ՀՀ-ՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐՆ ԱՆՍԱ՞ՐՔ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարին գյուղատնտեսական առումով կարծես թե այնքան էլ խոստումնալից չէ, քանի որ միայն կարկտահարության դեպքերը բավական են, որպեսզի տարին համարվի անբարենպաստ: Իսկ ինչո՞ւ հնարավոր չի լինում պաշտպանվել կարկտահարությունից:

Նախ տեղեկացնենք, որ Հայաստանում արտադրված բերքը կարկտահարությունից ընդամենը 8 տոկսի չափով է պահպանվում: Անհրաժեշտ է ողջ երկրում ունենալ 5000 կայան, սակայն մենք ունենք 450-ը: Ըստ մասնագետների՝ 1 կարկտակայանը, որն արժի 2-ից մինչեւ 6 մլն դրամ, կարողանում է կրակոցներով պաշտպանել 80 հա տարածք: Սակայն միջին վիճակագրական համայնքն ունենում է մոտ 2000 հա հողատարածք, որը 1 կայանը ի վիճակի չէ ամբողջությամբ պաշտպանել: Այսինքն՝ ստացվում է, որ այսօրվա վիճակով գյուղացուն կարկուտից պաշտպանելու համար, ըստ էության, ոչինչ չի արվում:

Մերն ուրիշ է
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Հայաստանում հակակարկտային կայաններ արտադրում է «Բարվա» ընկերությունը, որը պատկանում է Արամ Վարդանյանին: Նա Հայաստանի գործարարների միության նախկին նախագահն է: Նա հաջողացրել է ոլորտում մենաշնորհատեր լինել:
«Ժողովուրդ»-ը որոշակի ուսումնասիրություն կատարելուց հետո տեղեկացավ, որ «Բարվա»-ն այս ոլորտում գերիշխող դիրք է զբաղեցնում, միակն է: Միայն այս ընկերությունից են համայնքները կայաններ գնում: Համայնքների ղեկավարները ըստ անհրաժեշտության ու հնարավորության հակակարկտային կայան ձեռք բերելու համար մրցույթ են հայտարարում, որին մասնակցում է միայն «Բարվա» ընկերությունը: Ուշագրավ է, որ կայանների սպասարկումը նույնպես իրականացվում է այս ընկերության կողմից, որի համար առանձին է վարձատրվում: Բայց մի շարք գյուղապետեր եւ բնակիչներ շարունակ դժգոհում են հակակարկտային կայանների անարդյունավետ աշխատանքից: Նրանք պնդում են, որ դրանք հիմնականում անսարք են լինում: Իսկ կայանները սարքելու համար լրացուցիչ գումար է պետք, որը, ինչպես հայտնի է, գյուղապետարանները, որպես կանոն, չունեն: Պատահում է նաեւ, որ կայանները կրակում են կարկուտից անմիջապես հետո՝ անօգուտ:
Նկատենք, որ երբ որեւէ այլ ընկերություն փորձում է իր հնարավորություններն ու ուժերը, անմիջապես հեռանում է շուկայից՝ տեղը թողնելով «Բարվա»-ին: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան այն մասին, որ նախկինում այս ոլորտում իր ուժերն են փորձել մի քանի այլ ընկերություններ եւս, այդ թվում եւ «Լոկատոր» ընկերությունը, սակայն նրանց առաջարկները՝ ե՛ւ արտադրանքի, ե՛ւ սպասարկման մասով, ավելի հետաքրքիր ու ձեռնտու չեն եղել գյուղապետերի համար, քան «Բարվա»-ինը: Արդյունքում՝ «Բարվա»-ն դարձել է առաջատարը:
Բայց եթե այս ընկերության հետ մի քանիսը նույնպես փորձեին կայաններ առաջարկել, սպասարկում իրականացնել, ապա դաշտում մրցակցություն կլիներ, որից կբարելավվեին հա՛մ ծառայության որակը, հա՛մ գները: Կառավարությունն էլ բավականին գումար կտնտեսեր: Ո՞վ է կանգնած ընկերության թիկունքում: Ինչո՞ւ տեւական ժամանակ այս շուկա չեն կարողանում մտնել այլ ընկերություններ: Սրանք այն հարցերն են, որոնք անպատասխան են:

Բնության հետ պայքարողը
«Ժողովուրդ»-ը կայանների անարդյունավետ աշխատանքի հետ կապված գյուղապետերի մտահոգությունները փոխանցեց դրանց արտադրությամբ զբաղվող ընկերության՝ «Բարվա»-ի փոխտնօրեն Արման Վարդանյանին: Նրա պարզաբանմամբ. «Կան բաշխված կատեգորիաներ եւ ամենաբարդ կատեգորիայի դեպքում հնարավոր է կայանի արդյունավետության անկում: Այնտեղ, որտեղ ուժգին կարկտահարություն է եղել, մենք քիչ թվով կայաններ ունենք: Այդտեղ տեղադրված են արգենտինական կայանները: Օրինակ՝ Օհանավանի, Կարբիի կողմերը: Մենք արտադրում ենք, մենք սպասարկում ենք, եւ կայանները միշտ սարքին վիճակում են: Իսկ եթե կայանները փչանում են, ապա մենք այն վերանորոգում ենք բարեգործական հիմունքներով»:
«Բարվա»-ի փոխտնօրենը մեզ տեղեկացրեց, որ իրենց ընկերությունը Հայաստանում ունի տեղադրած ավելի քան 300 հակակարկտային կայան, իսկ մոտ 100-ն էլ ԼՂՀ-ում է: Իսկ ի՞նչ պատասխանատվություն է կրում ընկերությունը գյուղացիների կրած հսկայական վնասների համար: «Ժողովուրդ»-ի այս հարցին Վարդանյանը պատասխանեց. «Եղել է ամենաբարձր կատեգորիայի ամպ, ուղեկցվել է ուժեղ քամիով, դա ֆորս-մաժորային իրավիճակ է, արտադրողը ի՞նչ կարող է անել: Բնության հետ պայքարում 100 տոկոսանոց արդյունավետություն գոյություն չունի: Իսկ, ահա, նախորդ տարի այնքան մեծ քանակությամբ բերք էին մարդիկ հավաքել, որ նույնիսկ մթերման հետ կապված խնդիր կար: Այդ տարիներն էլ հիշեք: Իսկ պետությունը միլիոնների հասնող ծախսեր անում է միայն ռիսկերը նվազեցնելու համար»,- արդարացավ Վարդանյանը:
Քայքայված ժառանգություն
Մինչ Վարդանյանը հերքում է կայանների անարդյունավետ աշխատելու մասին տեղեկությունները, այս ընթացքում Արմավիրի եւ Արագածոտնի մարզերի հարյուրավոր գյուղացիներ մտադիր են ճանապարհներ փակել՝ այդպես գործադիրի ուշադրությունը հրավիրելով իրենց խնդրի վրա: Մարդկանց այդ քայլին դրդում է վերեւի օղակներում գտնվողների անպատասխանատվությունը իրենց աշխատանքի նկատմամբ: «Ֆորս-մաժորային իրավիճակ» արտահայտությունն անգիր արած պտտվում են՝ մոռանալով տված խոստումների մասին:
Բացի կայանների անարդյունավետ աշխատանքից՝ այս ոլորտում եւս մեկ խնդիր կա, որի մասին դեռ կարծես թե չի բարձրաձայնվել: Հայտնի է, որ ռադիոտեղորոշիչ սարքերով է միայն հնարավոր որոշել ամպի խտությունը, կառուցվածքը, կարկտաբերության աստիճանը: Իսկ Հայաստանը այս սարքից այժմ ունի ընդամենը 2 հատ: Դեռեւս խորհրդային տարիներին մենք ունեցել ենք 11-ը, որոնցից 9-ը տարբեր պատճառներով փչացել են, անհետացել: Դրանցից մեկը այսօր գտնվում է Արագածոտնում, մյուսը՝ Լոռու մարզում:
Ու այս իրավիճակում միանշանակ հասկանալի է, որ հնարավոր չէ բոլոր ամպերի կարկտաբերության աստիճանը միայն այդ երկու սարքով որոշել ու դիպուկ կրակել: Ինչպես հայտնի է՝ կարկտաբեր ամպերը հիմնականում գալիս են հարավ արեւմուտքից (Թուրքիայից), կայանները դրանց վրա սկսում են կրակել ձայնային ալիքով՝ փորձելով ցրել դրանք: Հակակարկտային կայաններով հնարավոր է նույնիսկ կարկտաբեր ամպի ձեւը, կառուցվածքը փոխել, բայց հաճախ է պատահում, որ չեն կարողանում, քանի որ չգիտեն, թե այդ ամպի կարկտաբերությունն ինչ աստիճան ունի:
Ահա, կոլեկտիվ անպատասխանատվության եւ ունեցած ժառանգությունը մսխելու արդյունքը. զայրացած բնություն, «փուստ կրակող» արտակարգ նախարարություն, տուժած գյուղացիներ եւ հավերժ ֆինանսների խնդիր ունեցող կառավարություն: Իսկապես «ապահով» է Հայաստանը:
Հ. Գ. Իհարկե, քաղաքակիրթ աշխարհը գյուղատնտեսական աղետներից պաշտպանվելու առնվազն երկու էֆեկտիվ եղանակ է կիրառում. մեկը հողատարածքների ու գաճաճ այգիների ցանկապատումն է՝ օդում բարակ թիթեղներով ցանց է անցկացվում նվազագույնը 15 տարի երաշխիքով, որ կարկուտը չի կարող վնասել դաշտերը: Այն թանկ հաճույք է. 1 հա հողատարածքի համար 5-10 հազար ԱՄՆ դոլար անհրաժեշտ կլինի: Եւ երկրորդ՝ հակակարկտային կայանների կիրառումից բացի՝ լայնորեն տարածված է գյուղատնտեսական ապահովագրությունը, որպեսզի գյուղացին չմտածի, թե ինչպես է մարելու վարկերը, եթե կարկուտ ու քամի եղավ: Բայց մեզ մոտ դեռ այս ուղղություններով կարծես թե ոչինչ չի արվում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ՀՀ-ՈՒՄ ՇԻՆԱՆՅՈՒԹԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով՝ Հայաստանում այս տարվա հունիսին մայիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.1 տոկոս գնաճ: Օրինակ՝ շինանյութերի գները նշված ժամանակահատվածում աճել են 0.1 տոկոսով: Բացի այս՝ թանկացել են նաեւ գեղահարդարման ապրանքները, կահույքը, խոհանոցային սպասքը, այգեգործական ապրանքները, գորգեղենը: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ դեղամիջոցները նույնպես թանկացել են 0.2 տոկոսով: Թանկացումից զերծ չի մնացել նաեւ վառելիքի, կոշկեղենի, լվացող միջոցների, կենցաղային էլեկտրաապրանքների շուկան: Ի դեպ, ոսկերչական ապրանքները այս տարվա հունիսին մայիսի համեմատ 0.2 տոկոսով էժանացել են, իսկ հագուստն ու գործվածքը՝ 0.1 տոկոսով: Ոսկերչական ապրանքների էժանացումը պայմանավորված է պահանջարկի նվազումով: Բանն այն է, որ ամռան ամիսներին ոսկերչական ապրանքները ավելի քիչ են վաճառվում, քան աշնան կամ գարնան ամիսներին: Բացի այս՝ վերոնշյալ ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է բենզինի 2 տոկոս գնաճ եւ դիզելային վառելիքի 5.4 տոկոս գնանկում:




Լրահոս