Բացասական ինչ ազդեցություն կունենան վերջին դեպքերը Հայաստանի տնտեսության վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տնտեսագետների համոզմամբ՝ հուլիսի 17-ից ՀՀ ոստիկանության Էրեբունի ՊՊԾ շենքում տեղի ունեցող իրադարձությունները բացասական ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի հետ:

-Պարո՛ն Առաքելյան, օրեր առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարել է, թե այս տարվա ընթացքում Հայաստանի տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների սպասվող ծավալը կկազմի մոտ 800 մլն դոլար: Իրատեսակա՞ն եք համարում նախարարի կանխատեսումները:

-Հաշվի առնելով այն բացասական սպասումները, որոնք կան տնտեսությունում՝ հարկային օրենսգրքի փոփոխություն, ներդրումային ոչ բարենպաստ միջավայր, Արցախյան հիմնահարցի բավականին ակտիվ քննարկում, օտարերկյա ներդրումների ոչ միայն նման ծավալի աճ, այլեւ գոնե եղածի պահպանումն իրատեսական չեմ համարում: Գլխավոր խնդիրն այն է, որ տնտեսության ներդրումային դաշտի օրենսդրության նկատմամբ վստահությունը բացակայում է, եւ այդ ամենը հաշվի առնելով՝ չեմ կարծում, որ նման լավատեսական կանխատեսումները կարող են իրականություն դառնալ:

-Հուլիսի 17-ից ՀՀ ոստիկանության Էրեբունի ՊՊԾ շենքում տեղի ունեցող իրադարձություններն ի՞նչ հետեւանքներ կարող են ունենալ Հայաստանի տնտեսության վրա, մասնավորապես ՝ օտարերկրյա ներդրումների առումով:

-Ընդհանուր առմամբ Հայաստանի տնտեսության նկատմամբ օտարեկրյա ներդրողների տեսանկյունից քաղաքական ռիսկերը միշտ բարձր են գնահատվում: Ոչ միայն լարված ներկայիս վիճակը, այլեւ երկար տարիներ ՀՀ-ում քաղաքական իրավիճակը նման սրացումներ ունենում է: Իհարկե, դա նույնպես երկարաժամկետ ներդրումների համար բացասական է համարվում: Սակայն այս ամենը ոչ թե պատճառ է, այլ կոնկրետ այս օրերի իրադարձությունը քաղաքական ընդհանուր իրավիճակի հետեւանք է:

Այստեղ խնդիրն ավելի խորքային է, եւ պարբերաբար տեղի ունեցող հասարակական դժգոհությունները տարբեր արտահայտման ձեւեր են գտնում: Նման դրսեւորումները շարունակվելու են, եւ հաշվի առնելով խորացող խնդիրները՝ հնարավոր է՝ ավելի լուրջ երանգներ ստանան: Այս ամենի պատճառը տնտեսության նկատմամբ վստահության բացակայությունն է:

-Այնուամենայնիվ, Էրեբունի ՊՊԾ շենքի գրոհն ու հետագա զարգացումներն իրենց ազդեցությունը կունենա՞ն օտարերկրյա ներդրումների վրա:

-Այնպես չէ, որ մեկ շաբաթ առաջ օտարերկրյա ներդրողները հերթ էին կանգնել Հայաստան գալու համար եւ մի քանի օր առաջ հրաժարվեցին իրենց մտադրություններից: Նման ծավալի խոշոր ներդրումների համար ավելի երկարաժամկետ վերլուծություններ, լուրջ ուսումնասիրություններ են արվում: Չնայած այս մի քանի օրվա իրադարձությունները լուրջ անդրադարձ կունենան, այնուամենայնիվ, դեռեւս վաղ է գնահատական տալ՝ հաշվի առնելով, թե իրադարձություններն ինչպես կզարգանան:

-Պարո՛ն Առաքելյան, տեսակետ կա, որ նմանօրինակ դեպքերի արդյունքում նաեւ տեղացի գործարարներն են իրենց ֆինանսական միջոցները Հայաստանի սահմաններից դուրս՝ ավելի ապահով երկրներ տեղափոխում:

-Ինչ վերաբերում է տեղացի օլիգարխների եւ գործարարների հնարավոր գործողություններին, այս ամենը բացասական սպասումների դրսեւորում է ընդամենը: Քանի որ արդեն երկար ժամանակ է, որ մեր տեղացի գործարարների կողմից տնտեսության օրենսդրության, տնտեսական իշխանության նկատմամբ վստահության պակաս է զգացվում: Այս համատեքստում Ձեզ հետ համաձայն եմ, որ աստիճանաբար տեղացի գործարարները փորձում են իրենց բիզնես գործունեությունը ծավալել Հայաստանից դուրս:

Դա է վկայում այն, որ Հայաստանից տարեկան միջինը 1 մլրդ դոլարի արտահոսք է տեղի ունենում: Հաշվի առնելով բնակչության աղքատության մակարդակը՝ դա հաստատ միջին խավի փոխանցած գումարները չեն:

-Հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը եւ նմանօրինակ ֆորսմաժորային իրավիճակներն արդյո՞ք ցնցումներ չեն առաջացնում ՀՀ տնտեսությունում:

-Ընդհանրապես տնտեսությունը դինամիկ գործընթաց է. յուրաքանչյուր օր, ժամ տնտեսութան տարբեր ոլորտներում անընդհատ ինչ-որ իրավիճակ է փոխվում: Այսինքն՝ տնտեսությունը բավականին զգայուն է նման դեպքերի նկատմամբ: Դրան գումարենք ԼՂՀ-ի շուրջ ծավալվող գործողությունները: Նման յուրաքանչյուր փոքր իրադարձություն երկրի տնտեսության հանդեպ ստեղծում է անվստահություն, քանի որ ներդրողների առաջին ցանկություններից, պահանջներից մեկն այն է, որ ունենան կանխատեսելի միջավայր:

Չէ՞ որ հիմնականում օտարերկրյա ներդրողների պարագայում ներդրումները երկարաժամկետ են: Բոլորը ցանկանում են ներդրումներ կատարել մի երկրում, որտեղ կա երկարաժամկետ վստահություն, որպեսզի իրենց հաշվարկները եւ կանխատեսումները փորձեն կառավարել:

զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս