ՔՆՆԱՐԿՈՒՄ` ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատամարտիկները երեկ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր սեղան էին կազմակերպել: Միայն թե այդ քննարկումը վերածվեց Կռիլովի հայտնի «Կարապը, խեցգետինն ու գայլաձուկը» առակի պատմությանը. ամեն կուսակցության ներկայացուցիչ իրենն էր ասում, իսկ ազատամարտիկներն էլ, այդ ելույթներում չգտնելով իրենց ուզածը, միջամտում էին ու դժգոհում:
Թեեւ այդ ընթացքը մյուս կողմից նաեւ սպասելի էր, քանի որ այդ հավաքը, ըստ էության, լավ կազմակերպված չէր, բացի այդ` այն նպատակ ուներ քննարկելու ստեղծված իրավիճակը: Այնպես որ, կուսակցություններից յուրաքանչյուրի ներկայացուցիչը յուրովի էր պատկերացնում ստեղծված իրավիճակը: Թե ինչպես պետք է դուրս գալ իրավիճակից, ինչ լուծումներ են անհրաժեշտ, ազատամարտիկները ցանկանում են քննարկել արդեն հաջորդ հանդիպմանը: Ի դեպ, երեկվա հանդիպմանը մասնակցում էին հիմնականում ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ. ՀՀԿ-ին չէին հրավիրել, քանի որ, ինչպես նշեց նախաձեռնության հեղինակ Սուրեն Սարգսյանը, պետք է հանդիպեն Սերժ Սարգսյանին ու հանդիպումից հետո նոր կորոշեն` նման միջոցառումների կանչել, թե ոչ: Հրավիրված չէին նաեւ իշխանության մաս կազմող մյուս ուժերը, օրինակ՝ նույն ՕԵԿ-ը. Սուրեն Սարգսյանի խոսքով՝ նրանց էլ չեն հրավիրել, քանի որ ազգն իրենց չի ների:
Հանդիպման ժամանակ առաջինը ելույթ ունեցավ հայտնի մտավորական, դերասան Երվանդ Մանարյանը, որը կոչ արեց չբավարարվել փաստերի ներկայացմամբ, այլ հարկավոր է ներկայացնել խորքային պատճառներ ու վերլուծական կարծիք: Սակայն երբ ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը ելույթ ունեցավ ու ներկայացրեց իր պատկերացումները` ասելով. «Ես գիտեմ, որ ընդհանուր առմամբ խնդիրը սոցիալական է, արդարությանն է վերաբերում, երկիրը պետք է ոտքի հանել», միջամտեց ազատամարտիկներից Արամ Սիմոնյանը` ԲՀԿ-ականին մեղադրելով ինքնահաստատման փորձերի մեջ, եւ ասաց, որ հավաքվել են ոչ թե ինքնահաստատվելու, այլ վերլուծություն լսելու: Ուրիխանյանն էլ  հակադարձեց. «Ձեզ տվեցի գնահատական: Եթե կարծում եք, որ սա վերահաստատվելու փորձ էր, ապա համոզվա՛ծ եղեք, շատ հնարավորություններ ունեմ վերահաստատվելու»:
Ինչեւէ, երեկ ամեն մեկը ներկայացրեց իր տեսակետը: Եվ քննարկումը համարվեց ավարտված:
Հ.Գ. Ի դեպ, նախատեսված էր քննարկումն անցկացնել «Մետրոպոլ» հյուրանոցում, սակայն վերջին պահին ազատամարտիկներին տեղեկացրել են, որ չեն կարող նրանց հյուրանոցում սրահ տրամադրել: Սա բանախոսների մոտ բազմաթիվ կասկածներ առաջացրեց առ այն, որ իշխանությունների կողմից փորձ է արվել միտումնավոր խափանել իրենց քննարկումը:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս