Երեկ Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Երևանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին: ՌԴ ԱԳՆ-ն քննադատել է Երևանում ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ Եվրոպական միության հայտարարությունը:
ԵՄ պատվիրակությունը, մասնավորապես, հայտարարել էր, որ քաղաքական փոփոխության նպատակով ուժի կիրառումն անընդունելի է, զորակցություն է հայտնել գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին: Միաժամանակ, ընդգծելով անհամաչափ ուժի կիրառման և ոստիկանության կողմից իրականացված զանգվածային ձերբակալությունների մասին զեկույցները՝ ԵՄ-ն իշխանություններին կոչ է արել հարգել համաչափության սկզբունքը խաղաղ բնույթի, ինչպես նաև բռնությամբ ուղեկցվող հանրային բողոքի ակցիաների առնչությամբ: Միաժամանակ հայտարարվել է, որ ցուցարարներին անհրաժեշտ է ձեռնպահ մնալ բռնի գործողություններից՝ իրենց քաղաքացիական իրավունքների իրացման ընթացքում:
Մոսկվան, սակայն, գտնում է, որ փաստաթղթում «զարմանալի կերպով տեղ չի գտնվել հանցավոր գործողությունների՝ ոստիկանության շենքի վրա զինված գրոհի, ոստիկանի սպանության, պատանդներ վերցնելու առնչությամբ: Դրա փոխարեն լուրջ շեշտ է դրվել իշխանություններին պահանջների վրա՝ «համաչափություն» պահպանել և հետաքննել «ոստիկանության անհամաչափ գործողությունները»:
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի, «դժվար է ազատվել տպավորությունից, որ ԵՄ դիվանագետները զուգերգում են այն ուժերին, որոք փորձում են ապակայունացնել ներքաղաքական իրավիճակը»: