Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման և իշխանությունների միջև բանակցությունները շարունակվում են: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը, ով երկու կողմերի միջև բանակցող է հանդիսանում:
Դիտարկմանը, որ երեկ առավոտյան հայտարարել էին, թե խմբավորման կողմից պատասխան կլինի առաջարկների շուրջ և հայտարարություն կարվի, Ենիգոմշյանը նշեց. «Ես չեմ ասել, որ ես ինքս նոր բան կհայտնեմ: Ես ասել եմ, որ երեկոյան բանակցությունները շարունակվում են, բայց թե ինչ է բովանդակությունը, ես այդ առումով ոչ մի բան չեմ ասել: Ես ասել եմ, որ խմբի անդամներին առաջարկ է ներկայացված, և դրա պատասխանը պետք է հայտնեին, պատասխանը իրենք հայտնել են, և ես դա փոխանցել են համապատասխան տեղը: Ես չեմ ասել, որ ինքս հրապարակելու եմ այդ բանակցությունների բովանդակությունը»:
Ենիգոմշյանը մեզ հետ զրույցում հստակ չցանկացավ ասել` արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու տարբերակը համարվո՞ւմ է բանակցությունների առարկաներից մեկը, թե՞ ոչ: Ընդգծենք, որ այսօր armtimes.com-ի հետ զրույցում խմբավորման անդամ Պավել Մանուկյանը հայտարարել էր, որ իշխանությունների հետ բանակցություններ, որպես այդպիսին, չկան:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 17-ին՝ 05:28-ի սահմաններում, «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամները «Կռազ» մակնիշի ավտոմեքենայով գրոհել են ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդ, տիրացել ոստիկանների զենքերին եւ պատանդ են պահում արդեն 4 ոստիկանների, որոնց թվում են ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Գունդը գրաված զինյալները պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին եւ Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Իսկ իշխանությունները ՊՊԾ գունդը գրաված զինյալներին պահանջում են վայր դնել զենքը եւ առանց դիմադրության հանձնվել: Այսօր ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել`հիշեցնելով, որ այդ օրվանից մինչ այժմ հակաահաբեկչական օպերացիայի շրջանակներում ազատվել է հինգ պատանդ: ԱԱԾ հաղորդագրության մեջ նաև ասվում է. «ՀՀ իրավապահ մարմինների հատուկ ստորաբաժանումները շարունակում են մնալ մարտական պատրաստվածության վիճակում, սակայն նրանց ակտիվ գործունեության համար առայժմ անհարժեշտ նախադրյալներ չկան»:
Նաիրա Հովհաննիսյան