ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Մայրիկս 82 տարեկան է, բնակվում է Ալավերդիում, 2-րդ կարգի հաշմանդամ է: 6-7 տարի առաջ որպես հաշմանդամի՝ նրա ատամները պետպատվերով պրոթեզավորեցին: Հիմա նա նորից պետք է գա պրոթեզները փոխելու, բայց 60.000 դրամ են պահանջում: Նշեմ, որ նա նպաստառու է եւ այդքան գումար չունի: Խնդրում եմ ասել, մի՞թե մարզի բնակչին չի թույլատրվում օգտվել անվճար ծառայություններից:

Կարինե Միրաքյան (57 տարեկան, վաճառողուհի)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Քաղաքացի Կարինե Միրաքյանի կողմից բարձրացված հարցը կարգավորվում է ՀՀ կառավարության 04.03.04թ. «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման մասին» թիվ 318-Ն որոշմամբ, քանի որ, ըստ նամակագրի, ստոմատոլոգիական բժշկական օգնության կարիք ունեցողը (մայրը) 2-րդ խմբի հաշմանդամ է եւ օգտվում է վերոհիշյալ՝ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց համար սահմանված բոլոր արտոնություններից: Ինչ վերաբերում է պրոթեզները փոխելու համար 60.000 դրամ պահանջելուն, ապա այն անվճար է, սակայն իրականացվում է տարածքային սկզբունքով:
Ուստի խնդիրը կարգավորելու նպատակով քաղաքացին կարող է դիմել իր բնակչության վայրում գործող եւ պետական պատվեր իրականացնող «Ալավերդու ստոմատոլոգիական պոլիկլինիկա»՝ ներկայացնելով անձնագիր եւ սոցիալական կարգավիճակը հավաստող փաստաթղթի պատճենները:

ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար
Սուրեն Քրմոյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այս եւ նմանատիպ դեպքերը վերջին շրջանում կարծես հաճախակի բնույթ են կրում: Ցավալի է, երբ քաղաքացիները դիմում են պետական որեւէ կառույցի որեւէ հարց լուծելու համար՝ այն էլ առողջության հետ կապված, եւ արդյունքում հուսախաբվում են: Եվ սա արվում է՝ անգամ հաշվի չառնելով տվյալ անձի տարիքը, կարգավիճակն ու ապրելակերպը:




Լրահոս