Ստեղծված փակուղային իրավիճակի հաղթահարման ուղղությամբ ելքեր գտնելու նպատակով «Հայազն», «Առաքելություն», «ԳԱԼԱ» կուսակցությունների նախաձեռնությամբ ձեւավորվում է գործող խորհրդակցական հարթակ, որը բաց է քաղաքական եւ հասարակական ուժերի համար:
Դատապարտում ենք ցանկացած քայլ, որը կարող է հանգեցնել արյունահեղության: Անկասկած չմտածված, չհաշվարկված յուրաքանչյուր գործողություն հղի է լրջագույն եւ անկանխատեսելի հետեւանքներով, որոնց պատասխանատվությունը կընկնի ՀՀ իշխանությունների վրա:
Ուստի առաջարկում ենք.
♦ Կողմերին շարունակել բանակցությունները եւ զերծ մնալ որեւէ ուժային միջամտությունից, ինչպես նաեւ իրավիճակը սրող որեւէ այլ քայլից:
♦ Բացառել իրավիճակը սրող ցանկացած պիտակավորում եւ մեկնաբանություն:
♦ Վերջ տալ խաղաղ քաղաքացիների նկատմամբ ոստիկանական բռնություններին, ինչը լարված իրավիճակի էսկալացիայի պատճառ կարող է դառնալ:
♦ Ապահովել հանրության շրջանում վստահություն վայելող ԳԱԼԱ հեռուստաընկերության մուտքը վերահսկողության տակ պահվող տարածք, որպեսզի ներսում տիրող իրավիճակի վերաբերյալ հասարակությունն ինֆորմացված լինի, որը եւս իր հերթին կնպաստի իրավիճակի կայունացմանը:
Խորհրդակցական հարթակի աշխատանքը լինելու է բաց եւ թափանցիկ, եւ ցանկացած առաջարկի եւ գործողության վերաբերյալ պատշաճ իրազեկվելու է հանրությանը: