Ո՞Վ Է ՈՒՏՈՒՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՑԻ ՓՈՂԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկվա համարում «Ժողովուրդ» օրաթերթը նկարագրել էր, թե ինչ իրավիճակ է տիրում «Նուբարաշեն» եւ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում, որտեղ մարդիկ իրենց հարազատ բանտարկյալների համար սննդամթերք են բերում: «Ժողովուրդ»-ի հարցին, թե նախորդ՝ 2012թ. տվյալներով պետական բյուջեից դատապարտյալների սննդի համար որքան գումար է հատկացվել, ՀՀ արդարադատության նախարարությունից պատասխանեցին՝ 1 մլրդ 3 մլն 920.500 ՀՀ դրամ: ՔԿՀՎ մամլո խոսնակը տեղեկացրեց, որ 1 բանտարկյալի սննդի համար օրական ծախսվում է 501 դրամ: Իսկ քանի՞ դատապարտյալ է եղել ՔԿՀ-ներում 2012-ին: Այս մասին կոնկրետ տվյալ չկա ՔԿՀՎ-ում: Սակայն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանն այս տարվա օգոստոսի 7-ին հայտարարել էր, որ հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում կա 4780 դատապարտյալ, որը 92-ով ավելի է, քան 2012-ին: Քանի որ բանտարկյալները մշտապես «նստում» ու «դուրս» են գալիս, ուստի «Ժողովուրդ»-ը կատարեց մոտավոր հաշվարկ: Դիցուք՝ ՀՀ-ում 2012-ին եղել է 4700 դատապարտյալ (ավել ենք հաշվում), նշանակում է՝ նրանց վրա տարեկան ծախսվել է 859 մլն 465.500 դրամ: Սակայն ՀՀ ԱՆ-ն միայն բանտարկյալների սննդի համար ՔԿՀ-ներին տրամադրել է 1 մլրդ 3 մլն 920.500 դրամ: Իսկ ի՞նչ է եղել պետբյուջեից ստացված 144 մլն 455.000 դրամը, որը «դուրս է գրվել» բանտարկյալների սննդամթերքի «անվան տակ»: Բայց սա միակ հարցը չէ: Ամենայն հավանականությամբ, անգամ այս ներկայացված գումարներն ամբողջությամբ չեն ծախսվել դատապարտյալների վրա, քանի որ, ինչպես նկարագրել էինք, բանտարկյալների մեծ մասը սնվում է տանից բերված ուտելիքներով՝ հույսը չդնելով կալանավայրի սննդի վրա: Իսկ ո՞ւր են գնում չծախսված գումարները:




Լրահոս