ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ԸՆԴԴԵՄ ԲՈՂՈՔՈՂՆԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դուք ինչո՞ւ չեք գրում, որ մենք արդեն հոգնել ենք, զզվել ենք էդ աղմուկ-աղաղակից: Ինչքա՞ն կարելի է գոռոցների մեջ ապրել, երեխա պահել ու քնեցնել: Ամեն օր այստեղ միտինգներ են անում»,-ահա այսպիսի դժգոհություն հայտնելով՝ Մաշտոցի պողոտայի բնակիչներից մեկը «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին խնդրեց անձամբ լինել այնտեղ՝ իրավիճակը հասկանալու համար: Մենք էլ «զինվեցինք» սարքավորումներով եւ գնացինք Փակ շուկա:
Տարածքում տիկնոջ հիշատակած «աղմկարարները» չկային: Փակ շուկայի պահպանման համար հոկտեմբերի 9-ից սկսված բողոքի ամենօրյա երթը երեկ չկայացավ սիրված դերասան Վարդան Պետրոսյանի վթարի պատճառով:
Ժամը 15:00-ին «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամները սովորականի պես դեղին գլխարկներով հավաքվել էին Մաշտոցի պուրակում: Այնտեղ էին նաեւ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին սատարողները՝ կարմիր գլխարկներով: Նրանք էլ իրենց ակցիան էին իրականացնում ընդդեմ ակտիվիստների կամ ինչպես նրանցից մեկն ասաց. «Մենք էլ ուզում ենք հուշարձանն ազատագրել գրանտակերներից»: Բայց քանի որ հուշարձանն ազատագրելու խոստում տվածները ոչինչ չձեռնարկեցին, Սամվել Ալեքսանյանի պաշտպաններն էլ դադարեցրին իրենց ելույթները՝ միմյանց հորդորելով վաղը՝ նույն ժամին, գալ Մաշտոցի պուրակ:
«Ժողովուրդ»-ը կրկին ուղեւորվեց Փակ շուկայի տարածք, որտեղ հավաքված քաղաքացիներից Ռուզաննա Հակոբյանը դժգոհեց. «Ի՞նչ են ուզում այդ 15 հոգին, նրանք մարդիկ են, որ պարբերաբար քաղաքում ամեն առիթների բողոքելիս միշտ հանդիպում ենք, բայց անհիմն բողոք են ներկայացնում: Այսօր բողոքելու իրավունք միայն մենք ունենք, որովհետեւ մեր հանգիստն են խանգարում: Ես փոքրիկ թոռնիկներ ունեմ, որոնք աղմուկ-աղաղակի ձայներից չեն կարողանում քնել: Մինչեւ ե՞րբ են մեզ անհանգստացնելու, մինչեւ ե՞րբ են դժգոհելու այս կարգին շուկայից, թե ինչ են ուզում, չեմ հասկանում»:
Մաշտոցի 5-ի բնակիչ Ալեքսան Գրիգորյանն էլ ասաց. «Քանի դեռ վերանորոգումն էր ընթանում, այս նույն ապրանքը նույն մարդիկ դրսում ավելի թանկ էին վաճառում, հիմա չենք հասկանում՝ ժողովուրդն ինչից է դժգոհում, ես դժգոհելու բան չեմ տեսնում, ընդհակառակը: Թեեւ ընկերներ ունեմ նաեւ շուկայից բողոքող մարդկանց շարքերում, բայց, միեւնույն է, չեմ հասկանում՝ ինչ են ուզում»:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության ղեկավարներից ռեժիսոր Տիգրան Խզմալյանի հետ՝ փոխանցելով քաղաքացիների բողոքները: «Ես զարմանում եմ, որ իրենք աղմուկից են բողոքում, դա ավելի շատ իրենց բարձրացրած աղմուկն է, ոչ թե մեր»,-ասաց նա:

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս