ԱՆՑԱԾ ԵԶՐԱՓԱԿԻՉԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ միայն չորրորդ փորձից Մադրիդի «Ռեալ»-ը կարողացավ ոչ-ոքի ավարտել հանդիպումը Լիոնում տեղի «Օլիմպիկ»-ի հետ: Վերջին վեց խաղաշրջաններում վիճակահանությունը այս թիմերին չորս անգամ ստիպել է միմյանց հետ մրցել չեմպիոնների լիգայի մրցաշարում:Եվ միայն Լիոնից «Ռեալ» տեղափոխված Կարիմ Բենզեմայի խփած գոլի շնորհիվ  «արքայական» ակումբի ֆուտբոլիստները կարողացան ոչ-ոքի կորզել Ֆրանսիայում: Հատկանշական է, որ «Ռեալ»-ի մարզիչ Ժոզե Մոուրինյոն Բենզեմային խաղադաշտ դուրս բերեց միայն 64-րդ րոպեին, իսկ հաջորդ րոպեին Ֆրանսիայի հավաքականի  ֆուտբոլիստը գոլ խփեց իր նախկին թիմի դարպասը: Գոնսալո Իգուաինի բացակայության պայմաններում «Ռեալ»-ի մարզիչը նախընտրում է  վերջերս «Մանչեսթր Սիթիից» տեղափոխված Էմանուել Ադեբայորին: «Ռեալ»-ի խաղերը  Իսպանիայի առաջնությունում հանդիսականներին սովորեցրել են, որ թիմն  առաջին րոպեներից արդեն նետվում է հարձակման եւ շատ արագ հասնում հաջողության: Սակայն Լիոնում տեղի ունեցած խաղում «Ռեալ»-ը,  թերեւս հիշելով նախկին պարտությունները, խաղը սկսեց շատ զգույշ եւ չէր փորձում մեծ ուժեր տրամադրել հարձակմանը: Երկրորդ խաղակեսը առաջինի լրիվ հակապատկերն էր: Նախ խաղի հաշիվը բացելու լավ հնարավորություն ուներ Քրիստիանո Ռոնալդուն, իսկ այնուհետեւ Սերխիո Ռամոսը: Բենզեմայի  խփած գոլին պատասխանեց «Լիոն»-ի բարձրահասակ հարձակվող Գոմիսը:Ինչեւէ, «Ռեալ»-ի համար տխուր վիճակագրությունն ավարտված է, սակայն թիմերի հնարավորությունը «Սանտյագո Բերնաբեո»-ում գրեթե հավասար է:Ի տարբերություն  «Ռեալ»-ի`  «Չելսի»-ն կարողացավ մրցակցի հարկի տակ  հաջողության հասնել  Դանիայի չեմպիոն  «Կոպենհագեն»-ի նկատմամբ 2:0 հաշվով:  Եվ   90 տոկոսով կարելի է ասել, որ նա արդեն հաջորդ փուլում է: «Չելսի»-ի կազմում երկու գնդակ խփեց Նիկոլա Անելկան: Մինչդեռ 50 միլիոն դոլարով գնված Ֆերնանդո Տորեսը այս անգամ եւս չկարողացավ բացել խփած գոլերի քանակը «Չելսի»-ի կազմում: Ամենահետաքրքիր մրցավեճը սպասվում է Միլանում, որտեղ չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշարի հաղթողը կընդունի նախորդ եզրափակիչում պարտության մատնված «Բավարիա»-ին: Հիշեցնենք, որ այդ խաղում «Ինտեր»-ը ուներ խաղային մեծ առավելություն եւ խփեց երկու անպատասխան գոլ: Թիմերը կարողացել են պահպանել իրենց կազմերը: Միակ բացառությունը «Ինտեր»-ի գլխավոր  մարզիչ Ժոզե Մոուրինյոյի տեղափոխումն է Մադրիդ: Այժմ թիմը գլխավորում է բրազիլացի Լեոնարդոն: Նա կարողացավ վերականգնել թիմի վստահությունը,  եւ արդյունքում այն յոթերորդ  հորիզոնականից  տեղափոխվեց երկրորդ հորիզոնական: «Ինտեր»-ի մարզիչը բավական համբերատար անձնավորություն է եւ ընդունում է իրեն տրված խորհուրդները: Նա անգամ հանդիպեց Մոուրինյոյին, որպեսզի լսի նրա կարծիքը, թե ինչպես կարող է «Ինտեր»-ը դուրս գալ անկումից: Նրա լրիվ հակապատկերն է «Բավարիա»-ի մարզիչ Լուի վան Գալը: Նա անգամ արհամարհում է Ֆրանց Բեկենբաուերին եւ թիմի նախագահ Ուլի Հենեսին: Այս անգամ, կարծում ենք, որ «Բավարիա»-ի հնարավորությունները մի փոքր ավելի նախընտրելի են, քանի որ հիմնական կազմ են վերադարձել Արիեն Ռոբենը եւ Ֆրանկ Ռիբերին:ԱԻՐՍ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ




Լրահոս