգացման լուրջ հեռանկարներ է բացում՝ նոր ծրագրերի իրականացման և գործնականում ավելի բարձր արդյունքներ արձանագրելու համար:«Ուրախալի է, որ վերջին տարիներին ակտիվ ու բազմակողմանի համագործակցություն է ձևավորվել Երևանի քաղաքապետարանի հետ:Կարծում եմ՝ լավ օրինակ կլինի նաև Արցախի և Երևանի կրթական օջախների միջև համագործակցությունը: Այս առումով, տեսակապի հնարավորությունը փորձի փոխանակման համար կարող է որպես մշտական միջոց ծառայել և ուսուցման պրոցեսում շոշափելի արդյունքներ ապահովել»,- ասել է վարչապետը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս խորացնել համագործակցության առկա մակարդակը: Նրա խոսքով, ավելի ընդգրկուն ու գործնական քայլերի անցնելու համար գործընկերների հետ նոր ծրագրեր են քննարկվում, որոնք ներառվելու են համագործակցության ընթացիկ տարվա աշխատանքային պլանի մեջ:

Հայկական երկու հանրապետությունների մայրաքաղաքների  համագործակցության արդյունքների վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:Այնուհետև Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներն առանձին-առանձին հաշվետվության կարգով ներկայացրել են Ստեփանակերտի և ԱՀ շրջանների հետ վերջին երեք տարիների ընթացքում իրենց համագործակցության արդյունքները:Այդ առթիվ, մասնակիցների համար նաև ամփոփիչ տեղեկատվությամբ ֆիլմ է ցուցադրվել:

Հանդիպման ավարտին ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանը և Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանը խորհրդանշական հուշանվերներ են փոխանակել:




Լրահոս