Երբ փայտը դարձավ կալաշնիկով. ինչու են կարևոր այցերից առաջ երկրում խժդժություններ տիրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գործող իշխանությունը վերջին 3.5 տարվա ընթացքում տարբեր խմբավորումների անդամների է կալանավորել իշխանությանը այս կամ այն կերպ վտանգ սպառնալու իրական պատճառաբանությամբ: Եւ պարզվում է, որ այդպես էլ չհաջողվեց վտանգները մինչեւ վերջ չեզոքացնել եւ նախականխել հանցագործությունները:

Պուտինի այցից առաջ

շանթ8

Հետաքրքիր զուգադիպությամբ Հայաստանում հասարակական-քաղաքական դեմքերի ձերբակալություններին նախորդել են իրադարձություններ, որոնք կապված են, այսպես ասած, դրսի հետ՝ այցելություններ կամ արտերկրում կատարվող իրադարձություններ:

Հիշեցնենք, որ 2013 թվականի նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանը իր մի խումբ համախոհների հետ Գայ Ֆոքսի դիմակներով, փայտերով Ազատության հրապարակից շարժվեց դեպի նախագահի նստավայր, սակայն Մաշտոցի պողոտայում ոստիկանության հետ բախումների արդյունքում կալանավորվեց եւ դատապարտվեց 6 տարի ազատազրկման: Նրա հետ կալանավորվեց եւ տարբեր պատժաչափերով ազատազրկման դատապարտվեց եւս 13 մարդ: Հիշեցնենք, որ նա նստացույց էր կազմակերպել Ազատության հրապարակում եւ հայտարարել, որ ակցիան կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստան պետք է գար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդպիսով նա նպատակ ուներ վիժեցնել Պուտինի այցը: Դրա համար կալանավորվեց:

Ապրիլի 24-ին ընդառաջ

himnadir61

Անցած տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջացառումների շրջանակներում Հայաստան պետք է այցելեին մի շարք երկրների նախագահներ, դեսպաններ, պատվիրակության անդամներ, որոնց այցից ընդառաջ խոստացված ըմբոստությունները կանխելու համար «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման նախաձեռնող, «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչներ Ժիրայր Սէֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը կալանավորվեցին: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի կողմից տարածված հաղորդագրության` վերջիններս ձերբակալվել էին 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգություններ նախապատրաստելու, ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Այս գործով նախաքննությունը մեկ տարուց ավել է՝ շարունակվում է:

Ֆրանսիայի ահաբեկչությունը

Artur-vardanyan1
Ինչպես արդեն գիտենք՝ 2015 թվականի նոյեմբերի 14-ին Փարիզի Ստադ դը Ֆրանս մարզադաշտի մոտ, որտեղ ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականը հյուրընկալել էր Գերմանիայի թիմին, տեղի ունեցավ ահաբեկչություն, որի արդյունքում զոհվեց շուրջ 129 մարդ, կային բազմաթիվ վիրավորներ: Ու մինչ Ֆրանսիան պայքարում էր ահաբեկիչների դեմ, Հայաստանում եւս գտան այդպիսիներին: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նոյեմբերի 25-ին վնասազերծեց «հանցավոր մի խումբ»: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ 2015 թվականին «Հայոց Վահան» խմբի առաջնորդ Արթուր Վարդանյանը, ժամանելով Հայաստան, ստեղծել եւ ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք, որը թաքցվել է Երեւան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը: Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ խմբի անդամների ֆինանսավորումը եղել է արտասահմանից, իսկ, ահա, ֆինանսավորող անձը այս պահին գտնվում է ազատության մեջ` խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին: Ինչեւէ, արդեն 8 ամիս է, ինչ այս գործով նախաքննությունը շարունակվում է, կան բազում ազատամարտիկներ, քաղաքական գործիչներ, որոնք գտնվում է կալանքի տակ:

Հռոմի պապի այցից առաջ

jiro1-1024x555
2016 թվականի հունիսի 24-ին Հայաստան պետք է այցելեր Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը, եւ, ահա, վերջինիս այցից առաջ կալանավորվեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության՝ վերջինիս կալանավորումը պայմանավորված էր մայիսի 20-ին տեղի ունեցած մի ավտովթարով, ինչի հետեւանքով իրավապահները զենք-զինամթերք էին հայտնաբերել: Այս գործով կալանավորվել է 9 անձ, եւ ըստ պաշտոնական վարկածի՝ Ժիրայր Սէֆիլյանն անմիջական շփումներ է ունեցել քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված տարբեր անձանց հետ, որոնց ուղղակիորեն հանձնարարել է ապօրինի կերպով պահվող զենք եւ ռազմամթերք փոխադրել, ինչպես նաեւ պատրաստ լինել համապատասխան հրամանի դեպքում օգտագործել դրանք: Ըստ պաշտոնական վարկածի՝ վերջիններս պետք է գրավեին հեռուստաաշտարակը, Նուբարաշենի զորամասը, սակայն այս գործողությունները տապալվեցին:

Հուլիսի 17-ից առաջ

pavel-areg

Հուլիսի 14-ին ֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, սակայն տոնը վերածվեց ողբերգության: Բեռնատարը մխրճվեց մարդկանց մեջ եւ սկսեց կրակ բացել լողափում հավաքվածների ուղղությամբ:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ զոհերի թիվը հասել էր մոտ 84-ի: Այս դեպքից երկու օր անց՝ հուլիսի 16-ին, ռազմական հեղաշրջման փորձ տեղի ունեցավ Թուրքիայում, որի արդյունքում զոհվեց ավելի քան 265 մարդ: Նրանցից 161-ը կառավարության ներկայացուցիչներ էին: Թուրքիայում ռազմական հեղափոխությունից մեկ օր անց Հայաստանը եւս անմասն չմնաց ցնցումից: Հուլիսի 17-ին՝ 05:28-ի սահմաններում, «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներ Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, նրա որդին` Արմեն Մանուկյանը, Արեգ Կյուրեղյանը, Արայիկ Խանդոյանը` Միայնակ Գայլ, Տիգրան Մանուկյանը, Հովհաննես Վարդանյանը, Աշոտ Պետրոսյանը, Արմեն Բիլյանը եւ այլք, ձեւավորելով մոտ 3 տասնյակ հոգանոց «Սասնա ծռեր» խմբավորումը, «Կռազ» մակնիշի ավտոմեքենայով, զենքերով գրոհեցին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը՝ տիրանալով ոստիկանների զենքերին եւ պատանդ պահելով երեկվա դրությամբ արդեն 4 ոստիկանների, որոնց թվում են ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Ստացվում է, որ իրավապահ համակարգի կողմից մինչ այս իրականացված բոլոր գործողությունները չկարողացան ամբողջությամբ նախականխել սպասվող զարգացումները, եւ ունեցանք զինված հարձակում պետական մարմնի վրա:

ԱԱԾ-ն փորձում է զսպել

Հուլիսի 17-ին տեղի ունեցած հարձակումից անցել է երեք օր, եւ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որ տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, իսկ թե ինչ հատկանիշներով, դեռ չի շտապում գաղտնազերծել՝ փոխարենը նշելով, որ. «Ահաբեկիչները պետք է գիտակցեն, որ չունեն այլընտրանք, քան ժամ առաջ անվերապահորեն կատարել իշխանությունների բոլոր պահանջները: ՀՀ իրավապահ մարմինները դեռ հույս ունեն, որ զինված խմբի անդամները որոշումներ կայացնելիս կառաջնորդվեն միայն ողջախոհությամբ»:

ԱԱԾ-ի տեղեկացմամբ՝ երեկվա դրությամբ ՀՀ իրավապահ մարմինների ներկայացուցիչները շարունակում են ինտենսիվ բանակցություններ վարել զինված խմբի անդամների հետ՝ առանց հատուկ գործողությունների իրականացման նրանց հանձնվելը կազմակերպելու եւ պատանդներին ազատ արձակելու նպատակով:
Ինչեւէ: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ են հասել, թե հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի կողմից ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդ ներխուժելու մասով առայժմ հարուցվել է քրեական գործ՝ շենքեր, շինություններ կամ կապի միջոցներ զավթելու եւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու պահելու, կրելու հատկանիշներով:

Թեեւ ԱԱԾ-ն իր հայտարարության մեջ օգտագործել է ահաբեկիչ բառը, բայց, այնուամենայնիվ, դեռ այդ հատկանիշներով մեղադրանք առաջադրված չէ զինված խմբի անդամների նկատմամբ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս