Մտահոգություն ունենք, որ կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել. Եգոր Գլումով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 17-ի առավոտյան «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրավելու եւ այնտեղ գտնվող ոստիկաններին պատանդ պահելու վերաբերյալ «Ժողովուրդ»-ը զրուցել է հաղորդավար Եգոր Գլումովի հետ:

Եգոր Գլումովը, ով, ի դեպ, ապրիլյան պատերազմին որպես կամավոր մեկնել էր առաջնագիծ, ուշագրավ առաջարկ արեց. «Մտահոգություն ունենք, որ կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել, եւ արյուն թափվել: Ես` որպես քաղաքացի, հանգուցալուծումը տեսնում եմ զենքերը վար դնելու եւ խաղաղ բանակցությունների ու գործողությունների անցնելու մեջ: Հասկանալի է, որ ժողովրդին հասցրել են այս վիճակին, բայց զենքով հարց չեն լուծում: Ոստիկանի զոհվելը մեծ ողբերգություն է մեզ համար: Գուցե պետք է նաեւ, որ լուրջ մարդիկ գնան իրենց «առաջարկեն» պատանդների տեղը, այսինքն` որ փոխանակում կատարվի»,-մեկնաբանեց նա:

Հաղորդավարն անդրադարձավ նաեւ իշխանության վերին օղակների ներկայացուցիչների լռությանը. «Ավելի լավ կլիներ` նրանք մի բան ասեին, այլապես որքան երկար են լռում, այնքան ամեն մեկն իր մեկնաբանություններն է անում: Շատ հարցեր` սոցիալական բնույթի, անվտանգությանը վերաբերող, պետք է շուտ լուծել: Պետք է փոխվի մարդկանց վերաբերմունքը ոստիկանի նկատմամբ, բայց նայելով այսօրվա ոստիկաններին, որոնք ծեծում են երիտասարդներին, ո՞նց կարծիքդ փոխես: Շատ խնդիրներ կան, որոնք սպասում են իրենց լուծմանը»,-հավելեց նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս