ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Երեկ՝ առավոտյան, արթնացա, պարզվեց, որ մեր թաղամասում ո՛չ գազ կա, ո՛չ ջուր: Ես տանից ընդհանրապես դուրս չեմ գալիս, ամբողջ օրը տանն եմ լինում եւ վստահ կարող եմ ասել, որ ոչ ոք չի զանգահարել եւ չի տեղեկացրել, որ հաջորդ օրն անջատելու են մեր թաղամասի գազի եւ ջրի մատակարարումը: Հիմա շենքի բնակիչները կանգնել են փաստի առաջ: Մի՞թե դժվար է զանգահարել բնակարան եւ տեղյակ պահել հաջորդ օրվա դադարեցումների մասին: Նախկինում այդպես էին վարվում:

Գոհար Բադեյան (Հարավարեւմտյան Բ-2 թաղամասի
մի խումբ բնակիչների անունից)

ՊԱՏԱՍԽԱՆ. Պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով հոկտեմբերի 24-ի ժամը 10:00-ից մինչեւ հոկտեմբերի 25-ի ժամը 18:00-ն դադարեցվելու է Մալաթիա վարչական շրջանի գազամատակարարումը: Դադարեցումների մասին պատշաճ կերպով իրազեկվում է բնակչությանը ԶԼՄ-ներով, ինչպես նաեւ տարածքային ծառայությունների կողմից: Մենք ուղարկում ենք կայքերին, ռադիոյով հրապարակում են, Հ2-ին ենք տալիս, եւ նրանք պարբերաբար այդ ծանուցումները կարդում են: Մենք տեղադրում ենք մեր կայքի ծանուցումների բաժնում, եւ, բնականաբար, այնտեղ տեղում լոկալ զգուշացումներ են արվում:

«Հայռուսգազարդ» ՓԲԸ


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
«Երեւանջուր» ընկերությունից մեզ տեղեկացրին, որ վթար էր եղել, եւ շուտ վերացրել են դրա հետքերը: Բայց քաղաքացիների նկարագրած իրավիճակը փաստում է այն մասին, որ պատասխանատու կառույցներն աշխատում են այնպես, ինչպես իրենց է հարմար: Նրանք ընտրում են հեշտ աշխատելաոճ՝ առանց մտածելու բնակիչների մասին: Նախկինում գործող կարգի նման անհրաժեշտ է հիմա էլ զանգահարել բնակարանները եւ մեկ առ մեկ բնակիչներին զգուշացնել առաջիկա անջատումների մասին: Եվ բոլորովին զարմանալի չէ, որ Հայաստանում նման չկայացած աշխատելաոճ են ցուցաբերում գրեթե բոլոր պետական կառույցներն ու հիմնարկները:




Լրահոս