Չնայած համայնքների խոշորացման հարցով իրականացված հանրաքվեի բացասական արդյունքին եւ շատերի դժգոհությանը, այնուամենայնիվ, ՀՀ կառավարությունն իրականացրեց խոշորացման ծրագրերը Լոռու, Տավուշի եւ Սյունիքի մարզերում: «Ժողովուրդը» փորձեց հասկանալ, թե ինչ է փոխվել համայնքներում խոշորացումից հետո, ինչ էական ծրագրեր են իրականացվել եւ արդյոք իրականացվել են, թե ոչ: Այս նպատակով զրուցեցինք Սյունիքի մարզի Տաթեւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանի հետ:
-Պարո՛ն Սիմոնյան, Ձեզ գոհացնո՞ւմ է համայնքների խոշորացման ծրագրի ընթացքը:
-Դժգոհություն չկա, ամեն ինչ իրա հունով գնում է առաջ: Ինչ խնդիրներ եղել են, հերթականորեն կատարվում են:
-Ինչպե՞ս եք տեխնիկական, փաստաթղթային հարցերը լուծում: Խնդիրներ չե՞ն առաջանում:
-Փաստաթղթային հարցերը նորմալ ձեւի են: Ունենք վարչական ներկայացուցիչներ եւ օպերատորներ: Ընդհանուր ամբողջ համակարգը համացանցով իրար հետ կապված է:
-Ի՞նչ փոփոխություններ են կատարվել համայնքների խոշորացման ծրագրի շրջանակներում:
-Ծրագրեր կան, որոնք վերջնական պատրաստվում են, որ իրականանան համայնքներում: Չէ, ինչի՞ չի գոհացնում: Ես առաջխաղացում տեսնում եմ:
-Կոնկրետ ո՞ր հարցերում եք տեսնում:
-Որովհետեւ տարբեր կազմակերպություններ մեզանով արդեն հետաքրքրված ենք: Իրանք մեզ աջակցում են, օգնում են: Ամբողջ խոշորացված համայնքների համար ընդհանուր ինչ-որ ծրագրեր են անում:
-Բազմիցս ասվել է, որ համայնքների խոշորացման ծրագրի համար դրամաշնորհներ են տալիս: Ձեզ հասե՞լ է:
-Դե, գումարը նենց չի, որ գաղտնի են մեզ տալիս: Մարզպետարանի եւ կառավարության աջակցությամբ ոչ թե գումարային, այլ որեւէ աշխատանքով, տեխնիկայով, խմելու ջրագծի վերանորոգման եւ այլ օգնությունների տեսքով: Այս պահին ճանապարհները վերանորոգելու խնդիր ունենք: Զարգացման հիմնադրամի միջոցով ամբողջ համայնքներում կա 199 միլիոն դրամի ծրագիր, որտեղ մենք առաջարկել ենք միջհամայնքային ճանապարհները վերանորոգել:
-Իսկ համայնքապետարանների աշխատակիցների կրճատումների հետ կապված ի՞նչ կասեք:
-Գրեթե չի եղել: Հաշվապահներ են կրճատվել: Բայց էլի ընդգրկվել են աշխատանքի մեջ:
Զրուցեց Լիդա Եղիազարյանը