ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՋՈՐԴ ՇԱԲԱԹ
Հանրապետական կուսակցությունն այս շաբաթ նիստ չի անի: Ըստ ամենայնի` պատճառը Սերժ Սարգսյանի` երկրից բացակայությունն է: ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանը NEWS.am-ին ասել է, թե ՀՀԿ ԳՄ նիստը կկայանա հաջորդ շաբաթ: Հարցին, թե երբ են քննարկելու Արթուր Բաղդասարյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ տեղի ունեցածը, ՀՀԿ փոխնախագահն ասել է. «Երբ նիստ կանենք, այդ ժամանակ էլ կորոշենք՝ քննարկել, թե ոչ»:

ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՄՐԱԳՐՈՒՄ
ՄԻՊ Կարեն Անդրեասյանը նախօրեին տարածած հայտարարությամբ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին տեղեկացնում եւ զգուշացնում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով ամրագրվում է Վճռաբեկ դատարանի անդամների անպատժելիությունը. «Նախատեսվող փոփոխությունների հետեւանքով բացառվում է նյութական եւ դատավարական օրենքի նորմերի ակնհայտ եւ կոպիտ խախտման հիմքով Վճռաբեկ դատարանի պալատի դատավորին եւ պալատի նախագահին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը, այն դեպքում, երբ կարգապահական պատասխանատվության նշված հիմքերը կիրառելի են մնում առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների դատավորների նկատմամբ»:

ՈՐՈՇՈՂԸ ՀԱՕԿ-Ն Է
Երեկ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության հետ կապված, հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Համաձայն Միջազգային օլիմպիական կոմիտեի խարտիայի 29-րդ հոդվածի՝ ՀԱՕԿ-ը հանդիսանում է միակ ազգային կազմակերպությունը, որի ճանաչումից հետո միայն հասարակական կազմակերպությունը կարող է հանդիսանալ մարզաձեւի ազգային ֆեդերացիա եւ ներկայացված լինել միջազգային կառույցներում: Հետայսու շահարկումներից զերծ մնալու համար, խնդրում ենք ընդունել ի գիտություն, որ ՀԱՕԿ-ը նաեւ հանդիսանում է մարզաձեւերի ազգային ֆեդերացիաների իրավաբանական անձանց միությունը եւ համակարգում է նրանց գործունեությունը»: Հիշեցնենք, որ վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, որն այդ թեմայով օրերս վիճաբանել էր ՀԱՕԿ նախագահ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Եվ հիմա, փաստորեն, ստացվում է, որ ՀԱՕԿ-ը կարող է եւ չեղյալ հայտարարել Բաղդասարյանի ընտրությունը:

ԳՆՈՒՄ Է ՄԻՆՍԿ
Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 24-ին աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն: Նա մասնակցելու է Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի եւ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստերին:

ԳՆՈՒՄ Է ԲՐՅՈՒՍԵԼ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 23-24-ն աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ Բրյուսելում մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին:

ԶՈՔԱՆՉԻ ՀԱՇՎԻՆ
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իր նախագահական լիազորությունների ավարտին ազատում է բնակարանը, որի համար վճարում էր պետությունը: Նա ընտանիքի անդամների հետ միասին սկսել է հավաքել իրերը, որպեսզի տեղափոխվի նոր բնակարան: Սահակաշվիլու կնոջ հավաստմամբ` նոր բնակավայր տեղափոխվելուն օգնել են Հոլանդիայում գտնվող նրա ծնողները:




Լրահոս