Այո՛, խմբի անդամների միջև անհամաձայնություն կար. Ալեք Ենիգոմշյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչու Խորենացու փողոցում հանրությունը միայնակ մնաց: Այս հարցի պատասխանը ArmLur.am-ը փորձեց ստանալ Հակաճգնաժամային համակարգող խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանից:

-Պարո՛ն Ենիգոմշյան, բոլորը մեղադրում են Ձեզ, որ մարդկանց միայնակ թողեցիք: Ի՞նչն էր պատճառը, որ իրադարձություններն այդկերպ զարգացան:

-Իհարկե, ոչ մի հարց անպատասխան չի մնա: Ես խնդրում եմ սպասել, որպեսզի այդ պատասխանը կոլեկտիվ լինի, հավաքական, իմ սեփական տեսակետը չլինի:

-Տուն գնալու որոշումն ինքնակա՞մ կայացվեց, թե՞ հրահանգ էր:

-Նման հրահանգ չի եղել և չէր կարող լինել: Ինձ վրա և վստահ եմ՝ իմ գործընկերներից շատերի վրա ևս նման հրահանգ չէր կարող իջնել:

-Այս պահին հասարակությանը մտահոգում է համակարգող խորհրդի անդամների որոշումը, ինչի հետևանքով մարդիկ մենակ մնացին՝ առանց առաջնորդ… Արդարացի՞ են մեղադրանքները:

-Մեկ բան միանշանակ է՝ այդ պահին խառնաշփոթ տիրեց: Եվ դա բացասաբար ազդեց այդ մոբիլիզացիոն պրոցեսի վրա՝ անկախ յուրաքանչյուրի մեղքի աստիճանից: Այդ մեղքը առկա է: Թե ինչու տեղի ունեցավ այդ խառանաշփոթը, դա է հարցը: Համենայնդեպս, ճնշում եթե անգամ եղել է, ներդրված սադրիչներ եթե նպաստել են իրավիաճակի սրացմանը, ուղղակի ճնում չի կարող լինել, դա բացառված է:

-Պարո՛ն Ենիգոմշյան, հետարքրվե՞լ եք պարոն Մանուկյանի և մյուս վիրավորների առողջական վիճակից: Ինչպե՞ս են նրանք: Ներսո՛ւմ ի՞նչ վիճակ է տիրում:

-Ո՛չ, բացարձակ կապ չկա:

-Ելքը ո՞րն է լինելու, պարո՛ն Ենիգոմշյան:

-Այս պահին գուշակություններ անելը դժվար է: Վստահ եմ, որ առաջիկա մի քանի ժամերի ընթացքում նոր դիրքորոշումներով հանդես կգանք:

-Խմբի անդամների մեջ, կարծես, անհամաձայնություն կար: Ինչո՞վ էր դա պայմանավորված:

-Ես երբ ասում եմ՝ խառնաշփոթ կար, դա պայմանավորված էր նաև տարածքից եկած տեղեկությունների անորոշությամբ, ոչ հստակությամբ:

-Ի՞նչ տեղեկությունների մասին է խոսքը:

-Հարձակման մասին տեղեկությունները: Թե որքանով էին դրանք ճիշտ, սխալ… ՊՊԾ տարածքի վրա կատարված հարձակումը անհամաձայնություններ առաջացրեց:

Զրուցեց Քնար Մանուկյանը




Լրահոս