ՍՊԱՍՎՈՒՄ Է ՑՈՒՐՏ ԵՂԱՆԱԿ
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 24-25-ին սպասվում է ջերմաստիճանի անկում՝ Լոռու, Տավուշի եւ Սյունիքի մարզերում՝ 12-14, իսկ մնացած շրջաններում՝ 6-7 աստիճանով: Սյունիքի հովիտներում, Տավուշում, Արարատյան դաշտում եւ նախալեռնային շրջաններում գիշերը սպասվում է 1-3՛C ցուրտ: Նաեւ՝ հոկտեմբերի 24-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, իսկ 25-28-ին՝ առանց տեղումների եղանակ: Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 24-ի ցերեկը կնվազի 6-7, 12-14 աստիճանով: Նույն օրը՝ օրվա առաջին կեսին, Երեւանում հնարավոր է անձրեւ եւ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, իսկ 25-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ԷԼԻ ՁԳՁԳՈՒՄ ԵՆ
Երեկ Երեւանի Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեի նորակառույց բազմաբնակարան շենքի մի քանի շահառուներ այցելել են շինհրապարակ եւ ծանոթացել առկա թերություններին: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախագահ Արսեն Քարամյանի խոսքով՝ ամեն երկու օրը մեկ երկուսից երեք հարկի բնակիչներ այցելելու են շինհրապարակ: «Կարծում եմ, որ այս գործընթացը նոյեմբերի 4-ից մինչեւ 8-ը կավարտենք: Դե, կան թերություններ՝ բռնակը չի աշխատում, փականի հետ կապված խնդիրներ կան: Եթե շինարարը բարեխիղճ գտնվի, կարծում եմ՝ մոտ օրերս շենքը շահագործման կհանձնենք»,-ներկայացրեց Քարամյանը: Իսկ շահառու Գայանե Վարդանյանը հակառակն է պնդում. «Կա հստակ ժամանակացույց, ըստ որի՝ նոյեմբերի 1-ին արդեն եղած թերությունները պետք է վերացած լինեն: Բայց վստահաբար եմ ասում, որ մինչեւ նոյեմբերի կեսեր շենքը դեռ շահագործման չի հանձնվի»: Հիշեցնենք, որ 2012թ. հոկտեմբերի 30-ին պետք է ավարտվեր «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» սոցիալական ծրագրի երկրորդ փուլը, որն իրականացնում է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ն: Ի դեպ, այս սոցիալական ծրագիրն իրականացվում է Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: