Սկզբունքի համար մարդիկ ոչ թե պետք է մեռցնեն, այլ պետք է պատրաստ լինեն մեռնելու. ԼՂՀ պատգամավորը` երևանյան իրադարձությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը Երեւանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների եւ ղարաբաղյան հիմնահարցի շուրջ մի քանի հարց է ուղղել ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցին:

-Պարո՛ն Հյուսնունց, հետեւե՞լ եք Հայաստանում զինված հարձակման հետեւանքով ծավալվող զարգացումներին: Ձեր կարծիքով ինչո՞ւ նման բան եղավ, եւ ո՞րն է խնդրի հանգուցալուծման Ձեր մոտեցումը:

-Երեւույթն ինքնին դատապարտելի է, լավ ճանապարհ չի՝ խնդիրներ կամ քաղաքական հայացքներ, տեսակետներ առաջ տանելու համար: Սկզբունքի համար մարդիկ ոչ թե պետք է մեռցնեն, այլ պետք է պատրաստ լինեն մեռնելու: Այս պարագայում հակառակն է կատարվում, եւ արդեն կա զոհ, ոստիկանության գնդապետը զոհվեց: Մենք բոլորս միահամուռ կերպով պետք է ե՛ւ զգոնության, ե՛ւ իմաստության կոչերով դիմենք, որպեսզի այս կատարվածը շուտ ավարտ ունենա, եւ աշխարհով մեկ չխայտառակվենք: Բոլոր խնդիրները մենք կարող ենք լուծել սեղանի շուրջ բանակցությունների, հանդիպումների միջոցով, եւ կարծում եմ, որ այս ճանապարհը ամենախելամիտ ճանապարհն է, եւ բոլորս պետք է աղոթենք, որ արյունահեղություն չլինի, առճակատում չլինի: Սա օրհասական պահ է մեր ազգի համար, ես կոչ եմ անում բոլորին ոչ թե գնալ փողոցներ, այլ գնալ եկեղեցի մոմ վառել ու աղոթել, որ այս իրավիճակը լուծվի խաղաղ ճանապարհով եւ ճիշտ ճանապարհով:

-Երեւանում լուրեր են շրջանառվում, որ Արցախի պաշտպանության փոխնախարար, գեներալ Սամվել Կարապետյանը` Օգանովսկին, որոշակի քանակությամբ զորք է տեղափոխել այստեղ՝ գործող իշխանություններին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար:

-Ես գեներալ, պաշտպանության փոխնախարար Կարապետյան Սամվելին մի ժամ առաջ տեսել եմ մեր քաղաքում, բարեւել ենք, ուղղակի մի ժամ առաջ: Բոլորը հերյուրանքներ են, եւ Կարապետյան Սամվելը ո՛չ զորք է բերել, ո՛չ էլ ինքն է անձամբ Երեւանում: Ես անձամբ իմ աչքերով տեսել եմ իրեն, ինքը գտնվում է Ստեփանակերտում, հավաստի, հարյուրտոկոսանոց ճշմարտություն է սա:

-Իսկ ինչո՞ւ է ամեն անգամ հենց այդ զինվորականի կողմից նման գործողության մասին խոսվում: Հիշո՞ւմ եք՝ 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ էլ էր նույն տեղեկատվությունը շրջանառվում:

-Ես հավաստիացնում եմ, որ Սամվել Կարապետյանը ո՛չ մարտի 1-ին եւ ո՛չ էլ հիմա Երեւանում չի գտնվել, նա գտնվել է քաղաք Ստեփանակերտում:

-Պարո՛ն Հյուսնունց, կարծիք կա, որ այս ամենի արդյունքում հանրության ուշադրությունը շեղվում է ընթացող վտանգավոր զարգացումներից՝ կապված Արցախի հարակից շրջանների հանձնման գործընթացի հետ: Այս օրերին տարատեսակ խոսակցություններ են շրջանառվում հանրության մեջ, եւ քանի որ չկա պաշտոնական պարզաբանում, դրանք հետզհետե ավելի են խրանում: Օրինակ՝ Ազատության հրապարակում երեկ լուրեր էին պտտվում, որ ազատագրված տարածքներից 30 կմ խորությամբ պետք է հանձնվեն: Արցախը պատրա՞ստ է այդ զիջումներին:

-Նմանատիպ խոսակցություններ չկան: Հայաստանի Հանրապետության նախագահը այցելել է Արցախ, հանդիպել է մեզ հետ, եւ որեւէ նմանատիպ խնդիր այսօր օրակարգում չկա, սեղանի վրա որեւէ փաստաթուղթ ներկայացված չէ: Բանակցային գործընթացներ են տարբեր ձեւաչափերով, տարբեր հանդիպումներ, խոսակցություններ, հարցի լուծմանը միտված աշխատանքներ, բայց նմանատիպ խնդիր ՀՀ նախագահը մեր առջեւ չի դրել:

-Իսկ ի՞նչ եք անելու, եթե մի օր անսպասելիորն դրվի այդ խնդրիը Ձեր առջեւ: Ի վերջո, մի՛ մոռացեք, որ Սերժ Սարգսյանը կարողացավ մեկ գիշերում Հայաստանի բնակչության առաջ դնել ԵՏՄ-ին անդամակցելու խնդիրը: Կոնկրետ Արցախի հարակից տարածքների մասով էլ տեղեկություններ կան, որ ՀՀԿ ԳՄ վերջին նիստում Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներին ասել է՝ կա՛մ պետք է զիջենք, կա՛մ պատերազմ, այլընտրանք չկա:

-Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծումը գտնվում է Ստեփանակերտում, հանրապետականներն ընդամենը կարող են կողքից հետեւել, քաջալերել, օգնել ղարաբաղցիներին, բայց հանրապետականները չէ, որ պետք է լուծում տան Ղարաբաղի հիմնահարցին:

-Սերժ Սարգսյանը նախօրեին Արցախում էր, ի՞նչ է խոսվել նրա հետ: Ի՞նչ էր նա առաջարկում Բակո Սահակյանին՝ որպես Արցախի շահերը ներկայացնող բանակցային կողմ, տեղյա՞կ եք:

-Որեւէ արտառոց խոսակցություն հատուկ չի եղել, եղել է Ղարաբաղի բանակի կազմակերպման, հանրապետության, կառավարության գործունեության արդյունավետության, նմանատիպ պետական նշանակություն ունեցող խնդիրների քննարկում: Ես հավաստիացնում եմ, որ որեւէ հարց 5 շրջանների վերաբերյալ, Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ չի ներկայացվել մեզ: Մենք խոսել ենք, որ այս հարցը պետք է ազգերի ինքնորոշման իրավունքի հիմունքերի վրա լուծվի, միայն այդ կարող եմ ասել:

-Պարո՛ն Հյուսնունց, Ձեզ համար ո՞ր տարբերակն է ընդունելի՝ արյամբ հողերը պահպանելը, թե՞ լուռ հանձնելը:

-Ես բազմիցս ասել եմ եւ կրկնում եմ՝ մինչեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բանակցային կողմ չլինի, որեւէ առաջարկ, խնդրի լուծման որեւէ տարբերակ անիրագործելի է: Երբ որ Արցախի Հանրապետությունը դառնա բանակցային կողմ, այն ժամանակ մենք կառաջարկենք մեր դիրքորոշումները: Մնացած բոլոր տարբերակները իմիտացիա են, աշխատանքներ են ստատուս քվոյի պահպանման համար: Ես վստահ եմ, որ ինչպես Կոսովոն տարիների ընթացքում ճանաչեցին 104-ից ավել պետություն, եւ այն այսօր լիարժեք ՄԱԿ-ի անդամ է, այնպես էլ մեզ, թեեւ Ադրբեջանը չի ճանաչելու, բայց աշխարհը ընթացքում ճանաչելու է, եթե մենք կարողանանք կառուցել իրականում առաջադեմ դեմոկրատական արժեքների վրա հիմնված ինստիտուտներով մի երկիր: Դա մի ճանապարհ է, որը մենք որդեգրել ենք:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս