ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԸ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺԻ
Վարդան Մինասյանի՝ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարականն ընդունվելու դեպքում չի բացառվում, որ կարող է մարզիչ հրավիրվել արտասահմանից։ Հիշեցնենք, որ մինչեւ 2002թ. հավաքականը գլխավորել են հայ մասնագետներ, իսկ 2002-ից սկսած, երբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գլխավորեց Ռուբեն Հայրապետյանը, հավաքականի ղեկը վստահվեց արտասահմանցի մարզիչների՝ արգենտինացի Օսկար Լոպես, ռումինացի Միխայ Ստոյկիցա, հոլանդացի Հենկ Վիսման, շոտլանդացի Իան Պորտերֆիլդ եւ դանիացի Յան Պոուլսեն:
Պետք է խոստովանել, որ զուտ մարզական առումով այս մասնագետների ցույց տված արդյունքները չգերազանցեցին մինչ այդ հավաքականը գլխավորած հայ մասնագետների արդյունքները. ընտրական մրցաշարերում մեր հավաքականը հայտնվում էր մրցաշարային աղյուսակների վերջին կամ, առավելագույնը, նախավերջին հորիզոնականներում: Ռումինացի մարզիչ Միխայ Ստոյկիցան կարողացել էր ձեւավորել մի հավաքական, որը հասուն ֆուտբոլ էր խաղում, բայց ֆուտբոլիստներն ունեին հոգեբանության հետ կապված խնդիրներ: Իան Պորտերֆիլդը կարողացավ հավաքականում հոգեբանություն փոխել, բայց նրա վաղաժամ մահը թույլ չտվեց զարգացնել հաջողությունները: Բացի մարզիչների՝ բարձրակարգ կամ միջին մակարդակի լինելը, կար նաեւ մեկ այլ կարեւոր հանգամանք. արտասահմանցի մարզիչները Հայաստանում, կարծես թե, մշտապես խնդիրներ էին ունենում ֆեդերացիայի նախագահի հետ:
Ու, վերջապես, ՀՖՖ նախագահը վստահեց Վարդան Մինասյանին։ Մինչ այդ էլ եղել էին հանդիպումներ, որոնց ժամանակ հավաքականը հանդես էր եկել հայ մասնագետի գլխավորությամբ` Անդրանիկ Ադամյանի, Արմեն Գյուլբուդաղյանցի, նույն Վարդան Մինասյանի, բայց բոլոր դեպքերում հայ մասնագետները եղել էին ընդամենը ժամանակավոր պաշտոնակատարներ: Եվ եթե ՀՖՖ նախագահի հետ խնդիրներ ունենում էին արտասահմանցի մարզիչները, Վարդան Մինասյանը կունենար ու կունենար։ Իհարկե, դժվար թե այդ մասին նա բարձրաձայնի։ Այդ խնդիրները կարող են պայմանավորված լինել հավաքականի կազմի ընտրությամբ, մասնավորապես որեւէ մեկին հրավիրել-չհրավիրելով, կոնկրետ խաղացողների նկատմամբ վերաբերմունքով։ Իսկ պրոֆեսիոնալ, քիչ թե շատ ճանաչված որեւէ մարզիչ այդպիսի միջամտություն չի հանդուրժի: Այս ամենը մեզ հիշեցրեց, որ «Արարատ»-ը 70-ականներին հաջողությունների հասավ դրսից հրավիրված մարզիչների գլխավորությամբ՝ Ֆալյան, Պոնոմարյով, Մասլով, Սիմոնյան… Եվ հենց որ թիմի ղեկը վստահվեց տեղացի մարզչի, «Արարատ»-ը պարզապես քայքայվեց, քանի որ մարզչի գործերին սկսեցին միջամտել կենտկոմից, քաղկոմից…

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
Երեկ կայացան ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի հանդիպումները A-D խմբերում։ Ահա դրանց արդյունքները. «Բայեր»-«Շախտյոր»՝ 4:0, «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ռեալ Սոսյեդադ»՝ 1:0, «Ռեալ»-«Յուվենթուս»՝ 2:1, «Գալաթասարայ»-«Կոպենհագեն»՝ 3:1, «Անդերլեխտ»-ՊՍԺ՝ 0:5, «Բենֆիկա»-«Օլիմպիակոս»՝ 1:1, ԲԿՄԱ-«Մանչեսթեր Սիթի»՝ 1:2, «Բավարիա»-«Վիկտորիա»՝ 5:0։

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս