ՓՈՍՏԱՆՋՅԱՆՆ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԾԱՆՐ ՕՐԵՐ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ստորագրած Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակությունների կազմավորման եւ գործունեության կարգի դեմ ԱԺ 6 խմբակցություններից սկզբունքային առարկություններ ունի միայն մեկը` «Ժառանգություն»-ը: Իսկ խորհրդարանական մյուս խմբակցությունները, եթե չեն ողջունում այդ կարգը, ապա դրա մասին կտրականապես դեմ էլ չեն արտահայտվում: «Ժառանգության» դժգոհությունների պատճառն էլ «նեղ-անձնական էր». այսպիսով՝ Հ. Աբրահամյանն իրականացրեց Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ պատվիրակության կազմից հեռացնելու իր մտադրությունը, ինչի մասին հայտարարել էր նախորդ քառօրյայի ժամանակ:
ԱԺ նոր կարգի համաձայն՝ պատվիրակություններում խմբակցությունները ներկայացված են լինելու ըստ իրենց անդամների թվաքանակի: Բացի այդ՝ հնարավորություն կա ռոտացիոն սկզբունքով պատվիրակություններում ընդգրկել նաեւ անկախ պատգամավորներին: Ըստ այդ կարգի՝ պատվիրակությունների կազմում էական փոփոխություններ տեղի չեն ունեցել. ԵԽԽՎ պատվիրակությունում «Ժառանգություն»-ը՝ որպես ամենափոքր խմբակցություն, ներկայացուցիչ չի ունենա, որպես փոխարինող անդամ՝ այնտեղ ներկայացված կլինի ՕԵԿ-ը, որը մինչ այդ չկար այդ պատվիրակությունում: Փոխարենը «Ժառանգություն»-ը ներկայացուցիչ կունենա ՆԱՏՕ-ի ԽՎ պատվիրակությունում, որտեղ նախկինում իրենք չկային: ԱԺ ՀՅԴ խմբակցությունն էլ լրացուցիչ մի տեղ կունենա ԱՊՀ միջխորհրդարանական պատվիրակությունում:

Պատերազմում ինչպես պատերազմում

Ակնհայտ է, որ այս փոփոխություններն արվեցին Զ. Փոստանջյանին ԵԽԽՎ պատվիրակությունից հեռացնելու համար: Սակայն ուշագրավն այն է, որ նոյեմբերին լրանում է ԵԽ նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության շրջանը, որից հետո Սերժ Սարգսյանը հազիվ թե երբեւէ հյուրընկալվի ԵԽԽՎ-ում: Ուստի Փոստանջյանն այլեւս միջազգային որեւէ կառույցում Ս. Սարգսյանին դեմ առ դեմ հանդիպելու եւ նրան հարցեր տալու առիթ չի ունենա, եւ այս տեսանկյունից նրան ԵԽԽՎ պատվիրակությունից հեռացնելն անտրամաբանական է: Չնայած տեսակետ կա, որ ԵԽԽՎ պատվիրակության կազմում Փոստանջյանը ցանկանում է ներգրավված լինել հաճախակի գործուղումների մեկնելու համար: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, երեկ՝ առավոտյան, ԱԺ խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ Հովիկ Աբրահամյանի անցկացրած խորհրդակցության ժամանակ Փոստանջյանն առաջարկել է. «Վերցրե՛ք մյուս միջխորհրդարանական պատվիրակություններում «Ժառանգության» տեղերը եւ ի՛նձ տվեք միայն ԵԽԽՎ պատվիրակությունը»: Աբրահամյանը, բնականաբար, չի համաձայնել այդ առաջարկին, եւ խորհրդակցությունը վերածվել է վեճի: «Դուք պատրաստվե՛ք ինձ հետ պատերազմի»,-ասել է Փոստանջյանը: Իսկ արդեն ԱԺ նիստի ժամանակ Փոստանջյանն Աբրահամյանի որոշումը որակեց որպես ավտորիտար, ինչին ի պատասխան՝ ՀՀԿ-ից հնչեցին բուռն ծափահարություններ: «Ես ուզում եմ Ձեզ տեղեկացնել, պարո՛ն Աբրահամյան, որ Ձեզ սպասվում են շատ դժվարին օրեր: Այս գործողությունները Ձեզ չեն ներվելու»,-սպառնաց Փոստանջյանը: Սակայն Հ. Աբրահամյանը ոչինչ չպատասխանեց ու քվեարկության դրեց նախագծերը:
Ավելի ուշ Զ. Փոստանջյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ինքը պատրաստվում է բողոքարկել Աբրահամյանի որոշումն ու այս հարցով համապատասխան նամակով դիմել է ԵԽԽՎ. «Ինձ թվում է՝ այս ԱԺ-ն երկար կյանք չի ունենա, որ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնություններն էլ կյանքի կոչվեն: Այս խորհրդարանը լուծարման ենթակա խորհրդարան է, եւ դա շուտով տեղի կունենա»:
Միջխորհրդարանական պատվիրակությունները, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ստորագրած նոր կարգի համաձայն, պետք է վերակազմավորվեն. ԱԺ խմբակցությունները պետք է նորից առաջադրեն իրենց պատգամավորներին: Ահա այստեղ լուրջ խնդիր է հասունանում. հիմա ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների ղեկավարները կարող են «անհնազանդներին» չներկայացնել միջխորհրդարանական պատվիրակությունների կազմում` «պատժելով» նրանց: Առավել եւս, որ ՀԱԿ խմբակցությունն էլ կարող է իր հիմնավորումները բերել` «եթե չեն գալիս, չեն շփվում մեզ հետ, ի՞նչ իմանանք, թե նրանք որ պատվիրակությունում են պատկերացնում իրենց աշխատանքը, որտեղ են ուզում ընդգրկվել»: «Ժառանգություն»-ից Զ. Փոստանջյանը տեղեկացրեց, որ Արզումանյանի հետ հարաբերությունները նույնն են, բայց չի բացառվում, որ իրենց համագործակցությունը վերականգնվի: Արզումանյանն իրենց հրավիրել է մասնակցելու նոր ստեղծվող ՀՀՇ կուսակցության համագումարին, եւ դրանից հետո պարզ կդառնան հետագա հարցերը: Իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, ասաց, թե իրենք պատվիրակությունների կազմավորման հարցը դեռ չեն քննարկել:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս