Վաղ առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց:
Միջազգային մամուլն ակտիվորեն հետևում է այս իրադարձությանն ու պարբերաբար՝ հղում կատարելով հայկական ԶԼՄ-ներին, տեղեկություններ հաղորդում:
Մասնավորապես, համաշխարհային առաջատար՝ BBC, Daily Mail, The New York Times, The Sun, Al Jazeera, Mirror, Reuters, ինչպես նաև ռուսական RIA Novosti, RT, Gazeta, Lifenews, Vedomisti և մի շարք այլ լրատվամիջոցներ, արձագանքում են հայաստանյան իրադարձություններին:
Ռուսական ԶԼՄ-ները տեքստային օնլայն հեռարձակմամբ հաղորդում են Հայաստանում կատարվող իրադարձությունների մասին, մասնավորապես, RIA Novosti գործակալությունը հայտնում է, որ ՀՀ ոստիկանությունն արդեն հայտնել է Երևանում շենքի գրավման ժամանակ զոհվածի և վիրավորվածների անունները: Գործակալությունը նաև հրապարակում է սոցցանցերում տարածված՝ գրավված շենքից արված տեսագրությունը, որում երևում է, թե ինչպես են ուժայիններն ազատ տեղաշարժվում տարածքով: Gazeta-ն, իր հերթին, գրում է, որ «ապստամբները կառավարության հրաժարականն ու նրանց կողմնակից Ժիրայր Սէֆիլյանի հրաժարականն են պահանջում»:
Lifenews-ի փոխանցմամբ՝ Երևանում սկսվել է պատանդների ազատ արձակման հատուկ օպերացիան:
Vedomosti պարբերականի տեղեկություններով՝ Սէֆիլյանի կողմնակիցները, ովքեր մեղադրվում են հանրապետությունում հանցավոր խմբավորում ձևավորելու մեջ, հայտարարել են «Հայաստանում իրավիճակը փոխելու մտադրության մասին»:
BBC-ն՝ հղում կատարելով ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը, հայտնում է կիրակի օրը ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի վրա իրականացված զինված հարձակման մասին:
Բրիտանական հեղինակավոր Daily Mail-ը գրում է Հայաստանում «հեղաշրջման փորձի», ինչպես նաև զինված հարձակման արդյունքում մեկ զոհի մասին: Մեկ զոհի մասին փաստում է նաև ամերիկյան The New York Times պարբերականը:
Բրիտանական Mirror-ը գրում է «Թուրքիայի սահմանամերձ երկրում զինված հարձակման մասին»: