Քանի որ նպատակային ուսուցումը պետության համար թանկ ծառայություն է, կարեւոր է հարցը` պետության հաշվին բ ուհ-ում սովորողը վերադառնո՞ւմ է մարզ, թե՞ մնում է մայրաքաղաքում` աննպատակ դարձնելով իր վրա պետության կատարած ծախսերը: Գումարը փոքր չէ, եթե նկատի ունենանք, որ համայնքներից գործուղվում են սովորելու ոչ միայն ագրոնոմ, այլեւ բժիշկ եւ ուսուցիչ դառնալու նպատակով:Այստեղ կարելի է փնտրել ստվեր ու ռիսկեր, նաեւ խորամանկություն, երբ երեւանցի ծնողը երեխային ավարտական դասարանում գրանցում է հեռավոր գյուղի տատիկ-պապիկի հասցեում, իսկ մարզպետարանն էլ «բնակչին» սիրով գործուղում է Բժշկական կամ Բրյուսովի անվան համալսարան: Սակայն դա պետական ատյանների ստուգելիք հարցն է:Մենք փորձեցինք հեռավոր Սյունիքի եւ Գեղարքունիքի եւ մերձակա Արմավիրի եւ Արարատի մարզերի օրինակով պատկերացում կազմել նպատակային ուսուցման ծավալների եւ բնույթի մասին: Արմավիրի մարզպետարանի կրթության վարչության պետ Գայանե Սայադյանի խոսքերով մարզի սահմանամերձ գյուղերում` Բագարանում, Փշատավանում, Արաքսում, մանկավարժների կարիք կար, սակայն այն տարեցտարի նվազում է: 2007 թվականին 11, 2008-ին 10 հոգու են գործուղել` պատմության, հասարակագիտության, իրավունքի մասնագիտությունների գծով, իսկ 2009 թվականին ընդամենը 4 դիմորդի: Գործուղվածների 90 տոկոսը ընդունվել է: Վարչության պետի ասելով` այս պահին Բագարանի դպրոցը չունի ֆրանսերենի ուսուցիչ, քանի որ երեւանցի աղջիկները, հեռավորությանն ու անհարմարություններին չդիմանալով, հետ գնացին: Ուստի իրենք նպատակային ուսուցման են ուղարկել տեղի երիտասարդների եւ արդեն 4 տարի հետո սեփական կադրերը կունենան: Իրադրությունը փոքր ինչ այլ է հարեւան` Արարատի մարզում: Արարատի մարզի կրթության վարչության պետ Անահիտ Հակոբյանի տեղեկացմամբ անցյալ տարի ոչ մեկի չեն գործուղել: Նախորդ տարիներին էլ միայն մարզի բարձր լեռնային` Զանգակատուն, Լուսաշող, Երասխ, Տիգրանաշեն (նախկին Քարքի) գյուղերի դպրոցների համար են գործուղել: Վարչության պետը հատուկ կարծիք ունի. «Արարատի մարզում ոչ մի առարկայի գծով թափուր տեղ չունենք: Տարիներ առաջ գործուղել ենք նաեւ Բրյուսովի համալսարան, սակայն պետությունը ծախս է անում, որն իր նպատակին չի ծառայում: Հիմնականում աղջիկներ ենք գործուղում, ամուսնանում ու չեն գալիս: Ավելի լավ է գյուղ հարս եկածներին գործի տեղավորենք: Իմաստ չունի փող ծախսելը»:Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչության պետ Գարիկ Բադալյանի ներկայացմամբ մարզից գործուղվում են հիմնականում հեռակա ուսուցման նպատակով: Այդպիսով միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցող աշխատող ուսուցիչներն իրենց որակավորումն են բարձրացնում: Անցյալ տարի 5 հոգու են գործուղել, համարյա «բաց տեղ չունեն», նույնիսկ ավելցուկ ունեն: Ավելին, նպատակային ուսուցումից հետո մանկավարժները դուրս են մնացել. Աստղաձորում ու Զոլաքարում երեք «վերադարձած» կադրեր դպրոց չեն կարող մտնել աշակերտների թվաքանակի նվազման եւ թափուր տեղերի բացակայության պատճառով: Թոշակառու ուսուցիչը պիտի դպրոցից ազատվեր, սակայն Սահմանադրական դատարանով վերականգնեց աշխատանքի իրավունքը:«Ժողովուրդ» թերթն, ինչ խոսք, հիացած է իր իրավունքներին մինչեւ վերջ տեր կանգնած ուսուցչի հերոսական վարքով: Ուղղակի փաստն ենք արձանագրում: Եթե վերը նշված մարզերում այլեւս լիարժեք չեն օգտվում նպատակային ուսուցման հնարավորություններից, ապա Սյունիքի մարզում իրացվում են նպատակային ուսուցման համար հատկացված պետական բոլոր քվոտաները: Գործուղում են Բրյուսովի անվան եւ Մանկավարժական համալսարաններ (Երեւանի, Վանաձորի, Գյումրիի), Ֆիզկուլտ ինստիտուտ, անգամ` Երեւանի պետական բժշկական համալսարան: Մարզպետարանի կրթության բաժնի գլխավոր մասնագետ տիկին Նորայի ասելով բոլորն էլ ընդունվում են, սովորում: Բայց վերադառնո՞ւմ են արդյոք:«Մինչեւ անցյալ տարի այս հարցը խիստ չէր դրված: Անցած տարվանից եռակողմ պայմանագրով նախատեսված է, որ չվերադարձողը իր ուսման վրա ծախսած գումարը հետ տա պետությանը: Այս տարի կառավարության 417 որոշումով 2 հոգու գործուղել ենք Բժշկական համալսարան: Ավելի ստույգ վեց հոգու ենք գործուղել 2 տեղի համար, նրանց միջեւ է մրցույթ եղել»,-ասում է մասնագետը եւ նկատում, որ եռակողմ պայմանագիրն էլ վերադարձի բավարար երաշխիք չէ. «Օրինակ` Սիսիանի Լծեն գյուղից Բժշկական համալսարանում սովորող աղջիկը ամուսնացել է Վանաձոր, իսկ Կիրովականից Սիսիան հո չի՞ գալու գործի»: Այսպիսի պատկեր:ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՈ՛ՒՄ ՍՏԱՑԵՔ, ԵԹԵ ՉԵՔ ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈՒ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ