ՍՈՍ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԻՆ «ԱՆՏԵՐՈՒԹՅԱ՞Ն» ԵՆ ՄԱՏՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծաղկակաղամբն ու սունկը որոշ բժիշկների կարիերայի համար իսկական պատուհաս դարձան: Հոկտեմբերի 24-ին դերասան Սոս Ջանիբեկյանը վատացել է, եւ նրա համար շտապօգնություն էին կանչել: Ֆեյսբուքյան իր էջում երեկ Սոս Ջանիբեկյանի մայրը` Աննա Աղասարյանը, պատմել է, թե ինչպես են վարվել իրենց հետ շտապօգնության բժիշկը եւ բուժքույրը:
«Երեկ, վերադառնալով Մոսկվայից (ռուսական ֆիլմի նկարահանումներ), տղաս վատացավ, շտապօգնության մեքենան մեզ տարավ հիվանդանոց:
Բժիշկ- Ի՞նչ է սրսկել շտապօգնության բժիշկը։
Ես- Այդտեղ չի՞ գրված։
Բժիշկ- Չէ, բա մենք հիմա ո՞նց իմանանք՝ ինչ է սրսկել, որ մենք նույն բանը նորից չսրսկենք։
Ես- Նա պարտավոր էր գրել, չէ՞։
Բժիշկ- Մոռացել է:
Սոսը շարունակ փսխում էր, անձեռոցիկ եմ խնդրում (իմ վերցրածը վերջացել էր):
Բժիշկ- Չկա, սա հիվանդանոց է, կաֆե չի, որ անձեռոցիկ տանք:
Ես- Խնդրում եմ, գոնե բինտ կամ բամբակ տվեք:
Քիչ անց «դաժանության» քույրը բերում է… զուգարանի թուղթ երեւի մոտակա զուգարանից, ու ես սարսափով նայում եմ, թե անօգնական որդիս ինչպես է դրանով մաքրում բերանը:
Բժիշկ- ԲԱԿ անալիզ պիտի արվի:
Ես- Արեք:
Բժիշկ- Մենք չունենք:
Ես- Ո՞վ ունի, որտե՞ղ կա:
Բժիշկ- Նորքի հիվանդանոցում:
Նորից շտապօգնություն են կանչում: Սոսը դողացնում է: Վերմակ են գցում վրան: Վերմակի վրա չորացած փսխանքի հետքեր են:
Ես- Վերմակը կեղտոտ է։
Բուժքույր- Շտապօգնությունը լվացքատուն չունի:
Ես- Բայց կարող է դուք սրանով տիֆով հիվանդ եք տեղափոխել եւ հիմա գցել եք իմ երեխու վրա։
Բուժքույր- Դե մենք ի՞նչ իմանայինք, որ հիվանդը Սոս Ջանիբեկյանն է:
Ես- Ես թերթում կգրեմ այս մասին:
Բժիշկ (խառնվելով խոսակցությանը)- Դրանից բան չի փոխվի: Մենակ մեզ գործից կհանեն: SOS!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!»:
Այնուհետեւ դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժողովուրդ ջան, շատ զգացված եմ մտահոգության համար: Ուղղակի անհատական այդքան չպատասխանեմ: Մոսկվայում թունավորվել էի, հիմա լավ եմ արդեն։ Ծաղկակաղամբից եւ սնկից զգույշ եղեք»: Ինչպես պարզեցինք, դերասանին շտապօգնությունը տեղափոխել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:
Ինչպես ՀՀ ԱՆ բժշկական քաղաքականության վարման վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը «Ժողովուրդ»-ին հավաստեց, ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրվելու է պատահածը։ «Սա անթույլատրելի երեւույթ է, բայց, քանի որ համապատասխան փաստեր չունենք դեռ, չենք շտապի մեղադրանքներ ներկայացնել բժիշկներին»,- ասաց Ծ. Վարդանյանը: Հարցին, թե բժիշկների անբարեխիղճ վերաբերմունքը հաստատվելու դեպքում ինչ է սպասվում նրանց, Վարդանյանը դժվարացավ պատասխանել. «Համապատասխան միջոցները կձեռնարկվեն, բայց նախ խորհրդակցության նման մի բան կհրավիրենք»,-ասաց նա:
Նշենք, որ «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը եւս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ անպայման կպարզեն՝ ինչ է տեղի ունեցել:
Այսպիսով, մեր բժշկական համակարգի մասին պատմող «ողբերգական» այս պատմությունը, հազարավոր մյուսների նման անտարբերության մատնվելով, սուսուփուս կվերանար, եթե հիվանդը հասարակական ուշադրությունը չբեւեռեր խնդրի վրա: Սրանից հետեւություն. եթե բժիշկներն իրենց բարեխիղճ չեն պահում, պետք է աղմուկ բարձրացնել, քանի որ «մինչեւ երեխան չի լացում, մայրը չի կերակրում նրան»:

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս