ՊԵՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ներկա իշխանական համակարգը, որը ձեւավորվել է դեռեւս 2000-ականների սկզբին եւ արդեն 15 տարվա պատմություն ունի, աստիճանաբար գնում է սերնդափոխության. պետության միջոցների հաշվին միլիոնատեր դարձած ներկա ու նախկին պաշտոնյաները աստիճանաբար առաջ են մղում իրենց զավակներին, փեսաներին, զավակների ընկերներին եւ այսպես շարունակ:

Սակայն «ոսկե զավակներին» հենց այնպես միանգամից չեն դարձնում պատգամավոր, նախարար կամ փոխնախարար: Օրինակ՝ իրավաբանի կրթությամբ «ոսկե զավակներին» մինչեւ դատավոր կամ դատախազ դարձնելը, մի քանի տարի փորձարկում են քննիչի կամ որեւէ գերատեսչության իրավաբանի պաշտոնում, նոր միայն նրանց տալիս իրենց համար պահված պաշտոնը:
Տնտեսական կրթություն ունեցող «ոսկե զավակների» առաջխաղացումն էլ մինչեւ վերջերս իրականացվում էր պետական գերատեսչությունների կառույցում գործող տարատեսակ կազմակերպություններում նրանց աշխատանքի տեղավորելու միջոցով: Նման կազմակերպությունների հմայքն այն է, որ դրանք գործում են բոլորի աչքից հեռու, դրանց աշխատակիցների ով լինելու մասին էլ ոչ ոք չի իմանում, նրանց կենսագրական տվյալները չեն հրապարակվում, եթե անգամ հրապարակվում էլ են, միեւնույն է՝ դրանցից չես կարող կռահել, թե ով ում «ոսկե զավակն» է:
2008 թվականից սկսած, երբ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրեց Տիգրան Սարգսյանը, պետական կառավարման համակարգի ներսում սկսեցին տարատեսակ` գլամուրային անվանումներով, պետական ոչ առեւտրային կազմակերպություններ ստեղծել: Դրանցում հիմնականում աշխատանքի էին տեղավորվում «ոսկե զավակները», որոնք պետական բյուջեի միջոցների հաշվին կառավարելու «հմտություններ» էին ձեռք բերում: Նման կառույցները, որպես կանոն, մեկ-երկու տարվա կյանք են ունենում, այնուհետեւ դրանք լուծարվում կամ վերակազմավորվում են:
Համանման կառույցներից մեկը ՀՀ էկոնոմիկայի նախարարության ենթակայությամբ գործող «Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ն է, որը ստեղծվել է 2009 թվականի գարնանից: Այս կառույցի գործառույթները կարելի է հետեւյալ կերպ բնորոշել. ստեղծված է ամեն ինչի, հետեւաբար ոչնչի համար: Այսպես՝ նշված ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքում նրա գործառույթների մասին գրված է. «Կենտրոնը իրականացնում է նորարարությունների, նորամուծական գաղափարների զարգացման գործընթաց` աջակցելով դրանց առեւտրայնացման նախապատրաստման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացմանը՝ մատուցելով գիտատեխնիկական տեղեկատվական եւ գրադարանային ծառայություններ: Տեղեկատվական ռեսուրսների ձեւավորում` արտացոլելով ՀՀ գիտատեխնիկական եւ նորարարական ներուժը»:
Այսինքն՝ կարելի է կարծել, թե Հայաստանի խնդիրը գաղափարների պակասն է: Այլ կերպ ասած՝ մարդիկ ցանկանում են գործարարությամբ զբաղվել, կարող են այդ անել, բայց չգիտեն՝ ինչ անեն, եւ վերը նշված կառույցը մարդկանց «հուշում» է, թե ինչ բիզնեսով կարող են զբաղվել: Իրականում Հայաստանում գործարարությամբ զբաղվելու հարցում խնդիրը եղել եւ մնում է հավասար պայմանների հնարավորությունը: Մարդիկ Հայաստանից գաղափարներ չունենալու պատճառով չեն արտագաղթում: Նրանք հեռանում են, որովհետեւ չեն ցանկանում իշխանության ղեկին կանգնած մարդկանց համար հարստանալու միջոց լինել, մարդիկ արտագաղթում են, որովհետեւ իրենց երեխաներին փորձում են ավելի կայուն հեռանկար ապահովել եւ այսպես շարունակ:
Վերը նշված ՊՈԱԿ-ի գործունեությունն ապահովելու համար տարեկան ծախսվում է ավելի քան 150 միլիոն դրամ: Մասնավորապես, ընթացիկ տարվա համար պետբյուջեից հատկացվել է 152 միլիոն 773 հազար դրամ, որից 127 միլիոն 600 հազար դրամը ծախսվելու է 91 հոգու աշխատավարձ վճարելու համար:
Ի դեպ, բացառված չէ, որ նշված ՊՈԱԿ-ի գործունեության վրա այդ 150 միլիոն դրամից բացի՝ այլ գումարներ էլ են ծախսվում, որոնց մասին հրապարակային փաստաթղթերում տվյալներ չկան: Իսկ թե ինչ էֆեկտիվությամբ են ծախսվում այդ գումարները, դա էլ խոսակցության այլ թեմա է:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

ԶԱԽԱՐՅԱՆԻ ՊՏՈՒՂՆԵՐԸ
ՀՀ կառավարությունն իր վաղվա նիստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Դոմազյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2016 թվականի փետրվարի 25-ի վճռի համաձայն` կվճարի 3 հազար 600 եվրո: Նշենք, որ Դոմազյանն ընդդեմ Հայաստանի գործը Եվրադատարանում է 2007 թվականից: Դոմազյանը 2005 թ. սեպտեմբերին Երեւանում ստացել է իրեն պատկանող, բայց ապօրինի կառուցված ավտոտնակի սեփականության վկայական: 2006 թ. հունիսին Երեւանի քաղաքապետի մեկ այլ որոշմամբ սեփականության վկայականը չեղյալ է համարվել: Դոմազյանը դատական ատյաններում իր իրավունքները պաշտպանել չկարողանալուց հետո դիմել է եվրադատարան եւ այնտեղ հաղթել: Հիշեցնենք, որ այս պատմության պատասխանատուն Երեւանի նախկին քաղաքապետ Երվան Զախարյանն է (նա Երեւանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2003-ից մինչեւ 2009 թ.թ.):

 

 

 

ԳՐԱՏԱԽՏԱԿ ԹԵ ՃԱԿԱՏ
«Ժողովուրդ»-ը դեռեւս նախորդ տարի գրել էր, որ մարտի 16-ին Սերժ Սարգսյանը ընդունել է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Մեր տեղեկություններով՝ հենց այդ հանդիպման ժամանակ էլ Սերժ Սարգսյանը Գյումրիի գործող քաղաքապետին բացատրել է, թե որ դեպքում նա կարող է դառնալ իշխող ՀՀԿ-ի թեկնածուն: Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ի Շիրակի մարզային կառույցը որոշում է կայացրել Գյումրիում աշնանը կայանալիք քաղաքապետի ընտրություններին մասնակցել Խոսրով Հարությունյանի՝ Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության հետ դաշինքով: Այդ դաշինքի՝ Գյումրու ավագանու թեկնածուների ցուցակը կգլխավորի Սամվել Բալասանյանը: Ի դեպ, ժամանակին, երբ Սամվել Բալասանյանը դեռեւս ՕԵԿ անդամ էր, նրանից լրագրողները հետաքրքրվել էին, թե հնարավոր է՝ ինքն էլ մի շարք գործարարների պես լքի այդ կուսակցությունը: Բալասանյանը նման տարբերակը բացառել էր՝ ասելով, որ իր ճակատին գրված է ՕԵԿ: Սակայն մի քանի ամիս էլ չանցած՝ նա լքեց ՕԵԿ-ը: Հետագայում դարձավ ԲՀԿ անդամ` 2012-ին Գյումրիի քաղաքապետ դառնալու համար ճակատին «ԲՀԿ գրելով»: Բայց անցած տարի էլ ԲՀԿ-ից դուրս եկավ: Այժմ թերեւս պատրաստվում է ՀՀԿ-ի եւ ՀՔԴԿ-ի դաշինքի մասին «ճակատին» ինչ-որ գրառում կատարել:

 

 

ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ԱՅՑՈՎ
Այս օրերին Հայաստանում էին գտնվում Վրաստանի խորհրդարանի մի շարք ներկայացուցիչներ: Մասնավորապես Սամվել Պետրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հետեւյալ կերպ ներկայացրեց իրենց այցելության նպատակը. «Բարեկամական այցով այցելել ենք Հայաստան, հանդիպումներ ենք ունեցել Հայաստանի ԱԺ ղեկավարության, կառավարության հետ: Այցելությունը, առաքելությունը կայանում էր նրանում, որ ավելի խորացնենք, ամրապնդենք հայ-վրացական բարեկամությունը: Հարցեր ենք քննարկել, համարյա բոլոր ոլորտները շոշափել ենք: Բավականին ջերմ ընդունելություն էր Հայաստանի ղեկավարության կողմից, մթնոլորտը շատ ջերմ էր»:

 

 

 
ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ ԵՆ
Ֆրանսիան միշտ էլ իր պատրաստակամությունը հայտնել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման եւ լուծում գտնելու հարցում: Երեկ այս մասին ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն` անդրադառնալով առաջիկայում Ֆրանսիայում նախատեսված Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը։ Նրա խոսքով՝ անվտանգության մեխանիզմների ներդրումը կարեւորվում է, եւ խիստ անհրաժեշտ է: Ըստ դեսպանի՝ սահմանում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման հարցում չկա ո՛չ տարաձայնություն, ո՛չ էլ թյուրըմբռնում:

 

 

ՇՈՒՏ ՉԵՆ ԳԱ
«Միջնորդները պլաններ չունեն շուտափույթ կերպով տարածաշրջան այցելելու, բայց մենք պարբերաբար կապ կպահենք հակամարտության կողմերի հետ»,- ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Ամերիկացի դիվանագետը նշել է, որ հուլիսի 11-ին Վիեննայում անցկացված հանդիպման ընթացքում համանախագահները Մինսկի խմբի անդամներին տեղեկացրել են անցկացված բանակցությունների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հանդիպումների, ինչպես նաեւ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած նախագահների հանդիպումների մասին:

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԴՈՒՐՍ
Լեռնային Ղարաբաղի բնակչությունն անվտանգ կարող է ապրել բացառապես Ադրբեջանի կազմից դուրս: Այս մասին համաարաբական հեղինակավոր «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Սերժ Սարգսյանը.«Որեւէ մեկի համար հիմա կասկած չկա. եթե ինչ-որ մի չար կատակով գոնե մեկ օր Ղարաբաղը հայտնվի Ադրբեջանի կազմում, Ղարաբաղում մի հայ չի մնա: Այնպես որ, ամենակարեւորը նա է, որ Լեռնային Ղարաբաղը դուրս լինի Ադրբեջանի կազմից, սա է կարեւորը», – ընդգծել է Սարգսյանը:

 

 

ՍՏՈՐԱԳՐԵՑ
Սերժ Սարգսյանը երեկ ստորագրել է Ազգային ժողովի ընդունած` ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ, «Իրավական ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքները: Հիշեցնենք, որ հունիսի 16-ին ստորագրվեց ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպման տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնության մասին հայտարարությունը, ինչից հետո կառավարությունը հավանություն տվեց համապատասխան օրինագծին եւ այն ներկայացրեց խորհրդարանի արտահերթ նստաշրջանի քննարկմանը: Ազգային ժողովը հունիսի 29-ին նախագիծն ընդունեց առաջին, հաջորդ օրը երկրորդ ընթերցմամբ:

 

 

ԿՄԵԿՆԻ ՄՈՍԿՎԱ
Հուլիսի 14-15-ը Մոսկվա կմեկնի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Սիրիայի ճգնաժամի եւ Ուկրաինայի խնդիրը քննարկելու համար:

 

 

ՄԵԿ ԹԵԿՆԱԾՈՒՈՎ
2016 թվականի հուլիսի 15-ին` ժամը 10:00-ին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի կունենա ռեկտորի ընտրություն: Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել միայն բուհի ռեկտորի պաշտոնակատար Կորյուն Աթոյանը: Վերջինս Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է:

 

 

ՄԻՆՉԵՎ 2017-Ը
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Բաքու վերսկված բանակցային գործընթացի շարունակությունն է: ArmLur.am-ին ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` անդրադառնալով Լավրովի այցին եւ Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող գործընթացներին: Հակոբյանի խոսքով` այս ակտիվությունը վկայում է այն մասին, որ մինչեւ 2017 թվականը որեւէ փաստաթուղթ պետք է ամրագրված լինի, սակայն ըստ քաղաքագետի՝ Ղարաբաղն այնքան էլ համակարծիք չէ Հայաստանի հետ: «Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունը որոշակի տարաձայնություններ ունի ՀՀ-ի իշխանությունների հետ: ԼՂՀ-ի ռազմաքաղաքական էլիտան որեւէ լուրջ երաշխիքներ չի տեսնում այս տարբերակում»:




Լրահոս